ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ
     Յուրաքանչյուր փորձառու և խելամիտ հոբելյարի հատուկ է՝ մի պահ սևեռվել, անցած ուղին քննել դրվագ առ դրվագ և ապա արդարամտության կշեռքով ու խղճի մտոք կշռելուց հետո այդ շարժանկարի հում նյութից մոնտաժել, թողնել կարևորը, արժանին, ուսանելին, առանցքայինը և այդպիսով ամփոփել անցած ճանապարհի հացը և դնել այսօրվա սեղանին։
     Այս կերպը որքան հատուկ է անհատին, նույնքան էլ՝ որևէ կազմակերպության։
     Հայաստանի գրողների միությունը 80 տարեկան է։ Նա ետ է նայում և բազմիցս վերլուծված ինքնակենսագրության էջերում չի կարող վերստին չտեսնել ստեղծագործական հաջողություններ, ցավ ու դառնություն, ստալինյան բռնապետության դաժան արհավիրք, որին զոհ գնացին մեր մեծերից Չարենցը, Բակունցը, Թոթովենցը։ Դատապարտելով անհատի պաշտամունքի համատարած մամլիչի գազանային դեմքը, հոբելյարը ցավով և ինքնադատության խիզախումով փաստում է, որ այդ մսաղացի ատամների տակ հայ գրողներից ոմանք չէին խորշում նետել իրենց գրչակից ընկերների մարմինն ու հոգին։
     Մխիթարականն այն է, որ բազմաթիվ գրողներ պահպանեցին տաղանդավոր մարդուն առանձնացնող մաքուր և աննախանձ կենսակերպը։ Հովհաննես Թումանյանի «Վերնատուն» գրական եղբայրության ուժը շարունակվում էր Իսահակյանի և Դեմիրճյանի բարեպատեհ ներկայությամբ։ Ի հեճուկս այս դժնի տարիների, հայտնվել էին երիտասարդ տաղանդավոր գրողներ, որոնց մի մասին ոտնատակ կտա 2-րդ համաշխարհային պատերազմը, մյուսները կդիմանան ու կստեղծեն բարձր գրականություն։ Գրչի և զենքի միասնության ժամանակ էր։     
Մեծ եղեռնի վերքերը չէին սպիացել, բայց դրա մասին խոսելն ու գրելը ազգայնության պիտակով էր հաճախ նշավակվում։ Մնում էր պատմության խորքերից պեղել հայրենապահպանության ու ազգային նկարագրի կարևորությունն հաստատող թեմաները, որոնց հիմքի վրա ստեղծվեցին կոթողային վեպեր, պոեմներ, դրամաներ (այժմ դասական համարվող)։     
Պատերազմն ավարտվեց, սակայն ազգային մտածողության դեմ թաքուն և բացահայտ պայքարը վերջ չունեցավ։ Դրան գումարվեց ֆորմալիզմի անվան տակ մշակույթի ու գրականության հալածանքը։ Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը և այլ գրողներ բանտերում և աքսորավայրերում էին։ Պատերազմի տարիներին թրծված սերունդ կար, որը ոտքի էր կանգնել, փորձում էր Չարենցի և Բակունցի արգելված հանճարեղ գրքերի ընթերցողն ու նրանց ավանդների շարունակողը լինել։
Ժողովուրդը փնտրում էր գիրքը, գրողները տպագրվում էին բազմահազար տպաքանակներով, հատկապես ազգային թեմաներով գրքերը։ Այս երկերը իրենց գեղարվեստի ուժով նախապատրաստեցին 1965 թվականի ազգային ինքնագիտակցության պոռթկումը։     
Ժողովուրդը գրականության մեջ փնտրում էր ճշմարտություն, ազատություն, հայրենասիրություն։ Խրուշչովյան ձնհալից հետո 60-ականների սերունդը բացված առագաստներով մղվեց Արևմուտք և Արևելք, անցյալի ու ներկայի՝ նախկինում արգելված թեմաների դյութիչ տարածքները։     
Եկավ նաև «Գարուն» ամսագրի ժամանակը։ Այս հզոր թափի հզոր ակորդն համընկավ գորբաչովյան պերեստրոյկան լուրջ ընդունած Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ընդվզման հետ։ Արցախի և Հայաստանի գրողների միությունները կիզակետում էին։ Երկրապահի շտաբը ՀԳՄ շենքում էր։ Բանակաշինության, անկախ պետականության կառուցման գործում և պատերազմի դաշտում գրողների անունները ետին շարքերում չէին։ Նորից գրչի ու զենքի միասնության ժամանակն էր։
Խորհրդային Միության անվանի գրողների շարքում հռչակվում էին հայ բանաստեղծների ու արձակագիրների անուններ, նրանց գրքերը թարգմանվում էին օտար լեզուներով։ Տպաքանակները վայել էին աշխարհի մեկ վեցերորդ մասը տիրապետող երկրին։ Հոնորարները զգալի էին, սոցիալական հարցերը լուծվում էին պետական միջոցների հաշվին։ Սակայն ոչ ոք չի կարող ժխտել, որ այս ամենի հետ գործում էին նաև հանրապետությունների միջև քանոնով գծված սահմանները, միակուսակցականության ու գաղափարախոսության ոչ պակաս կոշտ սահմաններն ու սահմանափակումները։     
Բազմաթիվ ազգամիջյան, սահմանային, քաղաքական, մարդու իրավունքների, դեմոկրատական խնդիրների թեժ, եռացող հողմերն ու փոթորիկները քանդեցին Խորհրդային Միությունը։     
Շատերը մտավախություն ունեին, թե անկախացած Հայաստանի Հանրապետությունը կարող է մնալ հսկա պետության փլատակների տակ, սակայն դժվարին մաքառումով ոչ միայն կանգուն մնաց, այլև Արցախին թիկունք եղավ, հայության միասնականության հրով թրծվեց Հաղթանակի սուրը։ ՀԳՄ 70-ամյակին նվիրված խոսքում Լևոն Անանյանը գրել է. «Անկախության գլխապտույտ արբեցումը, պատերազմը, սոցիալական խոր ճգնաժամը՝ վայրի շուկայի չվերահսկվող բարքերով, որոշ տեղատվություն ու նահանջ արձանագրեցին մեր գրականության դաշտում։ Սակայն վերջերս առկա է նկատելի բեկում ինչպես գրողի հանիրավի խաթարված հեղինակության վերականգնման, այնպես էլ գրահրատարակչության խթանման, գիրք-ընթերցող կապի աշխուժացման ոլորտներում»։     
Իսկ վերջին տասնամյակում անուրանալի ջանքով ՀԳՄ¬ն ընդարձակեց հայ գրականության քարոզչության և տարածման սահմանները, բազմաթիվ լեզուներով հրատարակվեցին հայ գրողների գրքեր, անթոլոգիաներ։ Ավանդական դարձան սփյուռքահայ և օտարագիր հայ գրողների համաժողովները։ Փաստենք, որ այլևս ՀԳՄ անդամ են սփյուռքահայ գրողները։     
Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելուն, կարծում ենք, նպաստել էր նաև Հայաստանի գրողների միության գործունեությունը, նրա ներկայությունը բազմաթիվ միջազգային գրքի ցուցահանդեսներում, փառատոներում։     
Այժմ ՀԳՄ-ն ունի իր հրատարակչությունը, տպարանը։ Նրա անմիջական գլխավորությամբ են վերականգնվել Մանկապատանեկան գրքի շաբաթը, Թարգմանչաց տոնը, Վարդատոնը, Գիրք նվիրելու օրը, դասական գրողների մեծարման օրերը։ 2013 թվականին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց պոեզիայի միջազգային փառատոն։
Հրատարակվում են ժամանակակից գրողների գրքերը, թարգմանիչների և գրականագետների երկերը։ Գործում է գրական մամուլը։
Մեր Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները աշխարհում, երևի, եզակի, անվճար հանգստանալու և ստեղծագործելու հնարավորություն են տրամադրում մեր միության անդամներին։     
Որոշակի գործունեություն է ծավալել Համահայկական գրական հիմնադրամը։     
Սակայն պիտի նշենք, որ այսօրվա ընդարձակված գրական դաշտի կարիքները համարժեք պետական և մասնավոր աջակցության պահանջ ունեն։
Ամեն տասնամյակ իր խնդիրներն է առաջադրել, թվում է, մեր պատմությունը խտացված ներկայացել է մեզ, գումարած նոր մարտահրավերներ՝ գլոբալացում, Արցախի հիմնահարցի արդարացի լուծում, Մեծ եղեռնի ճանաչման ու հատուցման պահանջ, հայ ինքնության պահպանման կամք, երկրի կողմնորոշման քաղաքականության հարց, արտագաղթը ներգաղթի վերածելու գործնականություն։     
Հավատացած ենք, որ միայն տաղանդավոր գրականությունն է ի վիճակի այս բախտորոշ, ճակատագրական ու կենսական հարցերն ամփոփել սեղմ, ջղուտ բջիջներում ու հյուսվածքներում և ապագային պարզել այս ժամանակի ճշմարիտ քարտեզը։ Այսպիսի գրականության պահանջ ունեն աշխարհի բոլոր լավ ընթերցողները։ Կարծում եմ մեր երկիրն ու ժողովրդի ոգին աշխարհին ներկայացնելու ամենաճշմարիտ ճանապարհն է սա։     
Գուցե միամտորեն կարծում եմ նաև, որ գրականությունն է մեր պատմության, պետականության և ապագայի անկյունաքարը։     
Այսօր ոմանք վիճարկում են ստեղծագործական միությունների լինել-չլինելու հարցը։ Մարդկությունը, բարեկամներ, գնում է միությունների, այսինքն՝ ընկերակցությունների ստեղծման ճանապարհով։ Փաստերը հայտնի են։ Գրողների միությունը այսօր ևս մնում է գրական մշակների օջախ, նրանց հոգսը, որոշ առումով գրական կյանքը կազմակերպելու կառույց։ Այնպես որ ՀԳՄ-ն իր կառուցողական կեցվածքը կցուցանի նաև ապագայում, հարստանալով յուրաքանչյուր գրողի հոգևոր տուրքով։     
Հայաստանի գրողների միության ամեն անդամ անհատական իր ուղին ու գեղարվեստի ըմբռնումն ունի, սակայն միասնական ենք մի հարցում՝ ազնիվ ու ճշմարիտ լինել սպիտակ թղթի առջև։     
80-ամյա մեր միությանը սպասում են գալիքի երգասանները։     
Գողթան երգիչների սովորությամբ միանանք նրանց՝ շարունակելու բանն, որն ի սկզբանե էր և անվերջ։