ՄՐՑԱՆԱԿ, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

ՄՐՑԱՆԱԿ, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հետ հա­մա­տեղ Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը ա­վան­դա­բար նշում է Թարգ­ման­չաց տո­նը՝ ի­րա­կա­նաց­նե­լով «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը: Հոկ­տեմ­բե­րի 8-ին Օ­շա­կա­նում, ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի գլխա­վո­րութ­յամբ, ՀԳՄ պատ­վի­րա­կութ­յու­նը այ­ցե­լեց Սուրբ Մես­րոպ Մաշ­տոց ե­կե­ղե­ցի, ծա­ղիկ­ներ խո­նար­հեց հա­յե­րե­նի ա­ռա­ջին ու­սուց­չի գե­րեզ­մա­նին: Այ­նու­հետև ե­կե­ղե­ցու Մես­րոպ Մաշ­տո­ցի ա­նու­նը կրող դպրա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը:

ՀԳՄ նախագահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ներկայացնելով այս տարվա մրցանակակիրներին՝ թարգ­մա­նիչ­ներ Նորա Արիս­յա­նին, Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին, Գևորգ Գիլանցին, Ագապի Մկրտչյանին և Արտեմ Հարությունյանին, նկատեց, որ տարեցտարի ընդլայնվում է թարգմանական դաշտը, արտասահմանյան տարբեր երկրներում հրատարակվում են և՛ դասական, և՛ ժամանակակից հայ գրողների գործերը, ինչպես նաև հայ թարգմանիչները թարգմանում են տարբեր երկրների ճանաչված հեղինակների ստեղծագործությունները և հրատարակում Հայաստանում: Նա նաև անդրադարձավ ՀԳՄ-ի՝ տարբեր համալսարանների հետ կնքած համաձայնագրերին, որոնք ուղղված են թարգմանական բաժինները ակտիվացնելուն, գրողների միության հետ համատեղ աշխատանքներ կազմակերպելուն՝ թարգմանական վարպետության դասեր, թարգմանիչ-գրող հանդիպումներ, ուսանող-թարգմանիչների աշխատանքների քննարկումներ և այլն: «Այս բոլոր հնարավորությունները նպաստում են Հայաստանում թարգմանական դաշտի զարգացմանը, աշխարհում հայ գրականության թարգմանիչները բազմաթիվ չեն օտարազգիների մեջ, ուստի նաև մենք պիտի կարողանանք Հայաստանում այդ բացը լրացնել»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ հավելելով, որ վերջին 30 տարում, համենայն դեպս, որոշակի քայլեր արվել են, և այսօր Հայաստանում շատ լավ թարգմանիչներ կան, որոնք հայ գրականությունը թարգմանում են այլ լեզուներով:

Ի­րենց աշ­խա­տանքն արժ­ևո­րե­լու հա­մար շնոր­հա­կա­լա­կան խոս­քով ե­լույթ ու­նե­ցան մրցա­նա­կա­կիր­նե­րը:

Նորա Արիսյանը, որը Սիրիայի դեսպանն է Հայաստանում, ինչպես նաև 2007-ից արաբ գրողների միության անդամ է և թարգմանիչների կոմիտեի քարտուղար, եզակի երևույթ համարեց այն, որ հայ ժողովուրդը և Հայաստանը սրբացրել է թարգմանիչներին: Ապա ներկայացնելով իր թարգմանական գործունեությունը՝ Ն. Արիսյանն ասաց. «Աշխատանք եմ տարել, որպեսզի կամուրջ դառնամ հայ ժողովրդի հարուստ գրականության և արաբալեզու կամ արաբերեն տիրապետող արաբ ժողովրդի միջև, իսկ այս մրցանակը խթան կհանդիսանա երկու գրողների միությունների միջև ավելի սերտ կապեր հաստատվելուն»: 

Գևորգ Գիլանցը հորդորեց հետևել մեր հարևանությամբ զարգացող գրականությանը և գրականագիտական, թարգմանական տեսություններին, մասնավորապես՝ ինչպես է ռուսական գրականությունը կազմակերպում իր գրականության թարգմանության տեխնոլոգիաները, թարգմանական տեսությունը՝ ներառելով նոր թարգմանիչների:

Անուշ Վարդանյանը ներկայացրեց Ագապի Մկրտչյանի խոսքը, որում թարգմանիչը ընդգծում էր, որ ավելի քան չորս տասնամյակ ապրելով օտարության մեջ՝ սերը հայրենիքի հանդեպ ամեն ինչից բարձր է դասել, մշտապես ծառայել է իր հայրենիքին՝ անմնացորդ նվիրվելով հայ գրականության թարգմանական դժվարին գործունեությանը և նրա լայն տարածմանը Գերմանիայում:

Այ­նու­հետև նրանց շնոր­հա­վո­րե­ցին Լ­ևոն Բլ­բուլ­յա­նը, Աշոտ Ալեքսանյանը, Դիանա Համբարձումյանը, Արև­շատ Ա­վագ­յա­նը:

Ինչպես նշեց Աշոտ Ալեքսանյանը, այս մրցանակաբաշխությունը համախմբում է ոչ միայն հայերին, այլև ժողովուրդներին, մշակույթները և քաղաքակրթությունները:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

1. Նորա Արիսյան – Հակոբ Պարոնյան «Քաղաքավարության վնասները» (հայերենից արաբերեն), նաև հայերենից անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն մի շարք գրքերի

2. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին – Ֆրանց Վերֆելի «Երեմիա. Լսեք ձայնը» (գերմաներենից հայերեն)

3. Գևորգ Գիլանց – Միխայիլ Բախտին «Ժամանակի և քրոնոտիպի ձևերը վեպում» (ռուսերենից հայերեն) և մի շարք այլ գրքեր

4. Ագապի Մկրտչյան – Հովհ. Թումանյան, Պ. Սևակ, արդի հայ արձակ և արդի հայ պոեզիա (հայերենից գերմաներեն)

5. Արտեմ Հարությունյան – Ջեյմս Ջոյս «Դուբլինցիներ», Պիտեր Բալաքյան «Ճակատագրի սև շունը» (անգլերենից հայերեն), նաև անգլո-ամերիկյան պոեզիա և այլն