ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԴԱՐԵՐԻՑ ՈՒ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱԿԱՆ

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին ավանդույթ է այցելությունը նրա հուշակոթողին: Այնտեղ էին գրողներ, արվեստի գործիչներ, Չարենցի տուն թանգարանի աշխատակիցներ, նրա անվան դպրոցի ուսուցիչներ ու աշակերտներ: Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Չարենցին՝ ծաղիկներ դնելով վեհաշուք հուշակոթողին: Աշակերտներն արտասանեցին Չարենցի բանաստեղծություններից: Եղան նաև երաժշտական կատարումներ, հնչեցին մեծանուն բանաստեղծի խոսքերով գրված երգեր:
Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին, ասելով՝ «Ես էլ եմ հաճախել Չարենցի անվան դպրոցը՝ ոչ միայն նրա համար, որ իմ պապիկի անվան էր, այլ նաև, որ լավագույն դպրոցներից է: Ուրախալի է, որ նոր սերունդը կարդում է Չարենց: Այսօր հայ ժողովուրդը նշում է իր հանճարեղ զավակի 129 – ամյակը: Ամեն տարի նույն հուզմունքն ունեմ, հատկապես, երբ տեսնում եմ, թե ինչպես են նրան սիրում աշակերտներն ու, ընդհանրապես, հայ ժողովուրդը»: Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ թանգարանում միջոցառումներ են կազմակերպվում, որոնք հիշատակում և նշանավորում են Չարենցի ծննդյան օրը: Տարին նշանավորվում է մեկ բացառիկ նմուշի ցուցադրությամբ, որ կոչվում է «Չգրված թուղթ» և «Չարենց-Նամե» հայերեն-պարսկերեն գրքի շնորհանդեսով: Գրականագետ, բ.գ.դ. Դավիթ Գասպարյանն իր խոսքում նշեց. «Չարենցը մեր գրական, մտավոր կյանքի բարձրագույն դրսևորումն է: Չարենցը համազգային անուն է, որովհետև իր մեջ պարփակում է մի ամբողջ ժողովրդի գոյաբանություն, մի ամբողջ ժողովրդի ծննդաբանություն, մի ամբողջ ժողովրդի անցյալն ու ներկան»:
Հուշակոթողի մոտ Չարենցի հավերժական շունչն ու ոգին էր ու աշակերտների արտասանությամբ ղողանջող տողերը.
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան…



