Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» վեպի 55-րդ տարեդարձին և նրա վերահրատարակմանը նվիրված հանդես

Հոկտեմբերի 5-ին Երևանի բանասիրական ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ տաղանդավոր արձակագիր, հասարակական և գրական գործիչ Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» վեպի 55-րդ տարեդարձին և նրա վերահրատարակմանը նվիրված հանդես։

Գրողի և նրա գրքի մասին բացման խոսք ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Ապա ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը մասնավորապես անդրադարձավ հեղինակի պատմավեպին, նաև մյուս ստեղծագործություններին, նշելով. «Ալաջաջյանի գրքերի վերնագրերն անգամ խոսուն վկայություններ են նրա գրողական ներաշխարհի, հայոց պատմության ընկալման և ժողովրդի ապագայի հարատևման ուղիների մասին»։ Նաև շեշտեց գրողի հասարակական և գրական գործունեությունը (հիշենք, որ Ալաջաջյանը եղել է ՀԳՄ քարտուղար), անդրադարձավ նրա մարդկային բարձր նկարագրին։ Հայաստանում և սփյուռքում՝ ԱՄՆ-ում, նա իր կարևոր մասնակցությունն է ունեցել հայապահպանման, հայ գրականության տարածմանն ու զարգացման գործում։

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը բանախոսեց՝ ներկայացնելով գրողի ներդրումը հայ արձակի պատմության մեջ։

Վերջում ամփոփվեց «Ստեփան Ալաջաջյան հիմնադրամի» հայտարարած գրական մրցանակաբաշխությունը։

Հանդիսությանը ներկա էր գրողի դուստր Թերեզա Ալաջաջյանը, որը ներկաներին սիրով նվիրեց նոր լույս տեսած գիրքը։