ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 19-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ գրական հանդիսություն՝ նվիրված արցախցի բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակագիր Նվարդ Ավագյանի ծննդյան 85-ամյակին: Հանդիսության սկզբում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 2025 թ. ՀԳՄ գրական հանդիպումները հանրահռչակելու համար շնորհակալագրեր հանձնեց «Առավոտ» օրաթերթի կրթության և մշակութային բաժնի պատասխանատու Գոհար Հակոբյանին, «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Անժելա Համբարձումյանին, Հ1 հեռուստաընկերության լուրերի թղթակից Նունե Ալեքսանյանին, Հ2 հեռուստաընկերության լրագրող Նաիրա Փայտյանին, Panorama.am կայքի լրագրող Տաթևիկ Մանուկյանին և ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանին: Այնուհետև Էդ.Միլիտոնյանը շնորհավորեց Նվարդ Ավագյանին, խոսեց նրա գրական գործունեության մասին՝ մեծապես արժևորելով նրա ներդրումը թե՛ գրականության, թե՛ հրապարակագրության բնագավառներում: Էդվարդ Միլիտոնյանը Նվարդ Ավագյանին հանձնեց ՀԳՄ գրական վաստակի համար մեդալ և ՀԳՄ ուղերձը: ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը խոսեց Արցախում նրա երկարամյա գործունեության մասին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքը արցախյան պատմության վճռորոշ ժամանակներում: Նորեկ Գասպարյանը Նվարդ Ավագյանին հանձնեց Ամերիկայի հայ գրողների ու լրագրողների միութան անդամատոմսը: Հանդիսությունը վարում էր բանաստեղծուհի Զարինե Սարաջյանը: Նա ներկայացրեց Նվարդ Ավագյանի գործունեության արժանահիշատակ դրվագներ, այնուհետև հարցեր ուղղեց նրան, որոնց պատասխաններով ամբողջացավ բանաստեղծուհու, արձակագրի, հրապարակախոսի, թարգմանչուհու և հայրենիքին նվիրյալ հայուհու կերպարը: Ելույթ ունեցան բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, բանաստեղծ, թարգմանիչ, Արցախի «Ոգի-Նաիրի» հրատարակչության հիմնադիր Հրանտ Ալեքսանյանը, գրականագետ, բ.գ.թ. Ամալյա Գրիգորյանը, «Ազատ Արցախ» թերթի լրատվական բաժնի վարիչ Լաուրա Գրիգորյանը, բանաստեղծ Նորայր Գրիգորյանը, արձակագիր Անահիտ Արփենը և Նվարդ Ավագյանի թոռնուհին՝ Ինեսսա Մայիլյանը: Ելույթ ունեցողները խոսեցին Նվարդ Ավագյանի ստեղծագործության, ուժեղ կամքի, ոգու, ստեղծագործական եռանդի, ինչպես նաև արցախյան գոյապայքարի ընթացքում հայրենանվեր գործունեության մասին, շնորհավորեցին հոբելյանի առթիվ և հաջողություններ մաղթեցին: Նվարդ Ավագյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպված հանդիսության ու գնահատանքի համար և ընթերցեց իր բանաստեղծություններից:



