«ՊՈԵԶԻԱ» ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«ՊՈԵԶԻԱ» ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Մարտի 20-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Պոեզիա» տարեգրքի (3-րդ) շնորհանդեսը: Գրքի հրատարակման նախագծի հեղինակներն են Էդվարդ Միլիտոնյանն ու Ավիկ Դերենցը, այն ներառում է Հայաստանում և սփյուռքում բնակվող ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործություններ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա շնորհավորեց հեղինակներին գրքի տպագրության, ինչպես նաև Պոեզիայի միջազգային օրվա առթիվ «Տարեգիրքը տպագրում ենք այն նպատակով, որպեսզի լրացնի Հայաստանում նախկինում տպագրվող ամսագրերի՝ «Գարուն»-ի, «Անդին»-ի բացակայությունը: Այն պիտի օժանդակի ժամանակակից բանաստեղծության ճանաչմանն ու տարածմանը»: Տարեգիրքը տպագրվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը խոսեց կատարված աշխատանքների մասին՝ կարևորելով գիրքը որպես Հայաստանում և սփյուռքում բնակվող բանաստեղծներին համախմբող միջոց: Հնչեցին բանաստեղծություններ ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնի ներկայացմամբ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանն ու Ռուզաննա Հախնազարյանն արտասանեցին հայ դասական բանաստեղծների ստեղծագործություններ, ինչպես նաև ընթերցեցին մի քանի հեղինակների բանաստեղծություններ տարեգրքից: Իրենց բանաստեղծություններն ընթերցեցին Լևոն Բլբուլյանը, Ներսես Խառատյանը, Ռազմիկ Գալստյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, Վարուժան Ղազանչյանը, Տիգրան Նիկողոսյանը, Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Նանեն, Նորեկ Գասպարյանը, Ազնիվ Սահակյանը, Գոհար Ասելեսյանը, Անահիտ Արփենը, Գոհար Գալստյանը, Հերմինե Նավասարդյանը, Արմենուհի Սիսյանը, Վարդ Արծափեն, Սոնա Համբարձումը, Մարիամ Սարգսյանը և Զարինե Սարաջյանը: Շնորհանդեսին մասնակցում էր պոլսահայ բանաստեղծուհի Լյուսան Պըչաքչըն, որ նույնպես բանաստեղծություն ընթերցեց: Բանաստեղծուհի Զարինե Սառաջյանը նշեց, որ Գրողների միությունը առաջինն էր՝ բացելով իր հյուրընկալ դռները արցախցի գրողների առջև և շնորհակալություն հայտնեց գրքի հրատարակման համար: Շնորհանդեսը վարում էր Գայանե Սամվելյանը, որ ընթացքում արտասանեց հայ դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ:



