ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կյանքից հեռացել է ՀԳՄ անդամ, արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ աշխատել է «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահի տեղակալ, աշխատել է ՀԿ-ի «Ձայն համշենական» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։ Ամսաթերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում էր հայրենիքում և սփյուռքում։ Նա նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող էր:
Սերգեյ Վարդանյանը 1978 թվականին մամուլի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Արցախի, Նախիջևանի, Աբխազիայի և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները՝ «Փրկված հեքիաթներ» վերնագրով, լույս են տեսել Երևանում անգլերեն և գերմաներեն։ Նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը, նոր նյութերով հարստացված, «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով հրատարակվել է 1995 թ.։ Մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը 1989 թ․ տպագրվել է Երևանում, իսկ 1994 թ․ արևմտահայերենով՝ Ստամբուլում: Նրա պատմվածքները ընդգրկվել են «Մայրենիի» 4-րդ (2009-ից) և 5-րդ (2011-ից) դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն և գերմաներեն:
Դեռևս 1970-ական թթ.-ից Սերգեյ Վարդանյանը զբաղվում էր ԽՍՀՄ-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով։ Բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերի, Ուկրաինայի, Ղրիմի հայաբնակ վայրերով։ ԽՍՀՄ-ի հայության, այդ թվում՝ համշենահայության, մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
80 տարի առաջ՝ 1944 թվականին Աջարիայի սահմանամերձ գյուղերից այլազգիների հետ Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան աքսորվեցին կրոնափոխ համշենահայեր։ Այդ մասին մամուլում և գիտական գրականության մեջ տարիներ շարունակ ոչինչ չէր տպագրվում։ Միայն 1984 թվականին Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում նա հայտնաբերել է իսլամադավան համշենահայերի: Քանիցս եղել է Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Ուսումնասիրություններ է կատարել նաև Ռիզեի և Էրզրումի նահանգների կրոնափոխ, թուրքախոս համշենցիների գյուղերում։
Թուրքիայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա հետազոտությունները տպագրվել են հայրենի և արտերկրի մամուլում և իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում (1989 թ․), ԵՊՀ-ի հրատարակած «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (2009 թ.) և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի լույս ընծայած «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» մենագրություններում (2022 թ.)։
Նրա «Окровавленные семена» (2015) գիրքը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայության մղած պայքարի առաջամարտիկների մասին, որոնցից 13-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ողջ տպաքանակն անվճար բաժանվել է Կրասնոդարի երկրամասում և Աբխազիայում:
Սերգեյ Վարդանյանն արժանացել է ՀՀ սփյուռքի «Վիլյամ Սարոյան», ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալների։ Հայաստանի գրողների, Ժուռնալիստների, Ռուսաստանի հայերի և Թեքեյան միությունների մրցանակների, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալի, ինչպես նաև Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի Հայաստան ուխտագնացության ժամանակ նրանից ստացել է այցի առթիվ պատրաստված հուշամեդալ, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդից Վատիկանում ստացել է պապի անվամբ Արծաթե հուշամեդալ:
Սերգեյ Վարդանյանի հիշատակը վառ կմնա նրա գրչընկերների և ընթերցողների սրտերում։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ