Ֆրեզնոյում Վիլիամ Սարոյանի Թանգարանի բացման առիթով ՀԳՄ-ի նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյանի պատգամը

Ֆրեզնոյում Վիլիամ Սարոյանի Թանգարանի բացման առիթով ՀԳՄ-ի նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյանի պատգամը
Իմ աշխատանքային տարիների ամենաբարձր ուրախություններից է, որ ես բախտ եմ ունեցել մասնակցելու Վիլյամ Սարոյանի դեռ հայերենի չթարգմանված գրքերի հրատարակման աշխատանքներին, որոնց տեղը բաց էր մեր գրական աշխարհում: Այդ բացը լցնելու համար նախ հայերենի թարգմանվեցին նրա գրվածքները, ապա հրատարակվեցին Հայաստանում:
2008 թվականին Երևանում, մեծ շուքով նշվեց Վիլյամ Սարոյանի հարյուրամյակը և բացվեց նրա գրքերի ցուցահանդեսը:
Սարոյանը փոքր տարիքից եղել է իմ շատ սիրելի գրողը:
Պատանի տարիքում եմ կարդացել նրա «Մարդկային կատակերգությունը», «Վեսլի Ջեկսոնի արկածները», «Անունս Արամ է», «Թրեյսի վագր»-ը, բազմաթիվ այլ հրաշալի պատմվածքներ, թատերգություններ, էսսեներ:
Ինձ միշտ թվացել է, որ «Սասունցի Դավիթ» էպոսից հետո, Սարոյանը հայոց երկրորդ էպոսն էր գրում, գրելով իր պապերի, տատերի և նախնիների մասին…Եվ նրա այդ հայկականությունը դուրս էր բխում անգլերեն տեքստերի միջից:
Վստահաբար կարող եմ հավաստել, որ Սարոյանը շատ սիրելի գրող է նաև ամերիկացիների, անգլիացիների, գերմանացիների, արաբների, ասորիների, հույների և շատ ուրիշ ազգերի, ինչու չէ նաև թուրքերի համար, որովհետև նա հրաշալիորեն ճանաչում և սիրում էր մարդու հոգին:
Բախտավոր եմ, որ հանդիպել եմ նրա հետ, զրուցել և լուսանկարվել նրա հետ և ունեմ նրան նվիրված «Ցեղի հանճարը» վերնագրով պատմվածք ու նաև բանաստեղծություն «Վիլյամ Սարոյան» վերնագրով:
Ամեն օր երբ մտնում եմ իմ աշխատասենյակ, մեր Գրողների Միության կլոր սրահում կախված են Վիլյամ Սարոյանի երկու լուսանկարները, մեկը պատանու պես հեծանիվ նստած, իջնում է Բյուրականի բլուրից…և ես իմ աշխատանքն սկսում եմ, մեծ հայորդուն Բարի Լույս ասելով…
Հեռախոսայինն պատգամը գրի առավ՝ Խաչիկ Խաչերը 30/9/2018