ՖԵԼԻՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ

ՖԵԼԻՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ
Վախճանվել է արձակագիր
Ֆելիքս Շաքարյանը

Անցած տարեվերջին վախճանվեց ճանաչված արձակագիր, մի շարք մրցանակների դափնեկիր Ֆելիքս Շաքարյանը:
Ծնվել է 1939 թվականի մարտի 14-ին, Օձունում: Ավարտել է Երևանի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, սակայն ագրոնոմի մասնագիտությամբ աշխատել է ընդամենը վեց ամիս: Աշխատանքի է անցել Ալավերդու «Լոռի» շրջանային թերթի խմբա­գրությունում: 1973-1975 թթ. սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Բարձրագույն դասընթացն ավարտելուց հետո վերադարձել է Ալավերդի, դարձյալ աշխատել «Լոռի» թերթի խմբա­գրությունում: Մի ժամանակահատված էլ նա աշխատել է «Գիտելիք» ընկերությունում: Գրական աշխարհի մարդիկ լավ են հիշում Ֆ. Շաքարյանի հիմնադրած և խմբագրած «Գրական Լոռի» ամսագիրը, որը հրատարակվեց 1991-ից մինչև 2000 թվականը: Պատանի հասակից զբաղվելով լրա­գրությամբ՝ մշտապես նրա տարերքը եղել է գեղարվեստական արձակը: Առաջին գիրքը՝ «Իմ կանաչ պատուհանը» վիպակը, լույս է տեսել 1968-ին, ապա 1975-ին և 1983-ին լույս են տեսել «Վարդազարն իջավ լեռներից» և «Պարզկա գիշեր» վիպակների ու պատմվածքների ժողովածուները, 1987-ին՝ «Լեռները թիկունքում» վիպակը, նույն տարում՝ մանկական պատմվածքների «Մի անձրևոտ օր» ժողովածուն, իսկ 1989-ին հրատարակված վիպակների և պատմվածքների «Օջախի տերը» գիրքն արժանացել է «Գրիգոր Զոհրապ» մրցանակին: 2002-ին լույս է տեսել Ֆ. Շաքարյանի «Հանգույց», իսկ 2005-ին՝ «49 թվականը» վեպը: Վերջինս ներկայացվել է ՀՀ Պետական մրցանակի, ընդգրկված է եղել հավակնորդների լավագույն եռյակում: Ֆ. Շաքարյանն այն իր լավագույն գործերից մեկն էր համարում: Այս կարծիքին են նաև շատ գրականագետներ: 2007-ին լույս տեսած «Մարդ մնալու դժվարությունը» գրքում տպագրվել են համանուն վեպը և պատմվածքներ, իսկ 2010-ին հրատարակված «53 թվականից հետո» գրքում ընդգրկված են «Դու ես իմ բարեկամը» վեպը, «Վկան Շեկ աղբյուրի ձորն է» վիպակը և պատմվածքներ: «Հայաստան» հրատարակչությունը 2014-ին պետական աջակցությամբ հրատարակեց նրա «Օտարը» վեպը: Ֆ. Շաքարյանը մեր մարզում և հանրապետու­թյունում սիրված և գնահատված գրող էր: 2008 թ. «Հայ դպրություն» կազմակերպության կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, 2009-ին՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, իսկ 2010-ին «53 թվականից հետո» գիրքն արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակին: 2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Ֆ. Շաքարյանն անընդհատ ստեղծագործական տարերքի մեջ էր: «Իմ աստղի հետագիծը» վերտառությամբ նրա ստեղծագործությունների առաջին հատորը «Հայաստան» հրատարակչությունում է: Նա հասցրեց ավարտել նաև «Սև անձրև» վեպը:
Ֆ. Շաքարյանն իր անփոխարինելի տեղն ունի հայ արձակում և երկար կհիշվի ոչ միայն իր հարազատների, այլև գրչակից ընկերների, հազարավոր ընթերցողների կողմից:

ՀԳՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ