ՔՈ ԳԻՐԸ ԿՆՔՎԱԾ Է

ՔՈ ԳԻՐԸ ԿՆՔՎԱԾ Է

Գրիգորյան գրական տաղանդավոր և ազնվագույն տոհմից 84 տարեկանում կյանքից հեռացավ Վահագնը։ Հայրը՝ Վահանը, որի «Անիվ իմ դարձիր» բանաստեծությունը դրվատել էր Չարենցը։ Եղբայրը՝ Վարդանը, մահը նրան անգթորեն վաղ կտրեց հանկարծակի, պատմաբանից արձակ խուժած, արդեն իր անուրանալի, լրջագույն քանքարը երկու պատմական վեպերով հաստատած գրից։

Սիրելի Վահագն, ես քեզ ճանաչել եմ, երբ ուսանող էի, իսկ դու՝ «Թագավորի փոքր որդին» «Գարուն» ամսագրում տպագրած, լայն աղմուկ հանած վիպակի երիտասարդ հեղինակ, որին ԵՊՀ գրական խմբակով հրավիրեցինք համալսարան և N 51 թեք ու մեծ լսարանում կազմակերպեցինք քննարկում։ Ես էլ խոսեցի բարձր դրվատանքով, սակայն, երբ «Գրական թերթում» տպագրվեցին հատվածներ ելույթներից, իմ անվան տակ դրվել էր մի այլ մեկի քննադատական հատվածը։

Զանգեցի թերթի գլխավոր խմբագիր Սաղաթել Հարությունյանին և խնդրեցի ուղղում հրապարակել, նա ասաց, թե մի փոքր խոսք է, ինչ իմանանք ո՞ւմն է, որ ուղղենք, մի հուզվի, կարևորը Վահագնը լսել է խոսքդ։ Հետո Վահագնի հետ հանդիպելիս միշտ հիշում էինք այդ զավեշտը։

Վաթսունականների արձակի հզոր սերնդի շարքում դու գրավեցիր քո ուրույն տեղը, ժամանակակից կյանքի իրական ու հոգեբանական խորքերը վեպերի ու վիպակների բացահայտումով, որոնք մշտապես արժանացան գրականագիտական լուրջ գնահատականների։

Ինձ միշտ թվում էր, թե դու ջահել տարիներից մորուքավոր, մանր ու հետագայում խորացած կնճիռներով, եկել ես հայոց պատմական ժամանակներից։ Հետո չզարմացա, երբ դու գրեցիր «Ժամանակի գետը» ցեղասպանության թեմայով վեպը, որը ՀՀ պետական մրցանակի արժանացավ։ Գիրքը թարգմանվեց այլ լեզուներով։ Ապա գրեցիր «Պողոս-Պետրոս» քննախույզ պատմական վեպը։

Պատմական հայացքը թևածում էր նաև մեր ժամանակների հոլովույթը գրչին հանձնած «Առաջնորդի կյանքն ու մահը» հումորախառն վեպով։

Քեզ հատուկ էր նրբագեղ, մեղմ ժպիտդ տարածող հումորիկ պատմություններ հիշելն ու արձագանքելը նույնկերպ այլոց նմանատիպ պատմությունների ընթացքում։ Չեմ հիշում լիաթոք ծիծաղի որևէ արձագանք։ Միշտ զուսպ, կանաչավուն աչքերիդ սթափության հսկող դիտարկման ներքո։

Նաև տաք լիրիկան էր հասնում գրչիդ ելևէջներին, ինչպես «Թռչունի հոգին» վիպակում, լիտվական անտառներում ներշնչված պատմվածքներում։

Հանդիպել ենք Լիտվայում և մի շաբաթ իրար հետ երկար զրուցել հայ-լիտվական թեմաներով, ժամանակակից կյանքի համեմատական վիճակները բաղդատել։

Երկար զրուցել ենք ՀԳՄ-ում, երբ դու առողջ էիր և, ցավոք, երբ հիվանդությունն էր քեզ ներսից փորձում նվաճել։ Երբևէ չեմ տեսել պարտվածի վհատություն, էլի մեղմ ժպիտ ու ամեն ինչի նկատմամբ պատմականորեն, օբյեկտիվ նայվածք։

Լիտվայում կամ Հայաստանում նույն խորաթափանց քննությունն էր հայոց ներկայի հանդեպ։ Ուր էլ լինեիր, պատմության ու ժամանակակից ընթացքի բոլորիս հուզող ու տանջող ցավն էր զիգզագվում բանավոր ու գրավոր դաշտում։

Գրողի իսկական, դասական կերպար։

Թարգմանիչ էիր, հրապարակագիր, մանկագիր և, հաստատապես, շատ շատերի կողմից ընդունված հազվագյուտ արձակագիր։ Որը երբեք չփորձեց կուրծք ծեծել իր մեծությունը աչք մտցնելու, փառաբանվելու համար։

Նմանների ետևից է փառքը վազում։

Քո գիրը կնքել է մի հավերժ մանուկի, որն անմահ է։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ