ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՐԴԱՏՈՆԸ

Սայաթ – Նովային նվիրված Վարդատոնը
Գեղեցիկ ավանդույթ է Սայաթ – Նովային նվիրված մայիսյան Վարդատոնը:
Այդ առիթով տեղի են ունենում միջոցառումներ Թբիլիսիում և Երևանում: Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ -Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները: Մայիսի 20-ին ՀԳՄ պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյան, Գագիկ Դավթյան և Անուշ Վարդանյան, Թբիլիսիում այցելեց Սայաթ – Նովայի շիրիմին: Երևանում Վարդատոնը տեղի ունեցավ մայիսի 25-ին ՝ Սայաթ – Նովայի հուշարձանի մոտ: Բազմամարդ էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգին: Մասնակիցները վարդեր դրեցին Սայաթ – Նովայի հուշարձանին: Հանդիսությունը շարունակվեց կոնսերվատորիայի մուտքի մոտ: Բացման խոսք ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Սայաթ-Նովան մեծ բանաստեղծ էր, որ երեք լեզվով հրաշալի երգեր ստեղծեց: Այսօր դժվար է պատկերացնել մի գրող, որ երեք լեզվով հավասարաարժեք անգին գործեր ստեղծի: Պատահական չէ, որ մեծ է եղել նրա ազդեցությունը Ազնավուրյան ընտանիքում, որտեղ ծնվել է Շառլ Ազնավուրը: Հիշենք, թե ինչ ջերմությամբ էր նա երգում Սայաթ-Նովայի երգերը քրոջ հետ»,- նշեց նա:
Այնուհետև տեղի է ունեցավ ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Երևանյան Վարդատոնը կազմակերպվում է «Սայաթ – Նովա» մշակութային միության կողմից: