ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ

Օգոստոսի 21-ի առավոտյան, երկարատև, ծանր հիվանդությունից հետո
վախճանվեց հանրաճանաչ գրող, դրամատուրգ, կինոսցենարիստ
ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ։

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն կնքեց նշանավոր արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ Պերճ Արմենակի Զեյթունցյանը:
Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938թ. հուլիսի 8-ին, Ալեքսանդրիա (Եգիպտոս) քաղաքում: 1948-ին ընտանիքով ներգաղթել են Խորհրդային Հայաստան: 1956թ. ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը, 1963-ին` Պյատիգորսկի (ՌՍՖՍՀ) օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: 1962-64-ին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1965-68-ին եղել է «Հայֆիլմ» կիոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, 1968-75-ին` հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայի գեղարվեստական ֆիլմերի միավորման գլխավոր խմբագիր, 1968-75-ին` Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի Հանրապետության անկախության շրջանի մշակույթի առաջին նախարար: Պ. Զեյթունցյանի անդրանիկ` «Նրա առաջին ընկերը» պատմվածքների ժողովածուն տպագրվել է 1956-ին, այնուհետև հրապարակվել են «Մեր թաղի ձայները» (1959), «Մեզանից հետո» (1963), «Փարիզի համար» (1965), «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1968), «Արշակ երկրորդ» (1977), «Ամենատխուր մարդը» (1981), «Մեծ լռություն» (1985) և այլ ժողովածուներ: Շուրջ 35 գրքի հեղինակ է: Լայն ժողովրդականության են արժանացել նրա ինչպես արձակ գործերը, թատերգությունները, թարգմանությունները, այլև հրապարակախոսական հոդվածներն ու «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի սցենարը: Երկար տարիներ նրա թատերգությունները բեմադրվել և այժմ էլ հաջողությամբ շարունակում են բեմադրվել հայկական բեմահարթակներում: Երևանի դրամատիկական թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել նրա «Ամենատխուր մարդը», «Աստվածների կանչը», «Մեծ լռություն», «Հիսուս Նազորեցին և նրա երկրորդ աշակերտը» պիեսները: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել են «Անավարտ մենախոսություն», «Ավերված քաղաքի առասպելը» դրամաները: Զեյթունցյանը անգլերենից թարգմանել, առաջին անգամ մայրենիով հայ ընթերցողին է ներկայացրել մի շարք ժամանակակից հեղինակների. Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպն ու «Կլիմանջարոյի ձյուները» պատմվածքը, Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին» վեպը, Էրսքին Քոլդուելի «Տաք գետը» և այլն: Նրա ստեղծագործությունները նույնպես թարգմանվել և առանձին գրքերով լույս են ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լատիշերեն և այլ լեզուներով:
Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է` «Աստվածների կանչը» և «Խոր Վիրապ» պիեսների համար: Արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն ու այլ պարգևների:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հոգեհանգիստը՝ օգոստոսի 23-ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում ժամը 18.00-20.00-ին:
Հուղարկավորությունը օգոստոսի 24-ին Կամերային երաժշտության տանը ժամը 12.00-13.30: