ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԻՇԱՏԱԿԻ ՑԵՐԵԿՈՒՅԹ

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԻՇԱՏԱԿԻ ՑԵՐԵԿՈՒՅԹ

Մայիսի 7-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ գրականագետ Ֆելիքս Մելոյանի ծննդյան  85-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ Ֆելիքս Մելոյանն ուներ իր գրական հայացքի ճշգրտած ուղեծիրը և հրաշալի հետք է թողել մեր գրական կյանքում: Ցերեկույթը վարում էր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որ անդրադարձավ գրական միջավայրում Ֆելիքս Մելոյանի գործունեությանը: Նա նշեց, որ Ֆելիքս Մելոյանը եզակի դեմքերից մեկն էր՝  ուղղախոս, միշտ հավատարիմ իր սկզբունքներին ու նրա գիրը գեղարվեստական գրականության զորություն ունի: Ֆելիքս Մելոյանի «Գրի իրականության մեջ» էսսեն ընթերցեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնային թատրոնի դերասան Յուրի Կիրակոսայանը: «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական  հիմնադրամի տնօրեն, արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը խոսեց  Հրանտ Մաթևոսյանի և Ֆելիքս Մելոյանի ընկերության ու նրանց սերնդի մասին՝ բնորոշելով  Ֆելիքս Մելոյանին  որպես հայ գրականության մեջ չափորոշիչներ ճշգրտող ու բարձրարժեք գրականությունը գնահատող գրականագետի: Ելույթ ունեցան գրականագետներ, բ.գ.դ. Աելիտա Դոլուխանյանը, բ.գ.դ. Վազգեն Գաբրիելյանը, բ.գ.դ. Պետրոս Դեմիրճյանը,  բ.գ.թ.  Արքմենիկ Նիկողոսյանը, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը: Նրանք  խոսեցին  Ֆելիքս Մելոյանի, սերնդակից  գրողների, նրա «Ընթացք» գրքի,  ուղենշային հոդվածների,  «Գրական թերթ»-ում և «Նորք» ամսագրում որպես խմբագիր աշխատանքի  ու գրականագիտական գործունեության մասին: Բանաստեղծներ Սամվել Կոսյանը, Շանթ Մկրտչյանը, արձակագիր Ռոլանդ Շառոյանը, ինչպես նաև Սպարտակ Նազարյանը պատմեցին Ֆելիքս Մելոյանի   հետ  գործընկերության և  հետաքրքիր հանդիպումների մասին:   Ելույթ ունեցողներն արժևորեցին Ֆելիքս Մելոյանի բացառիկ մարդկային ու մասնագիտական հատկանիշները: Ցերեկույթի ընթացքում Խաչիկ Մանուկյանն ուսանելի դրվագներ պատմեց Ֆելիքս Մելոյանի հետ ունեցած  զրույցների, տաղանդավոր գրողների նրա գնահատանքի, բարձր գրական չափանիշների մասին ու ավարտին արտասանեց նրան նվիրած իր բանաստեղծությունը: