ՃՆՃՂՈՒԿԻ ՕԳՏԱՇԱՀ ԶՐՈՒՅՑԸ
ՃՆՃՂՈՒԿԻ ՕԳՏԱՇԱՀ ԶՐՈՒՅՑԸ
Կիրակի օրվա առավոտը պայծառ էր, և պատուհանի մոտ հավաքված ճնճղուկները համերաշխ կտցում էին իրենց համար լցրած հացի փշրանքները։ Հետո նրանք թռան, միայն մեկը մնաց և այդ մեկն էլ մարդու լեզու առած դիմեց ինձ.
– Է՛յ, մանկագիր, դու մեր մասին շատ ես բանաստեղծություններ գրել։ Հիմա ես ուզում եմ քեզ լավություն անել իմ առաջարկով։
Հանկարծակիի եկած հարցրեցի.
– Ի՞նչ խորհուրդ, այ ճնճղուկ։
– Դուք հիմա շատ եք մտածում, ոչ միայն դուք, այլև ԱՄՆ-ի նախագահ Թրամփը ևս, էներգակիրների կարևորության մասին, պարոն նախագահը Վենեսուելայի պրեզիդենտին առևանգեց՝ նրանց գազ ու նավթին տեր կանգնելու համար, ռմբակոծում է Իրանին, Հորմուզի մասին լսած կլինես, նավթ ու գազի գներն են բարձրանում, իսկ դուք էլ քննարկում եք ձեր ատոմակայանը փակելու մասին, ճի՞շտ է։
– Մասամբ,– պատասխանեցի,– ես կարծում եմ պիտի մասնագետները խոսեն, ոչ թե քաղաքական անհայտ մասնագիտության տեր մարդիկ։
– Հասկացա,– շարունակեց ճնճղուկը,– ես մտածում եմ, եթե փակվի ատոմակայանը և դժվար ձմեռներ լինեն, իմ կողմից կառաջարկեմ, ճիշտ է՝ փոքր, բայց սրտով ցանկացած օգնությունս՝ ծերտիցս բիոէներգիա ստանաք, մյուս ճնճղուկներին էլ կհամոզեմ նույնն անել, չէ՞ որ դուք դժվար պահերին մեզ հացի փշրանքներով եք պահել ու պահում։
Մանկագրի ժպիտը փայլեց, և նա շնորհակալ եղավ ճնճղուկին և շարունակեց.
– Սիրելի ճնճղուկ, 1998 թվականի Արցախյան շարժման միտինգների ժամանակ մի ջահել կիսաերգիչ, կիսաբանահյուսագետ ելույթ ունեցավ և հայտարարեց.
– Թող Կրեմլը իմանա, որ եթե գործարանները, ատոմակայանը փակվեն, մենք՝ հայ ժողովուրդը, միայն ջերմուկ և մոլիբդենի հումք արտահանելով ավելի լավ կապրի։
Միտինգավորները ջերմագին ծափահարեցին, գոռգոռալով.
– Այո, ճիշտ է, ջերմուկ և մոլիբդեն, համ էլ պղնձալար ու կոնյակ։
– Հետո ի՞նչ եղավ,– հարցրեց ճնճղուկը։
– Քո նախնիներին որ հարցնես, նրանք ավելի հստակ կպատասխանեն,– մրմնջաց մանկագիրը,– փակվեց ու հետո ստիպված բացեցին ատոմակայանը, կոնյակի գործարանն էլ վաճառվեց ֆրանսիացիներին, իսկ ջերմուկը, ի՞նչ ասեմ…
– Իսկ բիոէներգիա չարտադրեցի՞ք,– հարցրեց ճնճղուկը։
Մի հոգի Դավիթ անունով՝ Լեռնասար գյուղի ղեկավարը, փորձեց գոմաղբից ստանալ, հիմա չգիտեմ ի՞նչ վիճակում է գործը։
– Դե տեսնում ես, հարգելի մանկագիր, մտածողներ ունեք, խելամիտ ժողովուրդ են հայերը, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ են։
– Այո,– զվարթացավ նախկին շախմատիստ մանկագիրը, շարունակեց,– սակայն փորձած թանը անփորձ մածունի հետ չեն փոխի, մեր ժողովրդի խոսքն է, չգիտեմ ճնճղուկներն ինչպես կընդունեն, բայց ոնց երևում է՝ դուք էլ շուտ եք մոռանում հին խոսքերը, մեր ժողովրդի մեջ էլ քիչ չեն նմանները։
Մանկագիրն ապա ճնճղուկին հարցրեց.
– Քեզ ո՞վ է խորհուրդ տվել ինձ հետ խոսես։
Նա ճնճղուկավարի անկեղծ պատասխանեց.
– Չվող թռչուններից էին, հա, բայց ձեր տանիքում ապրող ագռավը հուշեց՝ դա քո խելքի բա՞նն է, այ ծիտիկ, ի՞նչ ես խառնվում քո գլխից մեծ գործին, մարդկանց որոշելիքին, երևի ինքն էլ է վախենում ցուրտ ձմեռներից, ախր չի չվում։
– Չէ, էս հողի վրա ապրող բոլորի գործն է, որ հետո չբողոքեն՝ էս ի՞նչ եղավ, բա մի մասնագետ, գիտնական չկա՞ր։
Ճնճղուկը, կտուցին մի հացի փշրանք, թռավ։
Մանկագիրը էս պատմությունը գրեց, բայց ավելի լավ կաներ մի մանկական, կրթությանը օժանդակող ոտանավոր գրեր խելամիտ ծիտիկի, չվող երամների մասին, չէ՞ որ վերջերս պարզվեց, որ մեր դպրոցականներն աշխարհի ոչ լավ կրթություն ստացածների մրցույթում ետին շարքերում են։ Հայերեն էլ լավ չեն գրում, կարդացածներն էլ լավ չեն հասկանում, որ կյանքում իրագործեն։
Է՜հ, ծիտիկ ջան, մոռանում ենք, որ հնագույն ժողովուրդ ենք, գրականության խոր արմատներ ունեցող. գոնե գրի ու քնարերգության էներգիան մեզ օգնի, հատկապես նրա լուսեղեն, արևային ջերմությունը։ Թե չէ միայն Նարեկացի ասելով, Թումանյան ու Իսահակյան, Տերյան ու Չարենց շուտասելուկի պես թվարկենք ու մնանք գրագիտության ետին, ցրտաշունչ Արկտիկայում։
Ազգային ժողովում էլ ոմանց դուր չեկած ելույթները որակվեցին որպես պոետական երեկո։ Լավ է չասացին՝ ո՞ւր է, հիմա լավ գրող ունե՞նք, որ…



