ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնությունում «Հանս Շիլլեր» հրատարակչության լույս ընծայած Պարույր Սևակի «UND STICHT IN MEINE SEELE» («Ու ծակում հոգիս») գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ էդվարդ Միլիտոնյանը, գրքի թարգմանիչ Ագապի Մկրտչյանին համարելով մեր մշակութային դեսպանը Գերմանիայում, շեշտեց, որ մշակութային կյանքի հարստացման գործում բոլոր հայերը պետք է իրենց ներդրումն ունենան, և Ա. Մկրտչյանին պարգևատրեց «Գրական վաստակի համար» մեդալով:
Ղուկաս Սիրունյանը ժողովածուն համարեց մշակութային երևույթ: «Լավ թարգմանության համար կարևոր է երկու հանգամանք` լինել բանաստեղծ և տիրապետել տվյալ լեզվին մայրենիի պես: Ագապիի պարագայում երկուսն էլ առկա են»,- ասաց գրականագետ Կառլեն Մատինյանը: Գրականագետ Անի Փաշայանը նշեց, որ ընտրված բանաստեղծությունները վկայում են թարգմանչի բարձր ճաշակի մասին:
Ելույթ ունեցան նաև ՀՀ Սփյուռքի նախարարության մշակույթի բաժնի աշխատակից Հայկ Ենգիբարյանը, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ԵՊՀ-ի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը:
Ագապի Մկրտչյանը շնորհակալական խոսքում տեղեկացրեց, որ բանաստեղծությունների ընտրությունը կատարել է թարգմանիչ Հայդե Ռիեքի հետ` Պ. Սևակին գրական տարբեր շերտերով գերմանացի ընթերցողին ներկայացնելու նպատակով: