Օսիպ Մանդելշտամ–125

Օսիպ Մանդելշտամ–125
Մայիսի 6-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ «Քչերն են ապրում հավերժության համար…» խորագրով գրական-երաժշտական հանդիսություն` նվիրված Արծաթե դարի դասական Օ. Է. Մանդելշտամի ծննդյան 125-ամյակին: Միջոցառումն անցկացվեց «Գրական հոբելյաններ» հանրապետական 7-րդ փառատոնի շրջանակում:
Երեկոն կազմակերպվել էր Երևանում գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Հայաստանի գրողների միության հետ …
Բացման խոսքով ելույթ ունեցավ Վ. Բրյուսովի անվան ՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ Օսիպ Մանդելշտամն իր գրականությամբ հսկայական ազդեցություն է թողել ոչ միայն ռուս, այլև համաշխարհային գրականության մեջ: «Հայաստանին նվիրած բանաստեղծական շարքով հաճախ ճանաչում են Հայաստանը` չլինելով Հայաստանում»,- ասաց նա և հավելեց, որ այս օրերին Օ. Մանդելշտամի հոբելյանը նշելը հատկանշական է նրանով, որ Շուշիին նվիրված նրա բանաստեղծությունը հսկայական ողբերգության պատմական շերտեր ունի և կոչնակի պես աշխարհին հնչեցնում է այն ծանր հարվածի մասին, որ կրել է Շուշին, և հարյուր տարի հետո էլ նույն կոչնակը պիտի զարկել, որ ճանաչեն Շուշիի, Արցախի ցավը: «Մանդելշտամը իր գրվածքներով հավերժանում է և՛ թեմատիկ, և՛ բանաստեղծական ձևերի, և՛ մարդկային էության խորքերը պեղելու, ճանաչելու առումով: Ուստի այս գրական հանդիսությունը մեր տուրքն է մեծ բանաստեղծի հիշատակին»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Գրական-երաժշտական կոմպոզիցիան ներկայացրին թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, օտար լեզուներ, ռուս և օտար լեզուներ և միջազգային հաղորդակցության միջոցներ ֆակուլտետների ուսանողները: