Տագնապներ հանուն ապագայի

Տագնապներ հանուն ապագայի
Նոյեմբերի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի «De՛jՈ Vu. Հալեպ՝ սիրո և մահվան հովիտ» վեպի շնորհանդեսը:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով գրականագետ, թարգմանիչ, 100-ից ավելի գրքերի հեղինակ Ֆելիքս Բախչինյանին, անդրադարձավ վեպին, ընդգծելով. «Բախչինյանը բերում է հոգիների վերաբնակեցման թեզը՝ ապացուցելու, որ մեր կենսագրությունը միայն այսօրվա կենսագրությունը չէ: Վերաբնակեցված հոգին իր մեջ կրում է ցեղի, մարդկության նախորդ ողջ պատմությունն ու ճակատագիրը»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց. «Մարդ, քաղաք թե բանաստեղծություն՝ այդ ամենը Ֆելիքսն անցկացնում է իր քուրայով և դարձնում մտորում, սյուժե, իր պատմածի շարունակություն: Գրքում իր առանցքի շուրջ պտտվում են պատմությունները, տեսիլքները՝ սկսած հին դարերից մինչև այսօր, մինչև սիրիական ներկա պատերազմը՝ տեղ-տեղ բերելով Սիամանթոյի «Պարի» տեսիլքը, որը դառնում է գրվածքի ողնաշարը: Իսկ մնացած պատմությունները գալիս-շարունակվում են, ագուցվում են նրան»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:
ՀՀ Սփյուռքի փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Այս գիրքը ամբողջությամբ կոնֆլիկտների և դրանք լուծելու գիրք է, էսսեատիպ վեպ, որի յուրաքանչյուր գլուխ ինքնուրույն միավոր է»:
Ըստ Սուրեն Դանիելյանի՝ «Անցյալի հիշատակները գերիշխում են, և նրանց նկատմամբ Ֆ. Բախչինյանի սթափ հայացքը նույնքան մտածումների է բերում՝ մտածում այսօրվա մեր ժամանակի, մեր գրողի առջև՝ իբրև պատասխանատվություն, իբրև գեղարվեստականի ընկալման ու այդ տրոփի վկայություն ու արտահայտություն»:
«Բովանդակային առումով այս գիրքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարվանից հետո ուղերձ է ապագային»,- ընդգծեց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Ելույթ ունեցան նաև բան. գիտ. դոկտոր Լալիկ Խաչատրյանը, բանաստեղծներ Թորոս Թորանյանը, Արևշատ Ավագյանը, Ժան Վարդանը: