ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

միջազգային մրցանակ հայ գրողներին
Մարտի 2 – 4-ը Թբիլիսիում տեղի ունեցավ միջազգային գրքի փառատոն և «Իվերիա» գրական – մշակութային միջազգային մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Սուրբ Իլյա Արդարի (Ճավճավաձե) «Իվերիա» թերթի միջազգային մրցանակաբաշխությունը հիմնվել է 2013 թ.-ին Նուգզար Ճիաբերաշվիլիի նախաձեռնությամբ: Մրցանակը հիմնվել է ի հիշատակ Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից 1987 թ.-ին սրբադասված վրաց հանրահայտ բանաստեղծ Իլյա Ճավճավաձեի և ի նշանավորումն նրա հիմնադրած «Իվերիա» թերթի: «Իվերիա» –ն համագործակցում է Եվրոպական միության երկրների հետ, մասնավորապես՝ Իտալիայի, որի շնորհիվ վրաց գրողները հնարավորություն ունեն մասնակցելու իտալական Մատերա քաղաքում անցկացվող գրական փառատոնին: Հայաստանում «Իվերիա»-ի ներկայացուցիչը բանաստեղծուհի, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին է, որի շնորհիվ թարգմանվում են հայ գրողների ստեղծագործություններն ու ներկայացվում մրցանակաբաշխությանը:
Փառատոնի բացումը տեղի ունեցավ Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանում: Մասնակցում էին գրողներ տարբեր երկրներից՝ Իտալիայից, Լեհաստանից, Հայաստանից, Հունգարիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Վրաստանից և Ուկրաինայից: Դահլիճում ցուցադրված էին «Իվերիա» մրցանակի արժանացած լուսանկարիչների աշխատանքները: Փառատոնի մասնակիցները ներկայացրեցին գրքերը, խոսեցին իրենց ստեղծագործությունների մասին, ընթերցեցին բանաստեղծություններ ու հատվածներ արձակ ստեղծագործություններից: Կային նաև փառատոնի հեռավար մասնակիցներ, որոնց ելույթները հնչեցին դահլիճում տեղադրված էկրանից:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Գրողների միջազգային օրը՝ մարտի 3-ին, Իլյա Ճավճավաձեի անվան Վրաստանի պետական համալսարանի դահլիճում: Մրցանակաբաշխության, ընտրության, մրցանակի արժանացած ստեղծագործությունների ու ժյուրիի աշխատանքների մասին խոսեց հիմնադիր Նուգզար Ճիաբերաշվիլին: Ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, ինչպես նաև վրացի գրողներ ու արվեստի գործիչներ: Հանդիսության ընթացքում եղան երաժշտական կատարումներ, ելույթ ունեցան մանկական ստեղծագործական խմբեր, պարային համույթներ, հնչեցին վրացական ազգային ստեղծագործություններ: Մարտի 3-ը Վրաստանում նշվում է որպես Մայրության տոն և զգալի էր մայրերի նկատմամբ իրենց սերն ու նվիրվածությունն արտահայտող երեխաների ոգևորությունը: Նուգզար Ճիաբերաշվիլին գրողներին հանձնեց մրցանակները: Հայ գրողներն արժանացան մրցանակների մի քանի անվանակարգերում: Բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանն արժանացավ մրցանակի «Տարվա բանաստեղծություն» և «Յուրօրինակ հեղինակ» անվանակարգերում, բանաստեղծ Զավեն Պետրոսյանը՝ «Փառատոնի ընտրյալ» և «Սիղնաղին նվիրված լավագույն ստեղծագործություն» անվանակարգերում, իսկ արձակագիր Գոհար Ռշտունին՝ «Լավագույն հայկական ստեղծագործություն» անվանակարգում: Հայաստանից մրցանակի արժանացավ նաև լուսանկարիչ Գագիկ Նազարյանը՝ Վրաստանի մասին իր լուսանկարների համար՝ «Վրաստանը օտարերկրացիների աչքերով» անվանակարգում: Մրցանակների արժանացած հեղինակները շնորհակալություն հայտնեցին գնահատանքի և ստացած մրցանակների համար: «Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որ պետականորեն քրիստոնեություն է ընդունել և այն մեր մշակութային հիմնասյուներից է: Այդ առումով, ինձ համար մեծ պատիվ է հարևան քրիստոնյա Վրաստանում ստանալ Սուրբ Իլիա Արդարի (Ճավճավաձե) «Իվերիա» պոեզիայի միջազգային մրցանակը: Սուրբ Իլյա Արդարի «Հայրենիք, լեզու, հավատք» կարգախոսն ասված է բոլոր ազգերի համար: Բանաստեղծությունը լույսի ներթափանցման պատուհան է, և որքան շատ լինի լույսը մարդկային հոգիներում, այնքան լուսավոր կլինի աշխարհը: Թեև մենք խոսում ու գրում ենք տարբեր լեզուներով, սակայն լույսն համընդհանուր է»- նշեց Հերմինե Նավասարդյանը: Զավեն Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ ժողովուրդների բարեկամության համար մեծ նշանակություն ունի գրականությունը, մասնավորապես՝ պոեզիան, քանի որ բանաստեղծներն ավելի շատ գրում են սիրո և խաղաղության մասին, որ ցանկալի է բոլոր ժողովուրդներին: Նա ընթերցեց Վրաստանի, փառատոնի ու գրողների մասին գրած իր բանաստեղծությունը:
Մարտի 4-ին փառատոնի մասնակից գրողներն այցելեցին Վրաստանի ազգային գրադարան և հանդիպեցին տնօրեն Կոնստանտինե Գամսախուրդիայի հետ: Նա պատմեց գրադարանի, արժեքավոր հավաքածուների, միջազգային համագործակցության ու այնտեղ պահվող բազմալեզու գրքերի մասին: Այնուհետև նա պատասխանեց գրողների հարցերին: Գրողները գրքեր նվիրեցին գրադարանին: Կ.Գամսախուրդիան նշեց նաև Հայաստանի ազգային գրադարանի հետ ունեցած համագործակցության մասին և սիրով ընդունեց Հ.Նավասարդյանի նվիրած ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունների անգլերեն և ֆրանսերեն անթոլոգիաները:
Նույն օրը գրողներն այցելեցին նաև Վրաստանի ազգային ժողով՝ հանդիպելու Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Կախաձեի հետ, ով օժանդակում է «Իվերիա» մրցանակաբաշխությանը: Նա ողջունեց տարբեր երկրներից ժամանած գրողներին՝ նշելով յուրաքանչյուր երկրի հետ Վրաստանի համագործակցության կարևորության մասին: Վ.Կախաձեն խոսեց նաև Հայաստանի հետ՝ որպես հարևան երկրի, ունեցած եղբայրական կապերի մասին: Գրողները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության և «Իվերիա» մրցանակաբաշխության համար, ասելով, որ բացի գրականության գնահատանքից, այն նաև առիթ էր տարբեր երկրների գրողների ծանոթության, ճանաչման և հետագա համագործակցության համար:
Թբիլիսիիում հայ գրողներն այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Մեծ բանաստեղծի կենդանության ժամանակ նրանով շնչող տունն այժմ էլ թումանյանական շունչ ու հոգի է պարգևում ու իր հավերժական լույսով ամեն հայի սիրտ լցնում:



