ՀԵՏՀԱՇՎԱՐԿ

ՀԵՏՀԱՇՎԱՐԿ

Հայերս ինքներս մեզ համարում ենք շատ խելոք, լուրջ, վկայակոչում ենք պատմությունը, մեր մշակույթը, գրականությունը, գիտությունը։ Այլ ազգերից էլ կան այդպես մեզ գնահատողներ։

Սակայն եթե պատմականության, իրադարձությունների, քարտեզագրության վերջից ենք նայում, տեսնում ենք մեր ճշգրիտ վիճակը՝ ազգովի սթափվում ենք, երբ արդեն, ինչպես ժողովուրդն  է ասում, իրեն լավ ճանաչելով՝ բանը բանից անցել է։

Իհարկե մեզանում եղել են, կան և կլինեն խորաթափանց, խելամիտ վերլուծողներ, ընթացքը պայծառատեսորեն հրամցնողներ, նաև գրողներ ու արվեստի մարդիկ, սակայն ռեալ գործընթացների վրա ազդելու իրավունքները տրված են եղել ինքնավստահ, երբեմն չափազանց հավակնոտ պաշտոնյաներին, քաղաքական հաշվարկներն ու ուղին ինքնուրույն որոշողներին։

Մասնագետ մտածողներին, փորձառու զինվորականներին, գիտակներին դիտարկել են վերից կամ լավագույն դեպքում կողքանց։ Գոնե Թումանյանի ու Իսահակյանի հոդվածները կարդային։

Ժողովուրդ ջան, դեռ հավատում եմ, որ նրանց ու այլ խորաթափանց գիտուններին  կարդալով, մտածելով, ճիշտն ու սխալը տարբերակելով, խոստումների ու իրականության քայլքը զգալով, փորձենք հասցնել ոչ թե դանակը ոսկորին, այլ մինչ այդ սթափ, ռեալ, բազմաճյուղ, տարբերակված, խորաթափանց, կշռադատված քայլերով գնալ ճշմարիտ նպատակների, ծրագրերի, երկրի անվտանգության պահպանմանը։

Թույլ չտանք ուրիշի դանակը մեր ոսկորին հասնելով մեզ լրջացնի։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ