Բանավեճի ակումբ

Բանավեճ` մանկապատանեկան գրականության հիմնախնդիրների շուրջ

 

Բանավեճ` մանկապատանեկան գրականության հիմնախնդիրների շուրջ

Հունիսի 30-ին ՀԳՄ Կլոր սրահում բանավեճի ակումբի շրջանակում տեղի ունեցավ քննարկում «Մանուկների և պատանիների աշխարհը գրականության մեջ և արվեստում» թեմայով:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում տեղեկացրեց, որ արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ հարցումներ են անցկացվել` իմանալու, թե վերջին 20-25 տարում ինչ կինոնկարներ, թատերական ինչ ներկայացումներ են արվել ժամանակակից գրականության հենքի վրա: Նրա հավաստմամբ` մանկապատանեկան գրականությունը շատ քիչ է ուսումնասիրվում: «100 տարի առաջ էլ նույն մտահոգությունն է եղել: Դա երևում է նաև մանկապատանեկան գրականության մասին Հովհաննես Թումանյանի զրույցներից»,- ասաց նա:

Մելանյա Գիլավյանը ներկայացրեց իր նկատառումները արդի մանկական գրականության հիմնախնդիրների ու առաջընթացի հեռանկարների վերաբերյալ: Ըստ նրա` լինելով ընդհանուր գրականության անբաժանելի մասը և առաջընթացի հիմնական ուղղություններով առնչվելով ժամանակի գեղագիտական միտքն զբաղեցնող խնդիրներին` մանկապատանեկան գրականությունը դրսևորում է նաև յուրահատկություններ, որոնք պայմանավորված են նրա ընթերցողի զարգացման տարիքային ու մանկավարժահոգեբանական առանձնահատկություններով: Այնուհետև Մ. Գիլավյանն անդրադարձավ վերջին 5 տարվա գրական արտադրանքին, փորձելով արժանին մատուցել մանկագիրներին ու հայտնել իր մտահոգությունը՝ պայմանավորված մանկապատանեկան գրականության առաջընթացի հեռանկարներով:

Սուրեն Մուրադյանը, անփոխարինելի համարելով մանկական գրականության առաքելությունը, դաստիարակչական դերն ու նպատակը և հաշվի առնելով, որ մանկական գրքերը շատ քիչ տպաքանակով են լույս տեսնում ու չեն հասնում ընթերցողին, առաջարկեց դիմել հեռուստաընկերություններին` պարբերաբար մանկական գրականությանը նվիրված հաղորդումներ կազմակերպելու համար: Նա անդրադարձավ նաև դասագրքերում ժամանակակից մանկապատանեկան գրականության ընդգրկվածությանը:

Անուշ Վարդանյանը ցավով փաստեց, որ այսօր ոչ մի թատերագետ ու թատերական գործիչ չի հետաքրքրվում ժամանակակից մանկագրի ստեղծագործությամբ` այն բեմադրելու, կամ կինոռեժիսորը` մուլտֆիլմի վերածելու նպատակով: Նա միաժամանակ նշեց, որ «Ծիծեռնակ» ամսագիրը պայքարում է ժամանակակից յուրաքանչյուր մանկագրի ստեղծագործության հրապարակման համար: Ա. Վարդանյանը բարձրացրեց ևս մի քանի հարցեր, որոնցից մեկն էլ մանկագրությունը պետական մրցանակի ներկայացման անհրաժեշտությունն է: «Համոզված եմ, որ մեր գրողները ստեղծում են այն գրականությունը, որն արժանի է ներկայացվելու մեր մանուկներին և մրցակցում է մեր դասականների հետ»,- ընդգծեց նա:

Ռուբեն Մարուխյանը տեղեկացրեց, որ երկար տարիներ լինելով Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը` 40-ից ավելի պիեսներ է բեմադրել, որոնք եղել են հայ դրամատուրգների գործերը: Ըստ նրա` այսօր, սակայն, այդ հարցում չկա հստակ պետական գաղափարախոսություն` ազգային մտածողությամբ, ազգային արժանապատվությամբ, հայ լինելու ոգով սերունդներին դաստիարակելու նպատակամիտում:

Ըստ Լևոն Մութաֆյանի` փոխվել են հասարակարգը, հասարակական հարաբերությունները, պետության դերը հանրային-հասարակական, մշակութային կյանքում: Փոխվել է պետպատվերի գաղափարը: Թատրոններից դուրս է մղվել մի այնպիսի գաղափար, ինչպիսին է խաղացանկային քաղաքականությունը: Մշակույթի նախարարությունը տասնամյակներ շարունակ մշակում և առաջադրում էր խաղացանկային քաղաքականության որոշակի հայեցադրույթներ. յուրաքանչյուր թատրոն պարտավոր էր տարեկան մեկ ներկայացում տալ` ուղղված պատանիներին ու մանուկներին: Այսօր այդ սկզբունքը չկա: Պատանի հանդիսատեսի թատրոնը 15 տարի որևէ բեմադրության պետական պատվեր չի ստացել: ՀՀ տարածքում կա 4 պետական տիկնիկային թատրոն, որոնցից ոչ մեկը պետական պատվեր չի ստացել: 10 տարի կինոկենտրոնում որևէ մանկապատանեկան ֆիլմի սցենարի համար գումար չի տրամադրվել: Ամեն ինչ թողնված է թատրոնների հայեցողությանը: «Ժամանակակից հայ գրողը իր մտածողությամբ, իր բերած գեղարվեստաարտահայտչական համակարգով դուրս է մնացել թատրոնների ուշադրության դաշտից»,- ասաց նա: Լ. Մութաֆյանն անդրադարձավ նաև դպրոցներում տարվող քաղաքականությանը` նշելով, որ դպրոցը` որպես մշակութային օջախ, պետք է նպաստի գեղագիտական դաստիարակությանը: «Իսկապես, ունենք շքեղ մանկապատանեկան գրականություն, որը չի զիջում աշխարհում ստեղծվող մանկապատանեկան գրականությանը»,- վստահեցրեց նա:

Անահիտ Արփենի հավաստմամբ` արծարծված մտահոգությունները վերաբերում են նաև կինոարվեստին, որովհետև գտնվում են նույն մշակութային դաշտում: Եթե ժամանակակից գրողների 1-2 պիես  բեմադրվում է, ապա կինոյում դա չկա, և հիմնականում այն պատճառով, որ կինոարտադրությունը բավական ծախսատար է ու մեծ գումարների հետ է կապված: Նա կարևորեց պետական քաղաքականության դերը այդ գործում:

Լյուդվիգ Կարապետյանը անդրադարձավ սփյուռքահայ մանկապատանեկան գրականության խնդիրներին` նշելով, որ առ այսօր այն մեր գրականագիտության կողմից ուսումնասիրության առարկա չի դարձել: Այնինչ նրա ակունքները զուգահեռվում են բուն սփյուռքահայ գրականության ծննդյան ժամանակներին: Արշակ Չոպանյանը, Հակոբ Օշականը, Վահան Թեքեյանը, որոնք կանգնած էին արևմտահայ և սփյուռքահայ գրականության սահմանագծում, նաև սփյուռքահայ մանկապատանեկան գրականության հիմնադիրներն են եղել: Հետագայում սփյուռքահայ մանկապատանեկան գրականության զարգացմանը առանձին ստեղծագործություններով մեծապես նպաստել են  Համաստեղը, Վահե Հայկը, Մուշեղ Իշխանը, Հակոբ Կարապենցը և ուրիշներ: Նա ցավով փաստեց, որ անցած դարավերջին և նոր դարասկզբին սփյուռքահայ մանկապատանեկան գրականությունը լուրջ նվաճումներ չի ունեցել, քանի որ հիմնական հեղինակները պրոֆեսիոնալ գրողներ չէին, այլ մանկավարժներ, և հուզող խնդիրների արծարծումը հետին պլան է մղվել:

Ելույթ ունեցան նաև Վաչագան Ա. Սարգսյանը, Սիլվա Աչոյանը, բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը, Ռոզա Եղիազարյանը, նկարիչ-ձևավորող Արայիկ Բաղդասարյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը: Ելույթներում արծարծվեց նաև այն միտքը, որ դպրոցները պետք է նպաստեն Կրթության և գիտության նախարարության կողմից հովանավորվող մանկապատանեկան մամուլի կամավոր բաժանորդա­գրությանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Կյանքի զգացողություն «Երիտասարդ գրողների անթոլոգիայում»

Կյանքի զգացողություն «Երիտասարդ գրողների անթոլոգիայում»

Մարտի 5-ին ՀԳՄ «Բանավեճի ակումբում» տեղի ունեցավ «Երիտասարդ գրողների անթոլոգիա» գրքի քննարկումը: Անթոլոգիայում ընդգրկված են 16 բանաստեղծի, 18 արձակագրի և 1 դրամատուրգի ստեղծագործություններ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ուրախալի փաստ համարեց անթոլոգիայի հրատարակումը, որտեղ ընդգրկված հեղինակների մի մասը գրքեր ունեն, ՀԳՄ անդամներ են և արդեն որոշակի քայլեր են արել գրականության մեջ, ինչպես նաև` կան անուններ, որոնք դեռ գրքերի հեղինակ չեն, տպագրվել են թերթերում, ամսագրերում: «Այս հեղինակների` իրար կողք լինելը տարբեր գույների, ձևերի, ասելիքների, գրական խոսքի կառուցվածքների և այլնի հետաքրքիր ցուցափեղկ է դառնում»,- ասաց նա: Էդ. Միլիտոնյանը կարևորեց ասելիքի մեջ բառի  ունեցած դերը` ոչ թե անաղարտ գրելու կոչ անելով, այլ պարզապես բառը գրելիս նրա նշանակության, նպատակի, դերի վրա ուշադրություն դարձնելով: «Հայհոյանքը խիզախում չէ: Դա գրականության համար երբեք խիզախում չեմ համարել, կարող են բաց տեսարաններ նկարագրվել, բայց գրականություն լինի: Իմ ցանկությունն է ոչ թե գրականությունը մաքրել նման բաներից, այլ բառը իր տեղում տեսնել»,- ընդգծեց նա:

Դրամատուրգ, «ԳԹ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը կարևոր համարեց անթոլոգիայում ընդգրկված ստեղծագործություններում կյանքի զգացողության առկայությունը: «Այսօրվա երիտասարդությունը հորինովի թեմաներով չի խաբում ո՛չ իրեն, ո՛չ էլ ընթերցողին»,- շեշտեց նա: Կ. Խոդիկյանը հանգամանորեն անդրադառնալով Մ. Քոչարյանի, Ա. Պետրոսյանի, Մ. Բեյլերյանի, Գրիգի, Ա. Ազատյանի, Հ. Իշխանյանի, Ռ. Գրիգորյանի արձակ գործերին, նշեց. «Պատմվածքների մեծ մասը մի մարդու կյանքի պատմությունն է, ինչը ես շատ եմ կարևորում: Գրողի կիզակետը դառնում է մարդը, որն ընդհանրացումների է տանում»:

Գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի կարծիքով երիտասարդները շահագրգռված են կյանքը ընկալելու և գեղարվեստորեն արտացոլելու նոր միջոցների որոնմամբ: Ո՞րն է այսօրվա մեր իրականությունը, ինչի՞ց է բաղադրվում, ի՞նչ բնորոշիչներ ունի և այդ ամենը երիտասարդ գրողները ինչպե՞ս են ընկալում` իր ելույթում բանախոսը հիմնականում անդրադարձավ այս հարցերին: Ըստ նրա` իրականության դառնությունները, արատները մեր գրականության մեջ որոնումների հարցեր են առաջացնում: «Եթե մի գրականություն ինձ լույսի տեղը ցույց չի տալիս և չի տալիս այն ջերմությունը, որ ինձ պիտի ապրեցնի, մղի լավատեսության ու դուրս գալու վատթար իրականությունից, այդ գրականությունը կորցնում է իր ընթերցողին»,- ասաց նա: Պ. Դեմիրճյանն անդրադարձավ նաև բառերի, արտահայտչամիջոցների խնդրին: Դեմ լինելով փողոցային ժարգոնի լեզվով գրված պատմվածքներին` նա ընդգծեց, որ ցանկացած ժարգոն կամ բարբառ պետք է լինի հերոսի կերպարի տիպականացման միջոց: Որպես ամփոփում, գնահատելով կատարված աշխատանքը` անհրաժեշտ համարեց նման ժողովածուներ կազմելիս խստորեն հետևել գեղագիտական չափանիշների պահպանմանը: «Գրականության մեջ ամենաթողությունը ամենավտանգավոր բանն է»,- ասաց նա:

Արձակագիր Սուսաննա Հարությունյանը նշեց, որ աշխատել են ընդգրկել բոլոր այն հեղինակներին, ովքեր քիչ թե շատ ներուժ ունեն վաղը գրող դառնալու: Ըստ նրա` այս անթոլոգիան ավելի շատ սոցիալական, քան գրական հետազոտության առարկա է:

Ըստ թատերագետ Լևոն Մութաֆյանի` թե՛ ասելիքի, թե՛ արտահայտչամիջոցների, թե՛ վարպետության, թե՛ թեմատիկ բազմազանության, թե՛ ժանրա-ոճային խնդիրներ լուծելու առումով շատ հասուն են երիտասարդ գրողները, ավելի կայացած, ինքնատիպ և ավելի ժամանակահունչ: Միևնույն ժամանակ նշեց, որ հատկապես բանաստեղծների մոտ աչքի է զարնում գավառային մոդեռնի նկատմամբ ծնրադրումը, այնինչ անցել են հիացնելու, զարմացնելու ժամանակները: «Այսօր համաշխարհային և մեր ազգային գրականությունը այնքան բազմազան ու բազմաշերտ է դարձել, որ պարզունակ, սրճարանային մթնոլորտին բնորոշ հիացումներով կամ բառի, պատկերի արտառոցության միջոցով կառուցել գրական երկը պարզապես ծիծաղելի է»,- ասաց Լ. Մութաֆյանը: Նրա հավաստմամբ` համաշխարհային պոեզիայում տեղի ունեցող կերպափոխումների, մետամորֆոզների արտացոլումներ կան Գոռ Հարությունյանի, Արա Ալոյանի, Հրաչյա Մելիք-Սարգսյանի, Դավիթ Մշեցու բանաստեղծությունների մեջ: Խոսելով Էլֆիք Զոհրաբյանի «Թեթև տարեք» պիեսի մասին` նշեց, որ սյուժեի կառուցման առումով հեղինակը տարորոշումների մեջ է: «Ինձ հետաքրքրում է այն գրականությունը, որը կռիվ ու պայքար է բերում»,- հավելեց Լ. Մութաֆյանը:

Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի կարծիքով անթոլոգիայի նպատակն է` ներկայացնել ժամանակակից գրական դաշտը որքան հնարավոր է սեղմ տարածքի մեջ, այն ցույց է տալիս ժամանակի պատկերը, թե  ժամանակը, հասարակարգը, իրավիճակը ինչպես են ազդում գրականության վրա:  Այս իմաստով` «երևում է, թե այս ժամանակահատվածի սերնդի վրա ինչ ազդեցություններ են եղել»,- նշեց նա:

Ելույթ ունեցան նաև Անի Տեր-Գուլանյանը, Արա Ալոյանը, Գոռ Հարությունյանը և ուրիշներ:

Հայրենիք – Սփյուռք. միասնական գրականություն

Հայրենիք – Սփյուռք.

միասնական գրականություն

Սեպտեմբերի 23-ին ՀԳՄ Կլոր սրահում «Բանավեճի ակումբի» շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ գրողների հետ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով հյուրերին` Հովսեփ Նալբանդյանին (ԱՄՆ), Սարգիս Կիրակոսյանին (Լիբանան), Անդրանիկ Խեչումյանին (Պարսկաստան), Ալբերտ Օհանյանին (ՌԴ), Կիրակոս Գույումճյանին (Քուվեյթ), Համբիկ Մարտիրոսյանին (Լիբանան), նշեց, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ժամանակակից հայ գրականությանը, գրական առնչություններին, արևելահայ և սփյուռքահայ գրականություններին վերաբերող հարցեր, կխոսվի այսօրվա գրականությանը հուզող հիմնահարցերի մասին:

«Բանավեճի ակումբի» նախագահ Պետրոս Դեմիրճյանը  նշեց, որ դեռևս 100 տարի առաջ էր սկսվել մի շարժում, որը խնդիր էր դրել միավորել, միասնականացնել արևմտահայ և արևելահայ գրականությունը, իրար մերձեցնել արևելահային ու արևմտահային, որն ընդհատվեց Մեծ եղեռնով: Երկրորդ անգամ այդ շարժումն ընդհատվեց ստալինյան բռնապետության հետևանքով, երկու անգամ այդ գրական ՛շարժումը գլխատվեց, զոհվեցին մեր առաջատար գրողները, որից հետո գրականությունը կարծես թե սկսվում էր զրոյից: Նրա հավաստմամբ՝ եթե անցած մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանում ապրող հայ գրողը և Սփյուռքում ապրող հայ գրողը այլ աչքով էին նայում մեր իրականությանը և մեր գրական արժեքներին, գրականության խնդիրներին, ապա այսօր ինքնաճանաչողության խնդիր կա, և դա պետք է միասին սկսել` որպես միասնական շարժում:

Կալիֆոռնիայի գրողների միության անդամ Հ. Նալբանդյանը անհրաժեշտ համարեց երկուստեք հաղթահարել արևելահայերենի և արևմտահայերենի ուղղագրությանը վերաբերող խնդիրները` ընդգծելով, որ այդ հիմքերը իրար մոտեցնելու գործում մեծ դեր ունի գրողը որպես գեղարվեստական մտքի արտահայտիչ, որպես հասարակության հոգեբանությունը ժողովրդին բացող անհատ: «Արևելահայ գրողը պարտավոր է կարդալ նաև արևմտահայերեն, և հակառակը»,- շեշտեց նա:

Ըստ Սարգիս Կիրակոսյանի` «այսօր ավելի շատ կարիք ունենք հայ գրականությունը վերածել հայ մարդու առօրյայի ընթացք կազմող կենդանի շնչող իրականության»: Իսկ դա, նրա հավաստմամբ, սկսվում է դպրոցից` գրող-աշակերտ հանդիպումներից:  Նա առաջարկեց Հայաստան-Սփյուռք համագործակցությամբ մատենաշարեր հրատարակել աբեղյանական ու դասական ուղղագրությամբ՝ ընդգրկելով նույն ժամա- նակաշրջանի թե՛ հայաստանյան, թե՛ Սփյուռքի գրողներին:

Ալիս Հովհաննիսյանի կարծիքով, միասնականության հասնելու լավագույն միջոցը հայաստանյան դպրոցներում արևմտահայերենի, իսկ Սփյուռքի դպրոցներում` արևելահայերենի ուսուցումն է:

Գրական արժեքները միասնականության մեջ քննելու, նմանատիպ հանդիպումները հաճախակի դարձնելու, հայաստանյան գրականությունը Սփյուռքի, իսկ Սփյուռքի գրականությունն էլ հայ ընթերցողին հասցնելու մասին կարծիքներ հայտնեցին նաև Ա. Ավագյանը, Ա. Օհանյանը, Հ. Մարտիրոսյանը, Կ. Գույումճյանը, Ա. Խեչումյանը:

Հանդիպման ավարտին որոշվեց Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառոււցված հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման առթիվ հանդես գալ միասնական հայտարարությամբ:

«Գրականությունը դասագրքերում»

«Մեր ժամանակի հերոսը…»