ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Մայիսի 14 -20-ին Վրաստանում տեղի ունեցավ Պոեզիայի միջազգային փառատոն, որին անհատապես հրավիրվել էին բանաստեղծներ Ավստրիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Իսրայելից, Չինաստանից և վրացերենից գեղարվեստական թարգմանություն արած թարգմանիչներ: Հայաստանից հրավիրվել էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միիտոնյանը, Գագիկ Դավթյանը և Անուշ Վարդանյանը: Մեր մասնակիցներից Գագիկ Դավթյանը վրացական պոեզիայի հատոր է հրապարակել, որի մեջ ընդգրկված է 34 վրացի բանաստեղծ, ինչպես նաև առանձին գրքերով տպագրվել են Մաղվալա Գոնաշվիլու և Գուրամ Օդիշարիայի բանաստեղծությունները, իսկ Էդվարդ Միլիտոնյանի հետ՝ Բաղաթեր Արաբուլիի բանաստեղծական գիրքը: Էդվարդ Միլիտոնյանը հայ ընթերցողին է ներկայացրել «Բազմաձայն երկիր Վրաստանը» անթոլոգիան, որում ամփոփված են դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները Վրաստանի և նրա գրականության վերաբերյալ, առաջաբաններ է գրել մի շարք վրաց բանաստեղծների գրքերի համար: Անուշ Վարդանյանը հրատարակել է վրաց գրողների մանկական բանաստեղծությունները «Ծիծեռնակ» ամսագրում և առանձին՝ Մաղվալա Գոնաշվիլու մանկական գիրքը:
Փառատոնը բացվեց մայիսի
14-ին, ներկայացվեցին հրավիրյալները: Փառատոնի յուրաքանչյուր օր ներկայացվում էին տարբեր
երկրներից եկած գրողների ստեղծագործությունները: Մայիսի 15-ին Հայաստանի և Իսրայելի
օրն էր: Բացման խոսք ասաց Էդվարդ Միլիտոնյանը, ապա Գագիկ Դավթյանը կարդաց վրացի բանաստեղծների
իր թարգմանությունները: Անուշ Վարդանյանը հանդես եկավ խոսքով: Մաղվալա Գոնաշվիլին ընթերցեց
ներկա հայ բանաստեղծների ստեղծագործությունները վրացերեն: Փառատոնը շարունակվեց Բաթումիում:
Աջարիայի Գրողների միությունում հանդիպում եղավ մասնակիցների հետ, որոնք հնչեցրին իրենց
խոսքերը, բանաստեղծությունները և թարգմանությունները: Հաջորդ օրը Աջարիայի դասական
բանաստեղծ Ֆրիդոն Խալվաշիի 100-ամյակի տոնակատարությունն էր: Պանթեոնում
եղավ ծաղկադրում բանաստեղծի շիրիմին, ապա հյուրերը մեկնեցին Խալվաշիի ծննդավայր Գեգելիձեեբի գյուղ, ուր Գագիկ Դավթյանը կարդաց բանաստեղծի իր հայերեն թարգմանությունը: Հաջորդ օրը փառատոնը շարունակվեց
Մցխեթիում, ուր հանդես եկան վրաց երիտասարդ բանաստեղծները, որոնցից Oթար Ֆալիանին և Կախա Չլիկաձեն անցյալ տարի հրավիրված
էին Ծաղկաձորում անցկացված հայ երիտասարդ գրողների հավաքին: Նրանց հետ հանդիպումը ջերմ
էր և ցանկություն կար վերստին ներկա լինելու մեր հավաքներին: Փառատոնի փակումը տեղի
ունեցավ Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնի դահլիճում: Վրաստանի գրողների միության
նախագահ Մաղվալա Գոնաշվիլին ներկայացրեց մասնակիցներին, այնուհետև հերթականությամբ
բեմ հրավիրեց փառատոնի մասնակից պատվիրակություններին: Հայաստանի գրողներն արժանացան
«Փառատոնի մրցանակակիր» մրցանակների, Վրաստանի Գրողների միության «Սայաթ Նովա» մրցանակի
արժանացավ Գագիկ Դավթյանը: Համավրացական «Ռուսթավելի»
ընկերության որոշմամբ նրան շնորհվեց նաև «Վրաստանի
բարեկամ» տիտղոս, որի հավաստագիրը հանձնեց ընկերության նախագահ բանաստեղծ Դավիթ Շեմոքմեդելին:
Փառատոնը
նոր գործընկերների հետ ծանոթության լավ առիթ էր: Փառատոնի եզրափակիչ խոսքում Էդվարդ
Միլիտոնյանն հայտարարաեց, որ շարունակելու են ՀԳՄ գրական միջոցառումներին (Թարգմանչաց
տոն, Երիտասարդ գրողների հավաք և այլն) հրավիրել վրաց գրողների: