ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Հայ գրականությունը հերթական ցավալի կորուստը կրեց. 58 տարեկանում վախճանվեց արձակագիր, 1996 թ.-ից ՀԳՄ անդամ, “Գարուն” գրական-գեղարվեստական ամսագրի և “Ապոլոն” հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը:
Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է “Պիոներ” /այժմ՝ “Աղբյուր”/ ամսագրի խմբագրությունում: 1987 թվականից՝ “Գարուն” ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղար /1991-ից/, գլխավոր խմբագրի տեղակալ /1993-ից/: 2002 թվականից “Գարուն” ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1993-ից՝ նաև ամսագրին կից “Ապոլոն” հրատարակչության գլխավոր խմբագիրը:
Վ.Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ “Հին ահ” խորագրով, հրատարակվել է 1991 թվականին: Այնուհետև լույս են տեսել “Ճանճի ամիսը” /1998/, “Համեմատական կենսագրություններ” /2004/ վեպերը, “Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի”/2003/ մանկապատանեկան պատմվածքների, “Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին” /2009/ արձակ գործերի, “Անխարիսխ և անհենարան՝ երկրագնդի նման” /2007/ հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:
“Պատմություն մեծն Կովկասի” վեպը 2009 թվականին /անտիպ, տպագրվել է 2013 թ./ արժանացել է Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ “Հայը 21-րդ դարասկզբին” մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:
Վարուժան Այվազյանի՝ ինքնատիպ գրողի, լրագրողի, գրական անբասիր գործչի, ճշմարիտ մտավորականի հիշատակը վառ կմնա նրա հարազատների ու մտերիմների, գործընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում:
Հայաստանի գրողների միության վարչություն

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այն, ինչից հեռանում ենք տարեցտարի`
կյանքի վառվռուն ելակը` պտղած
կատաղի կարմիր ու կրքոտ…
Բայց տարիների հետ, ավաղ,
դալկությունն է գալիս`
իմաստության արգելված պտղի դալկությունը,
որ ուրիշ քաղցրություն ունի, ու իր աչքն ուրիշ`
վերաբարձրատար հողմերի վրա է, ուրիշ…
Մենք դա գիտեի՞նք այն ժամանակ, երբ`
երկու գեղջուկ տղա, «շնորհալի սկսնակ»,
նստած զրուցում էինք Սունդուկյանի թատրոնի
պուրակում, ստվերոտ մի ծառի տակ
(ես` քաղաքապետարանից, դու` «Գարունից»`
հանդիպման դուրս ելած)…
…………………………………………………………
Հիմա դու արդեն հստակ տեսնում ես Շտեմարանը,
ամբարները շնորհի ցորյանի, Մառանը մեծերի մրգերի…
Քեզ այստեղ չտեսնելու տվեցին սոցիալական
բարիքների ցոգոլ լափողները պատեհապաշտ,
բայց դու հիմա` Այդտեղից, հեգնանքով ես նայում
այդ ամենին, անշուշտ:
Հիմա ուրիշ հնչյունների
ժխոր է հնչում այստեղ,
բայց դու արդեն մոտ ես Հաշտերգությանը…
Զավեն ԲԵԿՅԱՆ

Ու է­լի մահ­վան գույ­ժի ազ­դե­ցութ­յամբ է, որ զգում ես ինչ­քան մեծ պարտք ու­նես մար­դու, գրո­ղի, ըն­կե­րոջ հան­դեպ: Ըստ էութ­յան՝ չըն­թերց­ված տա­ղան­դա­վոր գրո­ղի, ըստ էութ­յան՝ չհաս­կաց­ված մարդ-տե­սա­կի, ըստ էութ­յան՝ այդ­պես էլ ըն­կեր չդար­ձած ըն­կե­րոջ: «Հին ա­հը», «Ճան­ճի ա­մի­սը», «Հա­մե­մա­տա­կան կեն­սագ­րութ­յուն­նե­րը», «Պատ­մութ­յուն Մեծն Կով­կա­սի» ըն­տիր գոր­ծե­րը, որ Վա­րուժն է մեզ թո­ղել, հու­սով եմ, իր էս անս­պա­սե­լի մահ­վան ազ­դե­ցութ­յամբ (մե­ղա, մե­ղա), գո­նե հի­մա կկար­դանք. ու հու­սով եմ, որ մեր ըն­թեր­ցո­ղա­կան, գրա­կա­նա­գի­տա­կան, մշա­կու­թա­բա­նա­կան պարտ­քը Վա­րու­ժին՝ ինչ-որ չա­փով դեռ կհա­տու­ցենք: Չգի­տեմ՝ քա­նի­սը մեզ­նից կգի­տակ­ցեն՝ ինչ մեծ կո­րուստ է Վա­րու­ժի կո­րուս­տը….
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՔՈ ԲԱՑԱԿԱՆ…
…Ամեն օր, կամ գրեթե ամեն օր մահվան ու հիվանդության լուրեր ենք լսում: Բոլորիս ճամփան է ու «աշխարեմեն բան չի պակսում», բայց ինչ էլ լինի, տխրում ես, սիրտդ ցավում է, թեկուզ չես ճանաչում, թեկուզ չգիտես, թե ով է… մտովի, բնազդով զգում, հասկանում ես, որ մեր մեծ ճանապարհի մի ուղևոր էլ պակասեց, ևս մեկն այլևս չի քայլում քո կողքից, առջևից, ետևից, քեզ հետ… …Իմ լեռնաստանի չնաշխարհիկ ցայգաբացն էր …պիտի գրեի, որ Արեգակը ձեռքը մեկնել, լեռների գլխից նարնջագույն թիկնոցն առել ու գցել է ուսերին … պիտի ասեի, որ թիկնոցի փեշերը կարճ են, չեն ծածկել նրա հուրվառ կոնքերն ու լուսափաթաթ ազդրերը … պիտի գրեի, որ հանդ ու սարերի, ծմակների ձյունե ճերմակությանը շաղ տված այս ոսկեփոշին նրա լուսվառ, լուսպար մարմնի, կոնքերի ու ազդրերի խայտանքն է….. Պիտի գրեի, բայց իմացա, որ մեծ ճանապարհի մի ուղևոր էլ է պակասել, ով այնքան էր սիրում կյանքն ու աշխարհը, ու երբ այսպիսի տողեր էի գրում իմ լեռնաստանի արշալույսների ու մայրամուտների մասին, կարդում ու ասում էր . – Երանի քեզ ու քո աչքերին, ախպեր … Նա այլևս չի քայլելու, չի լինելու մեզ հետ , ով մեր ընկերն է, իմ ընկերն է, ում հետ «Գարունափթիթ» ճամփաներով իրապես ու մտովի քայլել ենք անհատնում հեքիաթ ….Ջավախքի սարերով, Լոռվա ձորերով, մեծ ու փոքր քաղաքների փոշոտ փողոցներով ու լեռների ծաղկերիզ կածաններով, քայլել ու անցել, գնացել անկանգառ, անդադրում, անվերջ: …Ասելիքը՝ շատ, իր գրածն ու արածը՝ շատ, վերջին տարիներին էլ «Գարուն-ը այնքան ծաղիկ էր վառել», ու ինքն էլ խենթացել ու արբում էր գարնան բույրերով: Զրուցելիքը՝ շատ, կարոտը՝ շաաատ, ու դեռ ինչքան երազներ ուներ ու ինչքան ճամփաներ… թվում էր, թե վերջ չի լինելու, ավարտ չի լինելու, բայց… Գրեթե ամեն տարի իմ այգու ֆոնի արաղից, սալորի արաղից, ճանջուռի արաղից, տանձի արաղից ախպերաբաժին ուներ: Երբ վատառողջ էր վերջին տարիներին ու այլևս «արծվի կաթ չէր վայելում», ասում էր. – Մեր քայլած հանդերի, քո հոգու բույրն եմ առնում, ինձ հերիք է, ախպեր… Այս տարվա «ախպերաբաժին» արաղն էլ, ինչպես միշտ, աշնանն էիր ստանալու, բայց աշունս առանց քեզ է լինելու, ամառս առանց քեզ է լինելու, ձմեռս էլ առանց քեզ է վերջանում, ուրեմն չեմ գրի, թե ինչպես է Արևը ոսկեփոշի սփռել իմ ու քո լեռներին, իմ ու քո կարոտներին …
Վարուժ ջան, ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ ջան, հենց հիմա Արևը չքացավ միանգամից, քո Ջավախքա լեռներից թացաչք, լացող քուլամպեր, թուխպեր եկան ու ծածկեցին երկինքը … … Մի թաս օղի առնեմ ու սարերը գնամ, քայլեմ մեր ծանոթ, մի թզաչափ, մի ոտնատեղ կածաններով, հասնեմ ու նստեմ քո և իմ մեծ քարին, հիմա՝ իմ ցավի քարին … Նստեմ ու խմեմ երկուսիս փոխարեն, նստեմ ու մեեեեեն մենակ, կում-կում, կաթիլ – կաթիլ «վայելեմ», հասկանամ ու գլխի ընկնեմ քո այլևս անդառնալի , քո մեեեեծ ու ԼՈՒՍԱՎՈՐ ԲԱՑԱԿԱՆ…
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ