Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Ավետիք Իսահակյանի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցը լրացավ հոկտեմբերի 17-ին: Այդ կապակցությամբ բազմաթիվ մտավորականներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին գրողին` Կոմիտասի այգու պանթեոնում ծաղիկներ խոնարհելով Իսահակյանի շիրիմին:

«Իսահակյանի նման մեծերը միայն ֆիզիկապես են մեռնում: Նա իր ստեղծագործություններով հավերժ կլինի հայ ժողովրդի կողքին: Իսահակյանը մեզ է թողել մի ժառանգություն, որը ստեղծվել է Աստծո ներշնչանքով: Նա գրել է հայերի վերելքների, հաղթանակների նաև ձախողումների մասին: Ավետիք Իսահակյանը և’ վշտի, և’ ուրախության ժամին հայերի կողքին կանգնած է եղել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրականագետ Ավետիք Իսահակյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` կան բանաստեղծներ, որոնք իրենց գոյությամբ, իրենց գործերով հայ ժողովրդի սկզբնավորումից ի վեր եղել են ու միշտ կլինեն: «Նրա ստեղծագործությունների հիման վրա բազմաթիվ երգեր գրվեցին, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում, հանրությունն անհամբերությամբ էր սպասում հեղինակի նոր բանաստեղծություններին, որոնց միջոցով ճանաչում էր իր սեփական հոգին, գնահատում հայերենի շքեղությունը: Իսահակյանի ստեղծագործությունները հետագայում մի շարք պոետների համար դարձան լեզվամտածողության նոր ուղի»,-ընդգծեց Միլիտոնյանը:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը շեշտեց, որ մեծերի մահը սկիզբն է նրանց անմահության: «Մենք այսօր ևս մեկ անգամ մեր սրտի խոսքն ենք ասում այն մարդուն, ով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդն է»,-ասաց նա:

Անդրադառնալով թանգարանին` Խորենյանը նշեց, որ նոյեմբերին թանգարանում գրողի մահվանը նվիրված ցուցահանդես կբացվի, որտեղ կներկայացվեն թանգարանում պահպանվող գծանկարներ, որոնք մինչ այժմ չեն ներկայացվել հանրությանը:

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը:

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին, վերադառնալով Լայպցիգից, ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտե: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանիբերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ Նա ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձել է հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայում: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնք մինչ օրս մեծ ժողովրդականություն են վայելում ընթերցասերների շրջանում: