ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Մայիսի 14 -20-ին Վրաստանում տեղի ունեցավ Պոեզիայի միջազգային փառատոն, որին անհատապես հրավիրվել էին բանաստեղծներ Ավստրիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Իսրայելից, Չինաստանից  և վրացերենից գեղարվեստական թարգմանություն արած թարգմանիչներ: Հայաստանից հրավիրվել էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միիտոնյանը, Գագիկ Դավթյանը և Անուշ Վարդանյանը: Մեր մասնակիցներից Գագիկ Դավթյանը վրացական պոեզիայի հատոր է հրապարակել, որի մեջ ընդգրկված է 34 վրացի բանաստեղծ, ինչպես նաև առանձին գրքերով տպագրվել են Մաղվալա Գոնաշվիլու և Գուրամ Օդիշարիայի բանաստեղծությունները, իսկ Էդվարդ Միլիտոնյանի հետ՝ Բաղաթեր Արաբուլիի բանաստեղծական գիրքը: Էդվարդ Միլիտոնյանը հայ ընթերցողին է ներկայացրել «Բազմաձայն երկիր Վրաստանը» անթոլոգիան, որում ամփոփված են դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները Վրաստանի և նրա գրականության վերաբերյալ, առաջաբաններ է գրել մի շարք վրաց բանաստեղծների գրքերի համար: Անուշ Վարդանյանը հրատարակել է վրաց գրողների մանկական բանաստեղծությունները «Ծիծեռնակ» ամսագրում և առանձին՝ Մաղվալա Գոնաշվիլու մանկական գիրքը:

Փառատոնը բացվեց մայիսի 14-ին, ներկայացվեցին հրավիրյալները: Փառատոնի յուրաքանչյուր օր ներկայացվում էին տարբեր երկրներից եկած գրողների ստեղծագործությունները: Մայիսի 15-ին Հայաստանի և Իսրայելի օրն էր: Բացման խոսք ասաց Էդվարդ Միլիտոնյանը, ապա Գագիկ Դավթյանը կարդաց վրացի բանաստեղծների իր թարգմանությունները: Անուշ Վարդանյանը հանդես եկավ խոսքով: Մաղվալա Գոնաշվիլին ընթերցեց ներկա հայ բանաստեղծների ստեղծագործությունները վրացերեն: Փառատոնը շարունակվեց Բաթումիում: Աջարիայի Գրողների միությունում հանդիպում եղավ մասնակիցների հետ, որոնք հնչեցրին իրենց խոսքերը, բանաստեղծությունները և թարգմանությունները: Հաջորդ օրը Աջարիայի դասական բանաստեղծ Ֆրիդոն Խալվաշիի       100-ամյակի տոնակատարությունն էր: Պանթեոնում եղավ ծաղկադրում բանաստեղծի շիրիմին, ապա հյուրերը մեկնեցին Խալվաշիի ծննդավայր Գեգելիձեեբի գյուղ, ուր Գագիկ Դավթյանը կարդաց բանաստեղծի իր  հայերեն թարգմանությունը: Հաջորդ օրը փառատոնը շարունակվեց Մցխեթիում, ուր հանդես եկան վրաց երիտասարդ բանաստեղծները, որոնցից  Oթար Ֆալիանին և Կախա Չլիկաձեն անցյալ տարի հրավիրված էին Ծաղկաձորում անցկացված հայ երիտասարդ գրողների հավաքին: Նրանց հետ հանդիպումը ջերմ էր և ցանկություն կար վերստին ներկա լինելու մեր հավաքներին: Փառատոնի փակումը տեղի ունեցավ Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնի դահլիճում: Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին ներկայացրեց մասնակիցներին, այնուհետև հերթականությամբ բեմ հրավիրեց փառատոնի մասնակից պատվիրակություններին: Հայաստանի գրողներն արժանացան «Փառատոնի մրցանակակիր» մրցանակների, Վրաստանի Գրողների միության «Սայաթ Նովա» մրցանակի արժանացավ Գագիկ Դավթյանը: Համավրացական  «Ռուսթավելի» ընկերության  որոշմամբ նրան շնորհվեց նաև «Վրաստանի բարեկամ» տիտղոս, որի հավաստագիրը հանձնեց ընկերության նախագահ բանաստեղծ Դավիթ Շեմոքմեդելին:
            Փառատոնը նոր գործընկերների հետ ծանոթության լավ առիթ էր: Փառատոնի եզրափակիչ խոսքում Էդվարդ Միլիտոնյանն հայտարարաեց, որ շարունակելու են ՀԳՄ գրական միջոցառումներին (Թարգմանչաց տոն, Երիտասարդ գրողների հավաք և այլն) հրավիրել վրաց գրողների: