Պոեզիայի տոնը Գյումրիում

Պոեզիայի տոնը Գյումրիում
Մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը, բանաստեղծության սիրահարները հավաքվել էին Գյումրու գեղագիտու­թյան ազգային կենտրոնում:
Մինչ ցերեկույթի սկսվելը երիտասարդ ստեղծագործողները՝ Գյումրու գեղագիտության կենտրոնի գրական խումբը, առանձին թերթիկներով գրավոր հարցեր ուղղեցին դահլիճում նստած շիրակցի գրողներին:
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը բանաստեղծության ընթերցումով ողջունեց գրչընկերներին, մաղթեց նրանց ստեղծագործական վայելքին առնչվելու նորանոր հնարավորություններ և մասնավորապես նշեց, որ կրոնաքաղաքական տարբեր գաղափարների շուրջ միավորվելով՝ մարդկությունը հաճախ տարանջատվում է, բաժանվում խմբերի: Մինչդեռ արվեստը, հատկապես պոեզիան միավորում է մարդկանց, նրանց հոգիներն ու գաղափարները: Այս է պոեզիայի առաքելությունը և հասարակական հնչեղությունը:
Ամալյա Կարսյանը, Հասմիկ Մաթևոսյանը, Յուրի Մխիթարյանը, Շնորհիկը և այլք ընթերցեցին իրենց ստեղծագործություններից, անդրադարձան նաև հայ դասական գրողների գործերին, հուշեր պատմեցին: Բանաստեղծ, թարգմանիչ Արա Արթյանը հատված կարդաց Ուիթմենի «Երգ ինքնության» պոեմից («Խոտի տերևներ» ժողովածու)՝ իր թարգմանությամբ:
Թարգմանիչ Արա Գևորգյանը, ով հրատարակել է Շիրակ աշխարհի պոեզիան ռուսերենով, կարդաց Շիրակ Մանուկյանի «Արագած, ձնել ես էլի» բանաստեղծության թարգմանությունը:
Ներկաները գնահատեցին նաև Գյումրու «Բեռլին» հյուրերի տան «ԱՐՏԲՈԳԵՆ» մշակութային կենտրոնի երիտասարդ թարգմանիչներ Լուսինե Փախանյանի և Անի Իգիթյանի գերմաներենից կատարած թարգմանությունները: Նրանք ընթերցեցին Հ. Հեսսեի մի քանի բանաստեղծություններ նաև բնագրի լեզվով:
Գրական ցերեկույթը վարեց բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը: