ՀԱՅ – ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

ՀԱՅ – ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

Գերմանիայի Mitteldeutscher հրատարակչությունում տպագրվել է հայ և գերմանացի գրողների ստեղծագործությունների «Կարոտի կամուրջներ» հայերեն – գերմաներեն ժողովածուն: Գիրքը հրատարակվել է Սաքսոնիա – Անհալթի «Ֆրիդրիխ – Բյոդեքեր – Կրայս» միության կողմից՝ Հայաստանի գրողների միության համագործակցությամբ: Գրքում տպագրվել են հայ բանաստեղծներ Ներսես Աթաբեկյանի, Գագիկ Դավթյանի, Հենրիկ Էդոյանի,Գոհար Գալստյանի, Նորեկ Գասպարյանի, Նորայր Գրիգորյանի, Էդուարդ Հարենցի, Հակոբ Հարությունի, Արտեմ Հարությունյանի, Անդրանիկ Կարապետյանի, Սամվել Կոսյանի, Խաչիկ Մանուկյանի, Մանվել Միկոյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Շանթ Մկրտչյանի, Հակոբ Մովսեսի, Հերմինե Նավասարդյանի, Գագիկ Սարոյանի, Հայկ Սիրունյանի ու Անուշ Վարդանյանի և գերմանացի գրողներ Յուլիանե Բլեխի, Քլիմենս Էսսերի, Քրիստինե Հոբայի, Կոնստանցե Յոհնի, Սաշա Կոկոտի, Քրիստիան Քրայսի, Դորոթի Լայփհոլդի, Մարիա Մայնելի, Մարկո Օրգանոյի, Թոմաս Ռաքվիցի, Սաբինե Ռացկովսկու, Լաուրա Շարի, Անդրե Շինքելի,  Միխայել Շփյուղայի, Սիմոնե Թրիդերի, Կոնստանցե Վիրսինգի, Յանին Վյոլքեի ու Մոնա Յ.Ցվինցշերի ստեղծագործությունները:

«Կարոտի կամուրջներ» անթոլոգիայում ամփոփված են երկու երկրների ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները կենդանի քնարական երկխոսության մեջ: Այն յուրօրինակ կամուրջ է երկու երկրների գրողների ու մշակույթների միջև: Գրքի «Եվս մի քար կամրջի  հիմքում» առաջաբանի հեղինակը  ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն է: Գերմանացի գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը և հայ բանաստեղծների ստեղծագործությունների գերմաներեն տողացի թարգմանությունը բանաստեղծուհի, թարգմանչուհի Հերմինե Նավասարդյանինն են: Գրքում տպագրվել է նաև նրա «Թռիչքների և քայլերի միջև» ներածական խոսքը թարգմանության և Սաքսոնիա – Անհալթի «Ֆրիդրիխ – Բյոդեքեր – Կրայս» միության հետ համագործակցության մասին: Հայ գրողների ստեղծագործությունների գեղարվեստական թարգմանությունը կատարել են գերմանացի գրողները՝ 2025թ.-ի հոկտեմբերին Զոննեքում կայացած գերմանացի և հայ գրողների համաժողովում: Համաժողովի և գրքի հրատարակչական աշխատանքների ընթացքում իր թարգմանությամբ և խորհրդատվությամբ մեծ ներդրում է ունեցել հայագետ, դոկտոր, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը: Գիրքը խմբագրել և հրատարակության է նախապատրաստել  ՕԴԱ ամսագրի խմբագիր, բանաստեղծ Անդրե Շինքելը: Նախագիծը իրականացել է Սաքսոնիա – Անհալթի «Ֆրիդրիխ – Բյոդեքեր – Կրայս» միության գործադիր տնօրեն Սանդրա Հոյխելի կազմակերպմամբ: «Կարոտի կամուրջներ» ժողովածուն  Հայաստանի գրողների միության և Սաքսոնիա – Անհալթի «Ֆրիդրիխ – Բյոդեքեր – Կրայս» միության տարիների համագործակցության արգասիքն է: