Վերանայել, վավերացնել, վերակերտել

Վերանայել, վավերացնել, վերակերտել
Փետրվարի 2-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հրապարակախոս Վահե Մեսրոպյանի (ԱՄՆ) «Վերանայել, վավերացնել, վերակերտել» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց «Կալիֆոռնիայի հայ գրողներ» միավորման պատասխանատու քարտուղար Վ. Մես­րոպյանին ու նշեց, որ նա այնտեղի գրական շրջանակներում հանդես է գալիս հրապարակախոսական, պատմագրական նյութերով: «Վահե Մեսրոպյանն իր գրվածքներով լուրջ առաքելություն ունի վերլուծելու ժամանակը՝ այս ժամանակը, պատմական ժամանակները՝ ներկայացնելով գրքեր, որոնք նպատակ ունեն ծառայելու մեր ժողովրդի ներկային ու ապագային»,- ասաց ՀԳՄ նախագահը:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, հանգամանորեն ներկայացնելով Վ. Մեսրոպյանի կյանքն ու գործը, ուրախալի երևույթ համարեց ԱՄՆ-ում հայկական տարբեր գրական միավորումների գոյությունը՝ Ամերիկայի հայ գրողների միությունը Կալիֆոռնիայում, Ամերիկահայ գրողների միությունը, որ գործում է Բոստոնում՝ Թորգոմ Բոստանջյանի ղեկավարությամբ, և Նևադայի նահանգի հայ գրողների միությունը: «Հայ գրողները ստեղծագործում են, և չի կտրվում այն երակը, որը մեր հայապահպանության հիմնական ակունքներից մեկն է, որովհետև խրախուսվում են մեր պատմությունը, մեր ավանդույթները»,- ասաց նա:
Ըստ ՀՀ ժողովրդական նկարիչ Վահե Թադևոսյանի՝ Վ. Մերսոպյանը թաթախված է հայկական մտածելակերպի, հոգեվիճակների մեջ և ուզում է իր ձևով բացատրություն տալ այդ ամենին:
«Վահեի նման անձնավորությունները կարողանում են խարիսխ նետել և հայության համար ստեղծել գոնե այդ տարածքներում բերրի հող, որը կպահպանի մեր հայությանը»,- ասաց Արտեմ Հարությունյանը:
Ելույթ ունեցան նաև Հովհաննես Զատիկյանը, Արմեն Սեդրակյանը: Շորհակալական խոսքով ելույթ ունեցավ Վահե Մեսրոպյանը: