ԱՇԽԱՐՀԸ ԽՆԴԱ՞, ԹԵ՞ ԼԱ, ԹԵ՞…

ԱՇԽԱՐՀԸ ԽՆԴԱ՞, ԹԵ՞ ԼԱ, ԹԵ՞…

2023 թվականի հունվարի 23-ին կլրանա Լեռնային Ղարաբաղի ավագագույն բանաստեղծ, բանասիրության դոկտոր-պրոֆեսոր Սոկրատ Խանյանի 93-րդ տարեդարձը։ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ես խոսում էի նրա հետ և նրա ձայնի հետ ինձ էր հասնում անկոտրելի ոգու, պայծառ հոգու ելևէջները։ Թեպետ նա հույս չուներ, որ Բաքուն պիտի լսի ՄԱԿ-ի, ԵՄ-ի և այլ հարգարժան միջազգային կազմակերպությունների ու երկրների պահանջն ու հորդորը՝ բացել Լաչինի միջանցքը, քանզի նրա կյանքի փորձը հուշում էր՝ Ալիևը միայն կընկրկի ռեալ ուժի դեմ, եթե, իհարկե, համաձայնի իր հայր ու թիկունք Թուրքիան, ինքնակոչ խաղաղասեր-միջնորդ (Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև) և հընթացս Սիրիայի, Իրաքի, Հունաստանի վրա ռումբեր նետող և մատ թափ տվող։ Էդ միջնորդ-խաղաղասերն էլ Ուկրաինա բայրաքթար է ուղարկում, Ռուսաստանից հացահատիկ է ընդունում ու գազ է ամբարում մեծահոգաբար բաշխելու Եվրոպային ու էլ չգիտես ուր, հա, ձեռի հետ էլ միշտ հիշեցնում Մոսկվային, թե Ղրիմը չի ճանաչում Ռուսիայի մաս, երևի մտքում՝ ոչ էլ Ուկրաինայի, այլ իր հողն է, իրենն է եղել։ Ահա այսպիսի միջազգային լարախաղացություն։ Մեկ ՆԱՏՕ-ի անդամ հավատարիմ, մեկ ՆԱՏՕ-ի թշնամի Պուտինին ընկեր հայտարարում իրեն։ Երկու կողմերը և ավելի՝ Ամերիկան էլ վրադիր, չգիտես խնդան, թե լան, թե սպասեն այն օրը, երբ լարախաղացը կամ երկինք կթռչի, կամ կընկնի վար, կամ Մեծ ուժերի ձեռքին մի ուրիշ դեր կստանձնի։

Իմ սիրելի ավագ գրչեղբայր, դու հույս չունես, որ Ադրբեջանը բանի տեղ կդնի դեմոկրատական հորդորները, բայց չես հուսահատվում՝ փակել են, իրենք էլ կբացեն։ Արցախցին կդիմանա, իր հողը չի լքել և չի լքի։ Ռուս դիվանագետն ասաց, թե Լաչինի միջանցքը կիսով չափ է  փակ։ Բա որ կիսով չափ էլ բաց է, բա ինչո՞ւ ոչ մի մարդատար մեքենա չկա ճանապարհին, բա ինչո՞ւ ռուս խաղաղապահների բեռնատարներն են արգելում գնալ Ստեփանակերտ։ Սա դեռ կանաչներն են, բա՞ որ մի օր էլ կապույտները գան, հետո դարչնագույները, հետո սևերը… Հա, եթե ճամփեն կիսով բաց է, բա ինչո՞ւ է արցախցի գրող Կիմ Գաբրիելյանը Գորիսում, թե՞ չի ուզում գնալ իր տուն՝ Ստեփանակերտ։ Այս ամենի մեջ մի մխիթարական բան կա, Ալիևն ասում էր, թե Լեռնային Ղարաբաղը չկա, վերջ, ապա հիմա նա ինքը ապացուցեց, որ կա և ինքն էլ շրջապատել, փակել է խեղդամահ անելու, սակայն մեծահոգաբար՝ զորք չի ուղարկել, այլ գեներալ  ու կապիտան բնապահպանների։

Հիմա աշխարհը խնդա՞, թե՞ լա, թե՞ Բաքվից ստացվող գազից ոգևորվի և ապագայում Բաքվից կանաչ էներգիա առաքելու համաձայնագրի ստորագրման արարողության պահին ԵՄ բարձր պաշտոնյա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նման հրեշտակի պես ժպտա, երբ նույն այդ պահին 92-ամյա արցախցի Սոկրատ  Խանյանը բանտված է իր քաղաքում։ Հարգելի Ուրսուլա, դուք կարծեմ 5 երեխայի մայր եք, Աստված պահի նրանց, պատկերացրեք, նրանցից մեկը արցախցի գրող Կիմ Գաբրիելյանի պես չի կարողանում հասնել իր տուն։ Արցախի գրողների միության նախագահի՝ Վարդան Հակոբյանի որդին էլ չի կարողանում վերադառնալ տուն։ Ի՞նչ կանեիք։ Արեք հիմա հանուն դեմոկրատիայի, մարդու իրավունքների գերակայության։ Վստահ եմ Ձեր դեմ կբացվեր Լաչինի ճանապարհը և 2023 թվի հունվարի 22-ին Սոկրատ Խանյանը Ձեզ սիրով կհրավիրեր Ստեփանակերտ իր 93-րդ տարեդարձին։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ