Մի բան մտածում, մի այլ բան ասում, մի ուրիշ բան անում, մի խոսքով՝ պիղատոսություն

Մի բան մտածում, մի այլ բան ասում, մի ուրիշ բան անում, մի խոսքով՝ պիղատոսություն

Էս Պիղատոսը մի կուսակալ մարդ էր օտար բնակչության մեջ և պետք է որոշեր մեղավորության չափ և պատժի ձև, և ահա նա մտածեց, որ եթե ինքը որոշի՝ մեղքի տակ կընկնի, տվյալ քաղաքի բնակչության առջև պատասխանատվություն կկրի և ընտրեց՝ մեղքն ու պատասխանատվությունը գցի հենց այդ քաղաքի բնակչության վրա։ Ու գնաց ձեռքերը լվանալու։ Խաչվեց Հիսուսը։ Անցան դարեր։ Շատ երկրների իշխանություններ, դատական մարմիններ, կարևոր հարցեր որոշողներ նմանվեցին Պիղատոսին։ Ինչու չէ, նաև միջազգային կազմակերպություններ, որոնք պիտի քննեին ու դատապարտեին մեղավորներին, պաշտպանեին ճշմարտությունը։

Ահա 30-ից ավելի տարի Լեռնային Ղարաբաղի կնճիռը վերուվարում է երկրների ու միջազգային կազմակերպությունների խոհական ճակատներին և…

ԵԱՀԿ Մինսկի խումբը քայքայվել է, համանախագահ երեք երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, թշնամացել են իրար հանդեպ։ Մեկն ասում է խումբը կա, մյուսը՝ չկա։ Ադրբեջանն այդ խմբի անդամներին արցախյան 2-րդ պատերազմից հետո համարյա քշեց Բաքվից։ Ռուսաստանի ներկայացուցիչը երևի կանխազգալով Ալիևի ստորացնող քայլը, բացակայում էր։ Եվ ի՞նչ, ոչինչ։ Ադրբեջանի տիրակալն էլ բոլորին ի լուր հայտարարեց՝ չկա Ղարաբաղի հարց, այն զենքով լուծված է։

Եվ ի՞նչ, ոչինչ։

Նա դա կրկնեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման քննարկման ժամանակ Ռուսաստանի նախագահի ներկայությամբ։

Եվ ի՞նչ, ոչինչ։

Հայ գերիները շարունակում են մնալ ազերիների բանտերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո շատ ջրեր հոսեցին, եղավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, ադրբեջանցիք մտան Հայաստանի սահմաններից ներս, եկան եվրոպացի դիտորդներ, ՀԱՊԿ-ի ուսումնասիրողներ, Եվրախորհրդի դատապարտող կոչեր ու ՄԱԿ-ի արդարադատության դատարանի Ադրբեջանին դատապարտող որոշումներ։ Եվ ի՞նչ, ոչինչ։

Նավթը հաղթում է արդարադատությանը։ Տիկին ֆոն դեր Լյայենը Ադրբեջանին համարեց իրենց կարևոր գործակից, Ամերիկան ֆինանսապես օգնում է Ադրբեջանին, Իրանի դեմ հանկարծակի կոնֆլիկտը ծագելու դեպքում իրենց ասելով կօգնի Ադրբեջանին, ազերի օդաչուներ են պատրաստում ԱՄՆ-ում…

Ալիևն անցավ իր նախագծած էթնիկ զտման ծրագրի ցնցող քայլերին՝ փակեց Լաչինի միջանցք-ճանապարհը հավատարիմ վայ-բնապահպաններով։ Էլի կոչեր, էլի հայտարարություններ, գալիս են, գնում փորձագետներ, բարձր պաշտոնյաներ, ճիշտ է, այս անգամ նրանց քամակին չի զարկում, դուրս քշում, բայց բողոքում է, թե Հայաստանն ու արցախցիներն են խախտում հրադադարը։

Բացահայտ ձեռ է առնում բոլորին, անունները չթվարկեմ։

Եվ հիմա էլ անցակետ է դրել, իր ձեռքն առել ռուս խաղաղապահների հսկման գոտին։

Նորից սրտակեղեք կոչեր, հայտարարություններ Արևմուտքից, Ռուսաստանից և այլ տեղերից։ Ռուսաստանի փորձագետներն են զայրացել և վերջապես հայտարարում են, որ Ադրբեջանը փորձում է ռուսական ատամի ուժը, Ռուսաստանի ՊՆ-ն է հայտարարություն տարածում։ Փոխում է իր խաղաղապահների հրամանատարին։ Դեռևս ոչ մի արդյունք։ Արևմուտք-Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան իրար մեղադրելու, պատասխանատվու-թյունը միմյանց վրա գցելու է՛լ ֆուտբոլի գնդակ, է՛լ դելիմիտացիա, է՛լ տարբեր թվերի քարտեզների վկայակոչում, է՛լ չգիտեմ ինչ…

Երկակի ստանդարտը վերածվել է եռակիի՝ մի բան մտածում, մի այլ բան ասում, մի ուրիշ բան անում, մի խոսքով՝ պիղատոսություն, ձեռնալվա, մեղքը և պատասխանատվությունը ուրիշի վրա գցել։ Ալիևը «անցակետ» օպերացիայից հետո երևի կսկսի «վերջակետ» գործողությունը, եթե աշխարհի հայերով միասնաբար չգործենք և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ աշխարհի տարբեր երկրներում, ուր հայ է ապրում։ Սա չի նշանակում հույսը պիտի դնենք միայն մեզ վրա։ Դիվանագիտության բոլոր ձևերը հասու են մեզ, ռազմական ուժը զարգացնելուն ընդհանուր հայության ֆինանսական զորությունը ևս կարող է հասու լինել, եթե մեր միջև սև և կարմիր գծեր չենք դնում։

Նոր արտահայտությամբ ասենք՝ ցանցային մտածողության ժամանակն է։

Միմյանց սիրելով և հավատալով մենք կկանգնենք մեզ ատողների, խաբողների և գլուխներս կեղծաբարո շոյողների ու քմծիծաղողների դեմ։

Այդպես չէ՞, Պիղատոս։

                                                                                                          ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ