ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԿԻՍԱՄՇՈՒՇ
ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԿԻՍԱՄՇՈՒՇ
2026 թվականի փետրվարի 12-ի առավոտյան Երևանի Մալաթիա թաղամասի կողմերը մշուշ էր, ավելի ստույգ՝ կիսամշուշ։ Գրողի երևակայությունը եզրեր է փնտրում իրականության և բնական երևույթների, քաղաքական մթնոլորտի և եղանակի արագ փոփոխականության միջև։ Այսպես գրողը կիսամշուշը վերաբերեց նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստանում տված ասուլիսների և նրանց թարգմանության ու տարատեսակ, հաճախ լրիվ հակառակ մեկնաբանություններին, ինչն առաջացրեց փոթորկահույզ իրավիճակներ։ Հատկապես ճշմարտության տեսք առած ստի և ստի թեթևությամբ թռվռացող ճշմարտության խաղերը հաստատապես կիսամշուշի են նման, որից գլուխ չի հանի ժողովրդի մի մասը, իսկ մյուս մասը ձեռքը թափ կտա ու կանցնի առօրյա հոգսերին։
Բայց ահա քաղաքական գործիչները նախընտրական եռուզեռի ձգտումով միմյանց են քրքրում՝ անվանելով տարբեր երկրների գործակալներ, ծառայողներ, դավաճաններ…
Եկեղեցի և կառավարություն խորացող հաամարտությունը ընդհանուր հայության ջղերն է սասանում, պատմական հոգևոր ինքնության հիմքերը վտանգավոր ցնցումների է ենթարկվում։ Սրան գումարենք քրիստոնյա աշխարհից հնչող զգուշացում-անհանգստությունը։
Հայ Առաքելական սուրբ եկեղեցին տեղ-տեղ ճաքեր է տալիս, Սփյուռքում ևս իրարանցման քամի է։ Ոմանց թվում էր, թե պարոն Վենսը քրիստոնեաբար կհորդորի խաղաղվել, սակայն նա, կարծեմ, չի անդրադարձել այդ թեմային։ Գրողը քանիցս հորդորել է հանդուրժողականության քայլեր անել միմյանց հանդեպ։ Սակայն գրողին ընկալելու ջանք չի նկատվում, նույնիսկ հնարավոր է նրան համարել խորքային անցուդարձին անտեղյակ։
Պարոն Վենսը կնոջ հետ այցելեց Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց, հետո, ոնց երևաց, դրսում գրառեց թանգարանի հուշամատյանում։ Հետո իր X-ի էջում դրվել է լուսանկար և տեղեկություն, սակայն ժամեր անց հանվել է։ Կիսամշուշ է, պարզ չէ, այցելել է արարողակարգո՞վ, թե՞, ինչպես ինքն է ասել հարցազրույցում, իրեն հորդորել են (ովքե՞ր, ամերիկահայե՞րը, Հայաստանի գործակիցնե՞րը) այցելել հուշահամալիր։ Այս վիճակն էլ նմանվեց կիսամշուշի, ԱՄՆ-ից դեմոկրատ, նախկին սենատի խոսնակ, ժամանակին համալիր այցելած Նենսի Փելոուսին քննադատեց Ջեյ Դի Վենսին, Հայաստանի ԶԼՄ-ները, սոցցանցերը դառնորեն արտահայտվեցին։ Մի բան հաստատման կարիք չի զգում, որ Թուրքիան և Ադրբեջանը մինչև Թրամփ իրենց բողոքն են հասցրել։ ԱՄՆ-ի երկու ազդեցիկ կուսակցությունների միջև կռվախնձոր է դառնալու ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը։ Ամերիկահայերը կարո՞ղ են այս իրավիճակում իրենց դիրքերն ամրապնդել ու կարևոր դերակատարի խաղ առաջադրել։ Սա նաև որոշակի նեցուկ կլինի Հայաստանին Թուրքիայի և Ադրբեջանի օրավուր աճող աշխարհաքաղաքական պահանջների ու ազդեցության դիմաց։ Գրողը չի կարծում, թե սա հնամաշ մեթոդ է և պետք է հարմարվել ընթացիկ խաղին։
Կիսամշուշի նման էր նաև Հայկական ատոմակայանի ապագային և նորի կառուցման խնդրի վերաբերյալ քննարկված համաձայնագրի թվերը՝ 5 մլրդ դոլար, 4 մլրդ դոլար տվյալների բազա…
Ծավալվեց տարօրինակ թարգմանական վեճ՝ ասվել է ներդրո՞ւմ, թե՞ տրվելու է պարտքով, վաձահատույց… Օդանավակայանում լրագրողները փորձեցին ճշտել, բայց, կարծեմ, վերջնական պարզաբանում չընկալվեց։
Կիսամշուշ է նաև մոդուլային ատոմակայանի շուրջ։ Քննարկումների փուլ է անցնելու։ Նախկինում մեր պաշտոնյաները հայտարարում էին, թե դիմել են նաև Չինաստանին, Ֆրանսիային, Ռուսաստանն ուներ նորի կառուցման ծրագիր… ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում ռուսները կառուցում են ատոմակայան։ Ինչքան գրողը տեղյակ է, ԵՄ անդամ մի այլ երկրում ևս կառուցում է։ Որոշ վայրերում Չինաստանն ու Ռուսաստանը մոդուլային ատոմակայաններ ևս կառուցելու փորձ ունեն։
Գրողը հորդորում է ոմանց չկարծել, թե ինքը Չինաստանի և Ռուսաստանի գործակալ-քարոզիչ է, քավ լիցի, նա այս գործերից ոչինչ չի հասկանում, մտածում է միայն երկրի էներգետիկ մշտական ապահովության մասին, կախում չլինի որևէ մեկից ու հարկ եղած դեպքում չընկնենք մամլիչի տակ՝ այլ հարակից պահանջներ իրագործելու ուղղությամբ։
Այդ ամենի հետ մեր երկրի անվտանգությունն է հուզում, ատոմային ցնցումներից հեռու մնալու աղոթք մրմնջալով։
Զարմանալի է, որ այս քննարկումների տուրուդմբոցի արանքում ոչ մի ատոմային կայանների մասնագետի խոսք չհնչեց։ Խոսում են հիմնականում քաղաքագետներն ու պաշտոնյաները և ընդիմադիրները, որոնք վերոհիշյալ ասպարեզի գիտելիքների ուսումնասիրությունից, մեր և այլ երկրների փորձից, երևի թե, այնքան էլ քաջատեղյակ չեն։ Կիսամշուշ է որևէ ասպարեզի մասնագետ-փորձագետների կարծիքները խորապես քննելու տիրույթներում։
Պարոն Վենսն այցելեց Բաքու։ Ժլատ լուրերից պարզ է դառնում, որ այնտեղ քննարկվել է հայ պատանդների ու գերիների հարցը։ Թե ի՞նչ, հետո կերևա։ Բաքուն բանի տեղ կդնի՞ իրենց լուրջ գործընկեր համարող հզոր երկրի պաշտոնյային։ Ախր այդ երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն էր և Արցախի ղեկավարների հետ, որոնք պատանդ են ու կալանավորված, քննարկել են Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը։ Այժմ այդ խումբը ցրված է։ Եվ քար լռություն՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ։ Քաղաքականությունը մշտապես փոխում է դեմքը։
Ալիևը մի երկու օր առաջ Մյունխենում հայտարարեց՝ կալանավորվածներին ներման վճիռ չի տրվելու
Ադրբեջանի բյուջեն գայթակղիչ է, և ԱՄՆ-ը զենքի բազմամիլիոն վաճառք է անելու։
Նաև, կիսամշուշի մեջ որքանով գրողն ընկալեց, պարոն Վենսը նրանց գործարարներին առաջարկել է ներդրումներ անել Թրամփի ուղու կառուցման համար։ Երևի մերոնց էլ է առաջարկել։ Կամ ամերիկահայերին։ Բայց ախր Ալիևն ասել էր՝ իրենք հայի երես չեն ուզում տեսնել էդ ճամփին։
Ասվում է, որ նոր տեխնոլոգիաները այդտեղ կառավրող ընկերության հովանու տակ հայի և ամերիկացու գործառույթներ կիրականացնեն։ Ո՞վ է երաշխավորելու մեր երկրի անվտանգ կեցությունը, ԱՄՆ-ը վկա է և ոչ տեր զինված ուժերով։ Այդպիսիք չեն լինելու։ ԵԱՏՄ-ից էլ իրենց պահանջներն են հուշում այդ վայրի վերաբերյալ՝ մաքսային իրավունքներ և այլն։
Այ մարդ, գրող ես, գրող ու ցավ ես, ի՞նչ ես, չե՞ս հասկանում՝ ուժեղները բոլոր հարցերը կլուծեն, մեզ էլ իրենց թևի տակ կպահեն բիզնեսի տոկոսներով։
Գրողը փնթփնթալով գնում էր անձրևի տակ, ու շիթերը չխանգարեցին լսել նրա մրմունջը՝ հայերն իրար չեն փորձում հասկանալ, սպասում են մի բռունցքով ուժեղը գա ու սիրեն նրա դրոշը, նրա լեզուն, նրա խոստումները։ Դարերի ընթացքում այդպես է եղել, այդպես գնում ենք։ Իսկ հետո ի՞նչ է լինելու, գլուխը քարը, հայի վերջին խելքը կա ու կա։ Կբալանսավորի, ոչ մի ուժեղ հարևան ու առայժմ դաշնակից երկիր չի նեղանա, մենք բաց ենք բոլորի առջև։ Մնում է գործընկերները 49 տարում համատեղ աշխատանքում նույնքան բաց ու սիրով գործեն։
Մենք մշտապես հավատում ենք անգամ քաղաքականության թաքուն խորխորատներին։ Ասում ենք՝ Աստված բարին կատարի, մեզ հետ են հզորները, կիսահզորները, նախկին թշնամիները, ներկա բարեկամները։
Գրողն էլ ժպտալով բշտեց ինքն իրեն, ախր ինքն էլ առանձնապես մի փիլիսոփա, միջազգայնագետ կամ տնտեսագետ չէ, վերջից մի խոսի, լավ է հայի առաջնային, ընթացիկ ինքնիշխան, հեռատես խելքը վկայակոչի։



