ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ՀՈԳևՈՐԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ  ՀՈԳևՈՐԸ ԵՎ  ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը ամփոփվեցին ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի և ՀԳՄ-ի համատեղ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության» արդյունքները:

Պոե­զիայի ան­վա­նա­կար­գում 2-րդ մրցանակի արժա­նա­ցավ Հայկ Սիրունյանը: Նույն անվանակարգում 3-րդ մրցանակի արժանացան Նաիրա Ղուկասյանը, Գոհար Գրիգորյանը, Հրաչուհի Լո­ռեց­յա­նը: Ար­ձակի ան­վա­նա­կար­գում 2-րդ մրցանակի արժանացավ Անի Ղազարյանը, 3-րդ մրցանակի՝ Կա­րի­նե Մա­նաս­յա­նը: Մանկագրության անվանակարգում 3-րդ մրցանակի արժանացան Անի Խաչատրյանը, Գրետա Ալեքսան­յա­նը, Վովա Արզումանյանը:

Էդվարդ Միլիտոնյանը, նախքան մրցանակները հանձնելը, իր նկատառումները հայտնեց երիտասարդական գրական դաշտի վերաբերյալ, մասնավորապես՝ մանկագրության ժանրի բացակայության: «Երիտասարդները պատանիների, մանուկների համար հազվադեպ են փորձում գրել: Այնինչ դա աշխարհում ամենաընթերցվող, տարածվող հրաշալի ժանրերից է»,- ասաց նա:

ՀԲԸՄ ներկայացուցիչ Օհանես Եորդեկյանը նշեց, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր 116 տարվա պատմության ընթացքում լայնորեն աջակցել է հայ գրականությանը, գրողներին և՛ այստեղ, և՛ Սփյուռքում: «ՀԳՄ-ի հետ երկարամյա գործակցության ընթացքում այս մրցանակաբաշխությունը մի նոր նախաձեռնություն է, որի նպատակը հոգևորը քաջալերելն է և երիտասարդ գրողներին խրախուսելը»,- ասաց նա:

Ի դեպ, հանձնաժողովը ոչ մի անվանակարգում 1-ին մրցանակի ոչ ոքի չէր արժանացրել:

Շա­քե ԵՐԻՑՅԱՆ