Փետրվարի 22-ին Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:

Փետրվարի 22-ին Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:
Անպայման ուզում եմ նշել այդ օրը, և որոշեցի նրա մասին ասել օտարի խոսքով: Համացանցում «որոնում» տվեցի (ռուսերենով), ավելի քան հարուստ նյութից ընտրեցի այս մեկը՝ Լեոնիդ Վոլոդարսկու պաշտոնական կայքից, որը ներկայացնում եմ մասնակի կրճատումներով ու, բնականաբար, թարգմանաբար:
«Արտավազդ Փելեշյան. «Մեր դարը»: 1982 2.
Այս ֆիլմը փնտրել եմ 80-ական թվականներից, երբ առաջին անգամ, կինոգետների համար կազմակերպված փակ դիտումներից մեկի ժամանակ, էկրանին տեսա այն: Եվ վերջապես ԳՏԱ՛ (գրառումն արված է 2010 փետրվարին): Ո՞վ է Փելեշյանը: «Տարածական մոնտաժում» անվանված մեթոդի հեղինակ, կինովավերագրող (թեև այն, ինչ նա է ստեղծել, ես չէի անվանի «վավերագրություն», ավելի ճիշտ՝ կինոգեղագրություն), պրոֆեսիոնալ կինոաշխարհում բոլորին է հայտնի նրա անունը: …Այն, ինչ անում է Փելեշյանը ամենասովորական ու շարքային կինոնյութից՝ հրաշք է: Հենց այնպես, հեշտ ու հանգիստ վերցնում է մկրատն ու… կտրում է: Ցավոք, նրա ստեղծագործությունները տեսնելու հնարավորություն ՉԿԱ. միայն կինոփառատոներում ու մի քանի կինոակումբներում:
«Մեր դարը» անցած դարի հեռավոր 60-70-ականներին տիեզերքը նվաճած մարդկանց մասին է: Դա, իրոք, դրամատիկական պոռթկում էր. ֆիլմում չկա բառ, հեղինակային խոսք, ամեն ինչ պատմում է պատկերն ու ապշեցուցիչ ճշգրիտ հնչունավորումը, որում մոնտաժված են՝ երաժշտություն, տիեզերանավի շարժիչների որոտ, ռադիոբանակցություններ, Դոբրովոլսկու այրու արնասարսուռ հեծեծանք… «Մեր դարը» տիեզերքի առաջամարտիկների հիմնն է, և իր ազդեցության ուժով համեմատելի մեկ այլ նկարահանված որևէ բան այդ թեմայով ես չեմ տեսել»:
Կյանքի օրոք դասական ընկալվող ռեժիսորի վերջին ֆիլմը նկարահանվել է 1993 թվականին: Եվ մինչ օրս լռություն է, ես կասեի՝ պայթող լռություն, որի մեջ բազմահազարների սպասումը կա, ու կա հարց, որն իր պատասխանը կգտնի՞ արդյոք…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ