ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ ՉԼՌԵՆՔ
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ ՉԼՌԵՆՔ
Տարիներ առաջ կարդացել եմ ճանաչված նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշերի գիրքը և մի դրվագ սեպվել է հիշողությանս մեջ։ Վանեցի նկարիչը նկարակալով բարձրանում է իրենց տան հարթ տանիք և նկարակալը տեղավորելով փորձում է նկարել։ Եվ ի՞նչ՝ նկատում է, որ թուրքական զորքը շրջապատում է քաղաքը։ Շտապ իջնում է ներքև և միանում է Վանի 1915 թվականի ինքնապաշտպանության խմբերի ու մարտերին։
Ինչո՞ւ այս դրվագը հիմա ստիպեց գրել։
Երեկ կարդացի Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Բայրամովի խոսքը, թե Ադրբեջանը վերահսկում է Հայաստանի ել ու մուտը։ Հարևան երկրի պաշտոնյաները սովորաբար ասում են չոր ճշմարտություններ և՛ իրենց ներսի, և՛ դրսի, այսինքն՝ մեզ համար։ Կարող ենք դա համարել զուտ իրենց ներսին ուղղված քարոզչական հնարք, սակայն որքանո՞վ է դա ճշմարիտ, մեր հետախուզական մարմինների խնդիրն է։ Բայց չի փոխվում նրանց ռազմավարությունը, վկա Արախի շրջապատումը, վկա ոչ վաղ անցյալի մեր փորձը. շրջափակվող ճամփաները, գրավված ռազմավարական բարձունքները։ Նրանք այս տակտիկան փոխառել են թուրքական պատմությունից և գործադրում ու գործադրելու են մշտապես։ Իսկ թուրքական ծրագրերը միօրյա չեն, դա ապացուցված է երկարատև դարերի ընթացքում և բոլոր հարևան երկրների հանդեպ։ Օգտագործում են իրենց ազգակից երկրների և կրոնական հավատակիցների զինական սատարումը, դիվանագիտական փափուկ և կոշտ ուժերի համակցմամբ։
Եվ մի քանի օր առաջ Դադիվանքում և Գանձասարում եվրոպական դիվանագետների ներկայությամբ, Հիքմեթ Հաջիևը բացելով ոչ բնագիր մագաղաթները, քմծիծաղով ցուցադրեց դատարկ էջերը և եզրակացրեց, իբր կեղծությամբ են հայերը ներկայացրել իրենց պատմությունը։ Դիվանագետները դիվանագիտորեն ծիծաղեցին։ Մեր Մատենադարանից հերքեցին այդ պոզով-պոչով սուտ արարքը և մի այլ եվրոպացի դիվանագետ տիկնոջ սույն մատյանների բնագրերը ներկայացրին։
Արդյո՞ք վայել է խաղաղության հայտարարության տեքստը նախաստորագրած երկրի կարևոր պաշտոնյային վարակել քմծիծաղով, ծիծաղով նրանց, ովքեր մի օր էլ կարող է նույն կերպ վարվեն Բաքվի հանդեպ և դա համարեն դիվանագիտական ճկունություն։
Հիշենք եվրոպական խորհրդարանի քանի պատգամավոր ծախու արարքների համար խայտառակեցին և՛ իրենց, և՛ կաշառք տված Բաքվի չինովնիկներին։
Նաև ասեմ, այդ ծաղրասեր, նաև դիվանագիտորեն պարող դիվանագետները միաժամանակ կարողանում են լուռ սարկազմի ալիքներ ապրեն քմծիծաղողների նկատմամբ, նաև արհամարհանք։
Եթե մեր երկրները տարփողում են երկու երկրների միջև խաղաղության ցանկությունը, միջպետական առևտուրը, Թրամփի հեռավոր հայացքի տակ նրա անվան ուղու կարևորությունը, ապա այնպես լինի, որ ծաղրն ու ծանակը փոխարինեն դիվանագիտական մեղմ, բազմանշանակ ժպիտի։
Հիշենք Ջոկոնդայի ժպիտը, գոնե մի քիչ սովորենք արվեստի ոգուց շունչ առած խորիմաստ, մարդկային, բարի հայացքի խորհուրդը։
Դե, մենք էլ միամտության դիվանագետ գրողներ ենք, բայց խեղճության, խաբվածության, ստի, կեղծիքի որոշ սիրահար հայրենական ու թշնամական դիրքից խոսող հարևան և հեռավոր պաշտոնյաներին, երբեմն ոչ թշնամաբար ցույց ենք տալիս գրչածայրի սրությունը, թեպետ կարող է շարում ենք համակարգչի հարթ պատերին։
Հա, համ էլ ասեմ, Հիքմեթ Հաջիևը Գանձասարի պատերին մոռացավ ցույց տալ հայրեն գրերը։ Իհարկե, դա ծիծաղելի չէր, եվրոպացի դիվանագետները երևի խորապես տխրեին։



