Ոչ միայն կյանքի գեղարվեստական վավերագրող, այլև անսահմանի ու անըմբռնելիի վերծանող

Ոչ միայն կյանքի գեղարվեստական վավերագրող, այլև անսահմանի ու անըմբռնելիի վերծանող

Հուլիսի 11-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրական հանդիսություն` նվիրված արձակագիր, բանաստեղծ Վահագն Մուղնեցյանի ծննդյան 70-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով Վահագն Մուղնեցյանի հարուստ կենսագրությունը, նշեց, որ նրա գրականությունը առանձնանում է իր ժամանակի մեջ հետաքրքիր թարմ հոսանքով, երևակայության, ժամանակակից կյանքի խոր իմացությամբ, անցյալ-ներկա փոխառնչություններով: Մասնավորապես անդրադառնալով «Ալիզ» վեպին` Էդ. Միլիտոնյանն ընդգծեց, որ նրանում առկա ֆանտասմագորիկ պատկերները թվում են իրական են, ոչ թե երևակայության ծնունդ: «Ամենակարևորը հումորի այն չափաբաժինն է, որ օգնում է թեթևորեն ընկալելու գիրը, առաջ գնալու, ընթերցելու, բայց այդ թեթևությունը հենց այն թեթևությունն է, որ շատ դժվար վարժությամբ է ձեռք բերվում»,- ասաց նա և հավելեց, որ ամեն մարդու հասու չէ նման թեթև գրչով ստեղծել պատմություններ, արձակ էջեր և մարդուն ոչ միայն զվարթացնել, այլև ապրեցնել, մարդու երևակայությունը ստեղծագործական մեծ քամիների մղել:
Գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի բնորոշմամբ` Վ. Մուղնեցյանի ստեղծագործական անհատականությունը հատկանշվում է առաջին հերթին իրականության, կյանքի ընկալման և արտահայտման մասշտաբայնությամբ: «Ըստ Մուղնեցյանի` գրականության խնդիրը մարդն է, Երկիր մոլորակը: Նրա արձակի հերոսները աչքի են ընկնում կերպարի կառուցման հիպերբոլային, առասպելական բնութագրություններով, ինչի հիմքերը պետք է փնտրել ինչպես ազգային բանահյուսության, ժողովրդական մտածողության, այնպես էլ հայ ու համաշխարհային գրականության և արվեստի հին ու նոր դրսևորումներում: Մուղնեցյանը որոշակի ժամանակի և տարածության մեջ գոյություն ունեցող կյանքի գեղարվեստական վավերագրողը չէ միայն, այլև այդ որոշակիի մեջ խտացած անսահմանի ու անըմբռնելիի վերծանողը»,- շեշտեց Պ. Դեմիրճյանը: Վալերի Փիլոյանը, Վ. Մուղնեցյանի ստեղծագործությունը համարելով հայոց նորագույն գրականության արդի շրջանի անտրոհելի բաղկացուցիչ, նշեց, որ նրա ողջ ստեղծագործության մեջ առկա է միֆի ու միֆականի դրսևորում, իրականության գեղարվեստական իմաստավորում: Ըստ Շանթ Մկրտչյանի` մարդու կատարելագործման հավերժական թափառումների թեման Վ. Մուղնեցյանի գրականության մեջ ասես շարժիչ ուժ է: Նորայր Ղազարյանի կարծիքով` Վ. Մուղնեցյանը հեղափոխական էր իր արձակի սկզբով: «Նա արձակը դրեց նոր ռելսերի վրա, բերեց նոր լեզվամտածողության, փոխեց արձակի բնույթը: Նրա արածը բախտորոշ էր, քանի որ տարավ դեպի մտածողության ազատություն»,- ասաց նա և հավելեց, որ Վ. Մուղնեցյանի պոեզիան առանձնանում և ընդհանուր ձուլվածքին մոտենում է այն տեսակետով, որ նա պահպանում է դասական արվեստի բոլոր մեխանիզմները: Վ. Մուղնեցյանի բանաստեղծություններից կարդաց ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը: Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան ՀՀ ՊՆ «Զորական» համույթը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, կիթառահար երգիչ Տիգրան Մկրտչյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վահագն Մուղնեցյանը:
Հանդիսությունը վարում և Վ. Մուղնեցյանի բանաստեղծություններից կարդում էր Թագուհի Ղազարյանը: