ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ–ՑԵՐԵԿՈՒՅԹ
Նոյեմբերի 21-ին Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի ունեցավ հայ վաղամեռիկ գրող Վարդան Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
Վարդան Գրիգորյանն իր կարճ կյանքի ընթացքում իր երեք պատմավեպերով («Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք») հասցրեց նոր շունչ հաղորդել ոչ միայն մեր ժամանակակից գրականությանը, այլև Րաֆֆուց, Ծերենցից, Մուրացանից, Դեմիրճյանից հետո ստեղծեց պատմավեպի մի նոր որակ՝ իր ուրույն ոճական, խոհափիլիսոփայական, հոգեբանական գյուտերով, իր նոր հայացքով՝ անցյալին, ներկային ու ապագային: Որպես պատմաբան խորապես ուսումնասիրած լինելով իր գեղարվեստական պատումների նյութը՝ նա ելակետ էր դարձրել մեր պատմական իրադարձությունների հետ ներկայի առնչությունների հարցը: Իր «Դար կորստյան» վեպի համար, որ ընդգրկում է մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջաններից մեկը՝ Բագրատունիների թագավորության անկումը, բնաբան է ընտրել հռոմեական ամենանշանավոր կայսրերից մեկի՝ ուշ ստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա Մարկոս Ավրելիոսի հետևյալ միտքը. «Ով տեսնում է ներկան, նա տեսել է ամեն ինչ՝ ժամանակի հավիտենական հոսքում անցած-գնացածը և այն ամենը, ինչ դեռ լինելու է»: Եվ իսկապես էլ Վարդան Գրիգորյանը, տեսած չլինելով Արցախյան առաջին, երկրորդ պատերազմները, գրեթե ճշգրտորեն պատկերացնում ու ներկայացնում էր դրանց ընթացքն ու հետևած իրողությունները:
Վարդան Գրիգորյան գրողի մեծ ավանդի մասին խոսելիս իրենց խոհերն ու գնահատականները հնչեցրին ՀԳՄ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բ.գ.դ. Պետրոս Դեմիրճյանը (նա էլ վարում էր հուշ-ցերեկույթը), գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, Խ.Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի դոցենտ Լուսինե Գալստյանը, Բրյուսովի անվ. պետական համալսարանի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը:
Գրողի հետ իր անձնական շփումների մասին պատմեց գրող Ռոլանդ Շառոյանը: Ներկաներին անչափ հետաքրքիր էր լսել Վարդան Գրիգորյանի քրոջ՝ Նվարդի հիշողություններն իր եղբոր մասին: Վեպերից հատվածներ կարդաց դերասան Սմբատ Ստեփանյանը:
Վարդան Գրգորյանին նվիրված հուշ-ցերեկույթը մեկ անգամ ևս հաստատեց, թե որքան կարևոր է մեր հին ու նոր գրողների վերարժևորումը:



