ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԻՑ Հետաձգված դատավարություն

Ապրիլի 21-ին  ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացված հայցի հերթական դատական նիստը, ուր վիճարկվում էր ՀԳՄ Սևանի ստեղծագործական տան  սեփականության իրավունքը: Դատական նիստը դարձյալ սկսվեց առանց  ՀՀ կադաստրի կոմիտեի մասնակցության: Նիստին չէր ներկայացել նաև ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը: Նիստը նախագահում էր վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը: Նիստի բացումից հետո խոսքը տրվեց  ՀԳՄ-ի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանին:  Նրա կարծիքով՝ դատախազության ներկայացուցչի բացակայությունը խոչընդոտ էր նիստի շարունակման համար, քանի որ դատական նախորդ նիստը հետաձգվել էր լրացուցիչ փաստերի և ապացույցների ներկայացման համար:

Դատավորը՝ հաշվի առնելով փաստաբանի  դիրքորոշումը, առաջարկեց գործի քննությունը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 8-ին: 

Ի դեպ, ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը վիճարկող դատավարության բոլոր դատական նիստերը հետաձվել են՝ նշանակելով  ՀԳՄ շենքի հարցով դատական նիստը՝ սեպտեմբերի 17-ին, իսկ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան հարցով նիստը՝ սեպտեմբերի 23-ին: