ԱՆՎԵՐՋ ԼՐԱՑՎՈՂ ԿԵՆՍԱ-ԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎԵՐՋ ԼՐԱՑՎՈՂ ԿԵՆՍԱ-ԳՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի, ընկեր, Դավիթ, երևանցի տղա, համալսարա­նական, մշակույթի անպարագիծ դաշտը հերկող՝ մե՛րթ կինոյի մասին հրակայուն սերմեր ցանող, մե՛րթ թատրոնի վերաբերյալ ոսկեփայլ կորիզ­ներ նետելով, մե՛րթ գրականության աշխարհին բազմագույն ու բազմանուն հունդեր դնելով արևոտ գուղձերի մեջ ու ձեռնափով խնամքոտ ծածկելով, մինչև ծլեն ու բերք տան նոր ֆիլմեր, ներկայացումներ ու գրքեր։

Համալսարանի գրական ստուդիայում դու չէիր փոր­ձում շշմեցնել բանից անտեղյակ ոմանց, բայց, հավատա, ովքեր առաջին անգամ էին լսում Ֆոլքների, Մարկեսի, Կաֆկայի, Քամյուի և շատ մեծերի անուն­ներ, մտածում էին վազեն գրադարան ու…

Երևանի պիոներպալատիհանրաճանաչ Սուսաննա Բաբայանի գրական խմբակից էր գալիս քո իմացությունների կարկուտը, սերը հզոր գրականության հանդեպ։ Կարդում եմ հատորյակիդ էսսեները և ուրախանում մտքիդ շաչող, մտքեր շարժող տքնանքից։

Մեր արվեստի ու գրականության, աշխարհի անթվարկելի արժեքները համտեսած հմտությամբ զրուցում ես պարզ ու անկաշկանդ։

Եվ մարդկային կերպարդ՝ անամպ, առանց թաքնամտած որոգայթների գայթակղությանը տրված։

Այո, դյուրին չէ դիմանալ տարատեսակ գայթակղությունների, միայն նրանք դա գիտեն, ում համար, ինչպես դու ես գրել «Հորինվածքի արվեստ» խոհագրության մեջ՝ մանկության մեջ ընկերդ… երևակայությունն է։

Ու թող նա քեզ տանի ուր կամենա՝ նա քեզ լավ գրվածքներ է պարգևելու, դու, իհարկե, համոզված ես։

Հինգ տարի առաջ, երբ վերոհիշյալ տողերը գրել եմ, համոզված էի՝ նոր գրքերիդ, էսսեներիդ, հոդվածներիդ, հեռուստառադիո հարցազրույցներիդ ի հայտ գալուն։ Քո ֆեյսբուքյան էջում մշտապես ամենօրյա հրապարակմամբ արձագանքում ես ոչ միայն մշակույթի ընթացքի երևելի հոբելյաններին, իրադարձություններին։ Գրիչդ խորանում է խոհերիդ շերտերը և լույս աշխարհ բերում ինքնատիպ վերլուծություններ, հուշեր, մտածումներ։

Անցյալ տարի հրատարակվեց «Երևանի սառը ջուրը» գիրքդ, ուր ամփոփված էին երևանյան կյանքից քաղած քո ելևէջները, թրթիռները։ Մի քաղաք, որ մեր սերնդի համար սրճարաններից չարենցյան, ազնավուրյան, Լևոն ներսիսյանական, Ժակ բրելյան, Երվանդ քոչարական, բոհեմիկ գինու և սուրճի բույր էինք առնում։ Իսկ Երևանի սառը ջուրը տաք պատմություններ ու էսսեներ է հուշել իր կժաբույր հողեղեն էությամբ։

Գիտեմ, որ նոր գիրք ես գումարելու քո ստեղծագործական թեժ ընթացքին։

Շնորհավորում եմ 75-ամյակդ և իմ ու քո համատեղ աշխատանքային օրերից ու տարիներից ներշնչված  կոչում՝ ի գործ, ի գիր։

Հ.Գ. – Սիրելի Դավիթ, այս տարվա հունվարի 30-ի «Գրական թերթում» քո 75-ամյակին նվիրված տպագրել էի «Անվերջ լրացվող կենսագրություն» խոսքը, որում նշել էի, թե գիտեմ, որ նոր գիրք ես  գումարելու քո ստեղծագործական թեժ ընթացքին։

Ես չգիտեի, միշտ գաղտնիք էիր պահել բանաստեղծելու ընթացքիդ վերաբերյալ ու երբ հիվանդացար, կինդ՝ Նորան, բանաստեղծությունների գրքույկդ մեզ ներկայացրեց։ Զարմանք, տխրություն և քեզ ուրախություն պատճառելու մղում գումարվեցին և տպագրեցինք «Տողեր դեղնած թղթերից» ժողովածուդ։

Դա եղավ վերջին գիրքդ, բայց հուսով եմ, դեռ դեղնած ու դեռևս չդեղնած թղթերից էլի կծնվեն անտիպների գրքեր։ Գրիչդ մշտապես ներդաշնակվել է սպիտակ թղթին գրի լույսով։

Հավատացել ես երկնածի հավերժությանը և ստեղծագործողի գրի հետ մշտապես ընթանալու, ընթերցողին հասնելու, ապագայում լինելու հաստատ կեցությանը։

Ես էլ եմ հավատում քեզ ու քո գրի անվախճան հոլովույթին։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ