ՏՈՀՄԻԿ ԱՍԱՑՈՂԸ

ՏՈՀՄԻԿ ԱՍԱՑՈՂԸ

Պատանի տարիքից մինչև հիմա Արտաշեսի դեմքին մի բրածո տխրություն կա, որ չի պատմվի և չեմ առնչում միայն Սասունից ելնելու հետ, ավելի ընդերքային է, նրա դեմքն էլ ձորերի ու ժայռերի ստվերներ ունի, Մարութա սարի առասպելներով է հերկած, նաև տոհմիկ բառ ու բանի շղթան է զնգզնգում, երբ հանկարծ պոռթկում է գրական առիթով։ Նա չի խոսում խուլ ու ուշադրութուն լարելու կամքով, ասում է իր խոսքը գրչակից ընկերների գրքերի մասին, ապա գրում է, ապա էլի խոսում դասական գրողների ու նկարիչների մասին, ևս գրում էսսեներ ու չի հոգնում ուրիշի գիրը իրենը համարելու բարձր, խոհական, ազնվական վարքից։ Ի ծնե է։ Նա Մուշեղ Գալշոյանի կեցվածքի կայծերն ունի և սիրելի է նրա տուրքը գրողական համակեցության դժվար ու քմահաճ ընթացքում։ Նա չի սպասում, որ գրեն իր ստեղծածի մասին, կարծես չի կարևորում իր բանաստեղծությունը, նա իր դերն է խաղում բացճակատ ու դիպուկ։ Երկար վերարկուն հագած՝ մերթ Սարոյանի արձանին է նման, մերթ Միքայել Նալբանդյանի արձանացումն է շնչավորում, և երբեք չես ասի, որ խաղ է, դերասանություն։ Հավատում ես նրա կերպարի մաքրությանը, նրա գրի բարձրությանը, նրա հայերենի արմատական, ձայնավոր ու բաղաձայն թրծվածքներին։ Չի վախենում պարզ ու բարդ լինելուց, վախենում է աշխարհի մշակութային  դաշտից հեռու, անհասցե կայանելուց։ Նրա գրվածքներից ընթերցանության վայեյքի ծփանք ես զգում։ Կարդում է և ապրում գրի մոգական ամպը, անձրևում է ու բաշխվում։

Սիրելի Արտաշ, դու Ղազարյան լինես թե Արամ, մեկ է, դու ինքդ ես, ինքնատիպ, անկրկնելի և բազմանուն՝ բոլոր տաղանդավոր ընկերների համաձուլմամբ։

Պահպանիր քեզ, դու և քո գրիչը Կաթնաղբյուրի գռի մեջ եք կնքվել, ապրեցնող եք։

Հ.Գ.

Վերոհիշյալ էսսեն տպագրվել է 2015 թ. «Գրական թերթում», Արտաշես Արամի 60-ամյակի առթիվ, հիմա նա գնաց միանալու անմահության դռնից անցածներին, բայց նրա գիրը ապրեցնող է, ինչպես նշել եմ, և ապրեցնելու է իր տիրոջը։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ