ՄԵԶ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԳՐՉԱԿԻՑ ՍԵՐԲԵՐԸ
ՄԵԶ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԳՐՉԱԿԻՑ ՍԵՐԲԵՐԸ

Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ,
ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության
պատվավոր հյուպատոս
Արդեն բավականին ժամանակ է՝ լարված է ՀԳՄ շենքը գրողներից օտարելու գործընթացի շուրջ ստեղծված մթնոլորտը։ Իշխանությունների ոչ հայամետ կեցվածքին ընդդիմանալու հայ գրողների ընդվզումները լայն թափ են ստանում: Տեղի են ունենում դատավարություններ, որոնց նպատակն է գրողներին զրկել իրենց հարազատ օջախից: Հայ գրողները, սակայն, աննահանջ պայքարում են՝ պահպանելու իրենց հարազատ օջախը:
Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ հարցը ծավալվել ու միջազգային երանգ է ստացել: Իշխանությունների կողմից ՀԳՄ շենքը օտարելու առնչությամբ մտահոգված են ոչ միայն սփյուռքահայ, այլև օտարազգի գրողներ: Համացանցում տեղ գտած նյութերը և մեկնաբանությունները վրդովեցրել են շատերին, այդ թվում նաև սերբ անվանի գրողներին, որոնցից մի քանիսը զայրույթով են արձագանքել՝ սատարելով իրենց հայ գրչընկերներին:
Նենադ
ԳՐՈՒՅԻՉԻՉ
Սերբ անվանի բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, գրաքննադատ, «Բրանկովո կոլո» միջազգային փառատոնի տնօրեն, Նովի Սադի գրքի միջազգային փառատոնի նախկին տնօրեն
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ
Հոգևոր կյանքն ավելի կարևոր ու արժեքավոր է նյութականից, իսկ մայրենի լեզուն ցանկացած ազգի ակունքն է ու հանգրվանը: Բանաստեղծներն ու գրողները բառի ու ստեղծագործության պահապաններն են: Շատ եմ կարևորում, որ հայ գրողները կարողանան պահպանել իրենց տունը՝ որպես ավանդաբար շարունակվող ավանդույթ: Դա առանցքային հարց է՝ ներկայի և ապագայի ստեղծագործական մտքի շարունակականության առումով:
Ընդդիմանում եմ Հայաստանի գրողների միության շենքը գրողներից օտարելու բյուրոկրատական և վարչարարական ոչ մարդկային կեցվածքին։ Ավելի քան քառորդ դար առաջ Սերբիայում այն ժամանակվա իշխանությունների կողմից ևս նման փորձ է եղել՝ խլելու մեր գրողների միության շենքերը: Մենք միահամուռ ընդդիմացանք և կարողացանք պահպանել Բելգրադի կենտրոնում գտնվող Սերբիայի գրողների միության շենքը: Այդ նույն կերպ պայքարել ենք նաև Նովի Սադում՝ Վոյեվոդինայի գրողների միության շենքը փրկելու համար:
Ողջունում եմ հայ գրողների խիզախ և արդարարամիտ պայքարը՝ պահպանելու իրենց օջախը: Հավատում եմ, որ նրանց պայքարը արդյունավետ կլինի, որովհետև այն արդար է ու ճշմարիտ: Վստահ եմ՝ հայ գրողները, որպես մայրենի լեզվի կրողներ և ստեղծագործողներ, իրենց անձեռնմխելի ու հարատև հետքն են թողնում հայոց քաղաքակրթության մատյանում:
Վեսնա ՊԵՇԻՉ
Բելգրադյան «Պեշիչ ևորդիներ
» հրատարակչության տնօրեն,
ՀԳՄ պատվավոր
անդամ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՑՎԱԾՔԸ
Ապշեցի՝ լսելով Հայաստանի գրողների միության շենքը գրողներից օտարելու լուրը: Մեղմ ասած՝ ցնցվեցի ու ընդվզեցի՝ դատապարտելով այս անմիտ արարքը, որը կարող է իր ցավալի հետևանքները ունենալ հայ ժողովրդի մշակույթի վրա:
Ժողովրդի նկարագիրը, ըստ էության, նրա ավանդույթը, մշակույթը, պատմական հիշողությունը, հավատն ու լեզուն են: Ահա, սրանք են հենց այն էական կռվանները, որոնք փայփայում է Հայաստանի գրողների միությունը՝ ներկայացնելով այդ ժառանգությունը:
Իզուր չի ասված՝ եթե ուզում ես ազգ ոչնչացնել, հարձակվիր ու ոչնչացրու հիշյալ ամենակարևոր բաղադրիչները, որոնց վրա հենվում է ազգը: Դա մշակույթն է:
Ցավոք, ապրում ենք գլոբալիզացիայի, ստի ու կեղծիքի ժամանակներում, և զարմանալի չէ, որ այդ ամենը թիրախավորում է մեզ: Մթագնած ուղեղով այդ ամենի գաղափարախոսներին ընդդիմանալ է պետք հնարավոր բոլոր միջոցներով:
Գիտեմ, որ հայերը հնագույն ժողովուրդ են: Ի հեճուկս իրենց հանդեպ գործած պատմական բոլոր անարդարությունների, նրանք կարողացել են պահպանել հավատը, ավանդույթները, լեզուն և պատմական հիշողությունը: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը հաղթական վճիռ կկայացնի՝ հակադրվելով իրենց ոչնչացնել ցանկացող թշնամիներին:
Թանկագին բարեկամներ և հայ գրողներ, սերբ ժողովուրդը ձեզ հետ է։
Նովո ՏՈՄԻՉ
Սերբ գրող,
հրապարակախոս
ՁԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է
Հարգելի՛ հայ գրչակից բարեկամներ, ինձ զարմացրեց այն լուրը, որ իշխանությունները ցանկանում են ձեզնից օտարել Հայաստանի գրողների միության շենքը։ Կարծում էի, որ նման ոչ քաղաքակիրթ գործողություններ միայն մեզ մոտ են եղել։ Սերբ գրողները, սակայն, ընդդիմացան այդ որոշմանը, կազմակերպեցին զանգվածային ստորագրահավաք, որը ցույց տվեց, որ ոչ միայն գրողներն են դեմ իշխանությունների գործողություններին, այլև՝ ամբողջ հանրությունը: Այսպիսով՝ և՛ Բելգրադում, և՛ Նովի Սադում գրողների միության շենքերը կարողացանք փրկել և պահպանել: Ամեն բան արվեց առցանց, կային տասնյակ հազարավոր ստորագրություններ: Ես ձեզ առաջարկում եմ անել նույնը:
2008-ին եղել եմ Հայաստանում, նաև գրողների միություն այցելելու և նախագահի հետ զրուցելու առիթ եմ ունեցել: Գիտեմ, որ հայ և սերբ գրողների միջև լավ համագործակցություն է ստեղծվել: Հույս ունեմ՝ հաջորդ անգամ Հայաստան այցելելիս կրկին կլինեմ գրողներին պատկանող իրենց օջախում։
Չեմ կարծում, որ աշխարհում կա մի երկիր, որտեղ գրողներն «անտուն են»: