Սերո Խանզադյանը` պատմություն ներկայի մեջ


Սերո Խանզադյանը` պատմություն ներկայի մեջ

Դեկտեմբերի 3-ին անվանի արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հավաքվել էին գրողներ, գրականագետներ, աշակերտներ, գրողի որդիներն ու այլ հարազատներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ս. Խանզադյանի հիշատակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ս. Խանզադյանին բնութագրելով իբրև մտերմիկ, ավանդույթներով լի, հայ մարդու հրաշալի կերպար, նշեց, որ նրա ստեղծագործությունը առանձնանում էր տոհմիկ, ազգային իմացության, և՛ մարդուն, և՛ բնությունը, և՛ տեղանքը, և՛ երկրամասը խորքից իմանալու տեսակետից: Ս. Խանզադյանը պատերազմից վերադառնալով` ընթերցողին ներկայացավ «Մեր գնդի մարդիկ» վիպակով, որը պատերազմի մասին լավագույն գործերից է: Խոսելով նրա գրականության գլուխգործոց «Մխիթար Սպարապետ» վեպի մասին` ՀԳՄ նախագահն ասաց. «Գրականությունն այն կախարդական ուժն ունի, որ լավ գիրքը նվաճում է մարդկանց, դառնում է զրույցների թեմա, նպատակ, այդպիսին էր «Մխիթար սպարապետը», որը վերլուծությունների առիթ էր տալիս: Ամեն պատմավեպ անհրաժեշտ է ներկայի համար, ապրողների համար»: Էդ. Միլիտոնյանը նաև արժևորեց Ս. Խանզադյանի հասարակական-քաղաքական գործունեությունը` փաստելով, որ նա երկրի ղեկավար Բրեժնևին նամակներ էր գրում Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար` ի շահ Հայաստանի, Արցախի, Նախիջևանի, ինչպես նաև մեծ դեր է ունեցել արցախյան շարժման ժամանակ: «Ոչ թե մեր ժողովրդի պատմությունն էր դառնում նրան թեմա, այլ ինքը պատմություն էր ներկայի մեջ` որպես լեզու, որպես էություն, մտածողություն, որպես նաև գիր ու գրականություն»,- ամփոփեց նա:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի հավաստմամբ` Ս. Խանզադյանը բարյացակամ վերաբերմունք ուներ երիտասարդ գրողների հանդեպ: «Ինձ հիացնում է Ս. Խանզադյանի համապարփակ ընդգրկումը, ամբողջ Հայաստանը իր պատմությամբ ճանաչելու ազգագրագետի հոգեբանություն ուներ, և՛ լեզուն, և՛ ժողովրդի ամբողջ ընդգրկումը ուզում էր հավաքել և գրին պահ տալ»,- ասաց և հավելեց. «Ապրեց ճիշտ, առաջամարտիկների մեջ էր բոլոր առումներով և՛ որպես գրող, և՛ իր քաղաքացիական նկարագրով, և՛ իր պահվածքով»:
Ըստ գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի` միշտ հայով շնչող, հայի պատմությունը վառ պահող և հողի, հայրենիքի հանդեպ սեր սերմանող հեղինակ է եղել Սերո Խանզադյանը:
Ս. Խանզադյանի անվան Երևանի թիվ 184 դպրոցի սաները ներկայացրին գրական կոմպոզիցիա` նվիրված Ս. Խանզադյանին: