ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Նախընտրական առաջին շաբաթն անցավ բուռն ելույթներով, առաջին պլան են մղված ագրեսիվ հռետորաբանությունը, անձնական վիրավորանքները՝ երբեմն հայհոյանքներով համեմված, կոշտ մեղադրանքներն ուղղված են արած ու չարած գործերին, կոռուպցիային, իշխանության ու ընդդիմության անցյալ ու ներկա նախագահների, մեծավորների թույլ տված ակնհայտ ու թաքնված իբրև ազգավնաս քայլերին, թերացումներին, Արցախի ողբերգության պատասխանատուներին ու մեղավորներին, անգամ արցախցիներին նշավակելով ու թիրախավորելով։ Այս ընթացքում եղան ընդդիմության դաշտից բանտարկվածներ, իսկ մայիսի 16-ին՝ նաև զոհ։

Հիմնական պայքարն առանձնանում է եվրոպամետների ու ռուսամետների միմյանց քարկոծելու բնույթով, աչքի է զարնում թուրքամետության վտանգների ցուցանումը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թելադրվող պլաններն ու դեմոգրաֆիկ նպատակները։

Ընդդիմության գլխավոր ուժերին եռագլուխ անվանելը իշխանության հիմնական սլաքն է, որին ընդդիմադիրները պատասխանում են երբեմն գոտկատեղից ներքև նորաբանություններով։

Հաճախ հարվածի տակ են ընկնում եվրոպական և ռուսական իշխանությունների ղեկավարներ ու գործիչներ։

Ակնհայտորեն մեր ներքին գործերին խառնվում են արտասահմանցի իբրև խորը մտահոգված պաշտոնյաներ, իրենց գունագեղ խոստումներով, գումարների առաջարկներով, հիբրիդային կոչեցյալ նախընտրական պատերազմի վրա ջուր լցնելու սրտացավությամբ։

Ժողովրդի մի մասը նախապես ունի իր թեկնածուին, մյուս մասը փնտրտուքի մեջ է, իսկ մի մասն էլ անտարբեր մոլորության մեջ։ Չեմ շրջանցում, կան կարևոր ծրագրային դրույթներ, ժողովրդին հուզող խնդիրների վերաբերյալ կարևոր առաջարկներ, գայթակղիչ և արագ բուժող վերքերի բալասաններ։ Սակայն նախորդ տասնամյակների նախընտրական խոստումների անկատարությունը մարդկանց զգալի զանգվածին մղում է չհավատալ, համարել գեղեցիկ սուտ և որոնել իրական ցավերին իրականությանը մոտ դեղ ու դարման։

Նախընտրական տասնինը ուժերի հիմնական ուղղությունները՝ երկրի անվտանգություն, տնտեսական բարելավում, աղքատության վերացում, բարեկամ երկրների փնտրտուք, թշնամական թաքուն ու բացահայտ ծրագրերի դեմ պայքարի համարժեք քայլեր։

Այս խայտաճամուկ նախընտրական թոհուբոհում հանիրավի մոռացվել է հայկական բազմադարյան մշակույթի և գրականության ասպարեզը։ Եվ սա նոր չէ, վերջին երեսունհինգ տարում մշտապես ետին շարքերն է քշվել վերոհիշյալը։ Ընտրվող պատգամավորների մեջ հազվադեպ են եղել մշակույթի գործիչներ։ Խորհրդարաններում հայերենը իջել է փողոցային գռեհկաբանության մակարդակի ու ծեծկռտուքի։

Խորհրդարանների աշխատանքում մատների վրա կարող ենք հաշվել մշակույթի վերաբերող օրենքների քննարկումներն ու ընդունումը։ Այսքան տարի առաջարկվում է մեկենասության օրենքի անհրաժեշտությունը։ Պետության մշակույթին ու գրականությանը տրվող սակավ ֆինանսավորումը չի դառնա կռվախնձոր։ Մեր հարուստ մշակույթի հանրահռչակումը չի մնա անորոշ վիճակում և հիմնական մեկ-երկու բարերարների հույսին։ Իմիջիայլոց, Վրաստանում նորից առանձնացվեց մշակույթի նախարարությունը։

Երկու տարի ու չորս ամիս է, ինչ ստեղծագործական միությունների սեփականության իրավունքով գույքերի ճակատագիրը ՀՀ վարչական դատարանում զարկվում է պատեպատ, մերթ քշվում է փակուղի, մերթ նոր կասկածելի հիմնավորումներ են ի հայտ գալիս ՀՀ դատախազության կողմից։

Շատերը մտածում են, որ դատերը հետաձգելով՝ սպասում են ընտրություններից հետո վճիռ կայացնելու։ ՀՀ կադաստրի (որի դեմ է դատախազության հայցը) ներկայացուցիչը ոչ մի դատի չի մասնակցել, դե, պետական հիմնարկ է, պարզ է, իսկ վերջին դատին էլ դատախազության ներկայացուցիչն էլ չկար։  Ես դեռ հավատում եմ արդար դատավարություններին, թող որ ոմանք ծիծաղելի համարեն դա։

Մի խոսքով, արվեստի աշխարհը խորը մտահոգությունների ծիրում է։ Ցավոք, նախորդ խորհրդարանում ոչ մի պահ չանդրադարձան այս հարցին։ Հավատանք, որ արվեստն ու նրա մշակները չեն հուսահատվի և կստեղծեն նոր ու հետաքրքիր ստեղծագործություններ։

Գալիք խորհրդարանին էլ ցանկանանք ազգային ինքնության արմատ ու հիմք համարվող մշակույթին, գրականությանը սատարելու, ճանաչելու խորաթափանցություն։

Արվեստը բոլորից տաք ելևէջներով հաղորդում է սեր, սիրեցեք միմյանց, պարոններ, ընկերներ, եղբայրներ։

Սա է միակը ու ճշմարիտ ճանապարհը մեր երկիրը պահպանելու և բարձրացնելու։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ