ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՕՐ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՕՐ

Այս խորագրով անցավ մեծ բանաստեղծի երկնային կյանքի 52-րդ հանգրվանի օրը հայրենի գյուղում: Կյանք, որի սկիզբը դարձավ իր եղերական վախճանը, որ եկավ խմբագրելու և  ճշգրտումներ մտցնելու ՎԵՐՋԻ և ՍԿԶԲԻ, ԲԱՑԱԿԱՅԻ և ՆԵՐԿԱՅԻ, ԱՆՑԱՎՈՐԻ և ՀԱՎԵՐԺԻ մասին մեր ավանդական պատկերացումների մեջ:

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ մարդաշատ էր Զանգակատունը: Եկել էին Երևանից, մոտակա մարզերից ամենատարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ, սևակյան պոեզիայի երկրպագու դպրոցականներ, ուսանողներ, մշակույթի և արվեստի գործիչներ: Ներկա էր Հայաստանի գրողների միության պատվիրակությունը (բանաստեղծներ Գագիկ, Դավթյան, Նորայր Գրիգորյան, Լևոն Բլբուլյան, Դավիթ Մշեցի): Յուրօրինակ ծրագիր էր պատրաստել տուն-տուն թանգարանը: Բանաստեղծի շիրիմին մատուցված հարգանքի տուրքին հետևեց նրա մարգարտաշար ձեռագրերի, այդ թվում առաջին անգամ անտիպ գործերի ցուցադրությունը բանաստեղծի թոռան՝ Սևակ Ղազարյանի բանախոսությամբ: Բանաստեղծի պոեզիայից նմուշներ ներկայացրեց դերասան Սամվել Թոփալյանը, իսկ Սևակի ձեռամբ տնկված այգում  համերգով հանդես եկավ «Ասոնանս» համույթը՝ կատարելով հատկապես բանաստեղծի սիրած ստեղծագործություններից (Կոմիտաս, Վիվալդի, Բախ):

Սեփ. լրտ

Քրիստինէ Հովսեփյան