Վարդան Հակոբյանի 70- ամյա հոբելյանը

Դեռ չեմ գրել այն բանաստեղծությունը, որի համար ծնվել եմ. Վարդան Հակոբյանի 70- ամյա հոբելյանը նշվեց գեղեցիկ ցերեկույթով
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների հիմքում ժամանակակից մարդն է իր խոհերով, խնդիրներով և մտորումներով: Գրողի ծննդյան 70-ամյակը հանդիսավորությամբ նշվեց հունիսի 21-ին Հայաստանի գրողների միությունում:
«Վարդան Հակոբյանը հայ ժամանակակից պոեզիայի լավագույն դեմքերից է: Նա իր գործերում ներկայացնում է և՛ Հայաստանը, և՛ Արցախը: Վերջին հիսուն տարիներին նրա պոեզիան շատ հետաքրքիր շրջափուլեր ապրեց. եթե մինչև արցախյան շարժումը նրա բանաստեղծություններում գերակշռում էին բնության, սիրո թեմաները, ապա 1988թ. հետո թեմատիկան, լեզվամտածողությունը փոխվեց, և կյանքի դաժան երեսը` պատերազմը, արտացոլվեց նրա ստեղծագործություններում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանի խոսքով` Վարդան Հակոբյանն այն սակավաթիվ հեղինակներից է, որը ոչ միայն կայացած բանաստեղծ է, այլև գրականագետ: «Նրա գրականագիտական աշխատանքներում նկատելի է շարադրանքի գեղարվեստականություն: Կարելի է ասել, որ Վարդան Հակոբյանը կրկնակի սեր է տածում դեպի բանաստեղծությունը, և դա արտահայտվում է նաև նրա գրականագիտական աշխատանքներում, որոնք նվիրված են հայ արդի բանաստեղծության զարգացման միտումներին»,-ասաց Դևրիկյանը:
Նա հավելեց` արցախյան ամրությունը, երկնահայաց լեռների թռիչքը և անդնդախոր ձորերի խորությունը, ինչպես նաև խաչքարի գունագեղությունը լիովին արտահայտվում են նրա ստեղծագործություններում:
«Եթե կարողանայի գրել այն բանաստեղծությունը, որի համար ծնվել եմ, մեծ ձեռքբերում կհամարեի: Գրում եմ, ստեղծագործում եմ, ապրում եմ և փորձում եմ ապրեցնել դրանով: Թե որքանով է ինձ դա հաջողվում, պետք է ընթերցողը վճռի»,-խոստովանեց Վարդան Հակբյանը:
Անդրադառնալով իր գործերում արտացոլված խնդիրներին, հույզերին` հեղինակն ասաց, որ մեր ժողովուրդն իրապես եզակի է: «Վերջին տարիներին ինձ թվում էր, թե մենք կորցնում ենք այն գծերը, հատկանիշները, որոնցով հայն աշխարհում աչքի է ընկել և առանձնացել: Արժեք է այն, ինչ ստեղծել են Նարեկացին, Թումանյանը, Չարենցը, Իսահակյանը…, բայց մարդու կարևոր արժեքներից են հատկանիշները, որոնցով կարելի է նրան բնութագրել, հետևաբար, մեր ազգային բնութագրիչներն առաջնայնություն ունեն: Դրանց կորուստն ինձ համար մշտապես մտորումների, տխրության առարկա է եղել, և ես գալիս էի այն համոզման, որ Մհերը պետք է քարայրից դուրս գա: Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ինձ հուսադրեցին, և, կարծում եմ, որ Մհերը վերջապես գլուխը դուրս է հանել»,- եզրափակեց բանաստեղծը:
Վարդան Հակոբյանը ծնվել է 1948 թվականին Լեռնային Ղարաբաղում: Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, եղել է գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991 թվականից ԼՂՀ գրողների միության նախագահ է, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ Նա նաև Հայաստանի գրողների միության անդամ է:
Հեղինակի «Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսների հիման վրա ներկայացումներ են բեմադրվելՍտեփանակերտի և Հայաստանի պետական և ժողովրդական մի շարք թատրոններում:
Հակոբյանի քնարական բանաստեղծությունների` «Մեղեդիներ», «Շանթահար կաղնին», «Մայրանում է լույսը», «Անմարելի-անմեկնելի», «Վաղվա աչքերով», «Արցախա ծուխ», «Ամարասի զանգերը» և այլ գործերի հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։
Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» երկամսյա և «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսները։ ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է:
Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն և այլ լեզուներով: