ՔԱՅԼԻ ԱՐԺԵՔԸ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՔԱՅԼԻ ԱՐԺԵՔԸ

Շախմատն ամեն մարդու, ամեն համայնքի ու կազմակերպության ու նաև պետություններին լուռ հուշում է՝ ամեն քայլից առաջ մտածել ախոյանի հնարավոր պատասխան քայլերի մասին։ Այս խաղում քայլ ետ տալ չկա, ձեռք ես տվել՝ խաղա։ Բարդ իրավիճակներում տարբերակները, բնականաբար, բազմաթիվ են և արագ քայլեր անելը հղի վտանգներով, պարտության համար միակ մեղավորը դու ես։ Շախմատիստը մի քայլ անելու համար, եթե բլից  կամ արագ շախմատ չէ, կարող է մտածել իր ժամանակի շրջանակում երկար, իհարկե, հանգուցային քայլերի մասին է խոսքը։ Այդ խաղում կան դիրքեր, երբ յուրաքանչյուր քայլն էլ կարող է ճակատագրական լինել։ Հաղթում է նա, ով ավելի ճիշտ է կողմնորոշվում, ով ավելի խոր ու տարբերակային է հաշվարկում։

Շախմատիստը չի փորձի խռովկան երեխայի նմանվել, ոչ էլ առաջին անգամ շքեղ ունիվերմագ մտած մանկան՝ աչքերը հիացմունքից, զարմանքից ու ոգեշնչումից չռած։ Նա համբերատար է և չի ձգտում ամեն ինչ միանգամից ձեռք բերել։ Դիմացինին նա չի թերագնահատում, ուսումնասիրում է նրա հոգեբանությունը։ Ահա թե ինչու են շախմատը համարում իմաստուն խաղ, ահա թե ինչու է և՛ սպորտ, և՛ գիտություն, և՛ արվեստ անվանվում։ Ի՞նչ եմ ուզում ասել. այսօր աշխարհը նման է բարդ, խառնակ շախմատային իրավիճակի։ Տեսնում ենք պետությունների արևմտյան խմբավորում, արևելյան խմբավորման փորձ։ Տնտեսական միավորները ձգտում են ռազմաքաղաղականի վերածվել։ Տարբեր տարածաշրջաններում պայթած պատերազմները ստիպում են անգամ հզորներին՝ ուրիշների ձեռքով իրենց նպատակներին հասնել։ Հալ ու մաշ անել իրենց հակառակորդներին ու մրցակիցներին՝ Ամերիկան Չինաստանին ու Ռուսաստանին, Թուրքիան էլ մխրճվում է շրջակա երկրների կռիվներում ու պահանջում վերակերտել Օսմանյան կայսրության իր ակնհայտ երազանք-մարմաջը, հաճախ չենթարկվելով ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ Ռուսաստանի և ոչ այլ ուժերի թելադրանքին։ Փոքր եղբայրներին մղում է արևելք, տարբեր տնտեսառազմաքաղաքական կառույցներում ներգրավելով՝ որոշիչ ձայներ է ամրապնդում և պարզորոշ խորամանկությամբ ու նենգությամբ իր խաղն է տանում արևմուտքից արևելք և ոչ մի հզոր, անգամ Ամերիկան, սաստելով չի զորում ետ պահել նրան և ոչ էլ տնտեսական պատժամիջոցներ է գործադրում, ինչպես այլ երկրների հանդեպ։ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո ոչ մի թթու խոսք չասվեց նրան։ ՄԱԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ և այլն, կարծես չքմեղ հարսի քող են քաշել իրենց երեսին։

Ադրբեջանն էլ ավագ եղբոր հրահանգներով մերթ բացահայտ, մերթ նենգ ժպիտով ահաբեկում է հյուսիս, հարավ, արևմուտք, իհարկե չի մոռանում բարբաջել խաղաղ համակեցությունից։ Աշխարհի լռության համար նա նավթ և գազ է վաճառում։

Աշխարհը մի մանրածախ առևտրի շուկա է դարձել (ձեռի հետ էլ նմանակելով հիբրիդային մեթոդներին), նաև՝ բարդակ։

Խոսքս աշխարհին ուղղելուց առաջ, առավելապես ինձ ու մերոնց եմ հասցեագրում՝ այս պղտոր, խարդվանքներով լի իրավիճակում խոսելուց առաջ, որոշումներ կայացնելուց առաջ չխորշել վերածվել ձեռքը ճակատին դրած գրոսմայստերի և ամեն ինչ անել սահմանային կռիվները մեր մեջ չտեղափոխելու համար։ Ժողովրդի անունից քիչ խոսենք, քանզի մեր հայրենակիցները պարտավոր չեն լինել խորագետ քաղաքագետ, դիվանագետ, թեպետ բոլորը սիրում են շախմատ խաղալ, բայց երբեմն քայլը ետ վերցնելու պայմանով։ Հիշենք՝ երամն իր միասնությամբ, անվերջ շարքում յուրաքանչյուրի ճշգրիտ հերթագայությամբ ավելի ուղղակի է գտնում չվելու վայրը։

Ի տարբերություն հավքերի, մենք չենք պատրաստվում չվել, լինենք երամ մեր Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում։ Յուրաքանչյուրն իր դերը գտնի խաղատախտակի առջև՝ մտածելով և գործելով առանց մանկական հուզումների և կտրուկ, չհաշվարկված քայլերի։

Շատ լավ էր, որ հայամետ Նենսի Փելսսին եկավ ու մեզ սատարման ու Ադրբեջանին տեղը դնելու խոսքեր ասաց, սակայն ԱՄՆ-ում 907 բանաձև կա, որով բազմամիլիոն օժանդակություն է տրվում հայ կին քառատող, Իգիլից սովորած մեթոդներով գործող բարբարոս մեր սահմանակցին, տեսնենք դա կչեղարկվի՞, տեսնենք հեռու բարեկամն է լա՞վ, թե՞ մոտիկ դաշնակից հարևանը։ Որքա՞ն կարելի է մեր պատմության մեջ երկու կողմերի միջև միշտ կողմնորոշումներ փնտրենք, ու մեկ ձախ, մեկ աջ, անվերջ հողեր կորցնելով, և կռիվը մեր մեջ բերենք։ Մի քիչ դիվանագիտություն սովորենք մեր հին ու նոր թշնամիներից։

Մեջբերեմ Աննա Ախմատովայի սթափեցնող բանաստեղծության մի քառատող, գրված 1942 թվականին, ինձ թվում է մեզ է ուղղված, ասենք ամեն մեծ գրվածք բոլորին է անհրաժեշտ հաց ու ջրի պես.

Հայացքս հառել եմ հեռու հորիզոնին,

Ուր խենթ խոլապար են քամիներն սկսել…

Օ՜, երեք ճակատ կա մեր միջև, ընկե՛ր իմ.

Մեր և ոսոխի ու… էլի՛ մի անգամ մե՛ր։

(Թարգմ.՝ Լևոն Բլբուլյանի)