ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՅ ԳՐՈՂԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ Սայաթ  – Նովայի անվան մրցանակը հայ գրողին

Մայիսի 5-10-ը Վրաստանում տեղի ունեցավ  միջազգային գրական փառատոն, որին հրավիրվել էին գրողներ, թարգմանիչներ և գրականագետներ Իտալիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լատվիայից, Ղազախստանից, Թուրքիայից, ինչպես նաև Հայաստանից: Ըստ էության՝ հաշվի էին առնվել Վրաստանի և այդ երկրների վերջին տարվա արժանահիշատակ գրական նորույթները և դերակատարությունը գրական կապերի ասպարեզում: Հայաստանից հրավիրվել էին ՀԳՄ նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծ, հրատարակիչ Անուշ Վարդանյանը: Վերջին տարում հրատարակվել է Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» ժողովածուն,  որն ընդգրկում է Վրաստանի, նրա գրականության ու մշակույթի վերաբերյալ արձակ ստեղծագործություններ, բանաստեղծություններ, էսսեներ, հուշեր, թարգմանություններ վրաց բանաստեղծներից և հոդվածներ: Գիրքը հրատարակվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում (տնօրեն Անուշ Վարդանյան):

Փառատոնի բացումը տեղի ունեցավ մայիսի 5-ին Վրաստանի գրողների միությունում: Եղան տարբեր երկրների գրականության ընթերցումներ: Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի շնորհանդեսը: Ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, բանաստեղծ Բաղաթեր Արաբուլին, ընթերցվեցին թարգմանություններ գրքից: Հանդես եկավ  Էդվարդ Միլիտոնյանը՝ ներկայացնելով գիրքը: Մաղվալա Գոնաշվիլին Էդվարդ Միլիտոնյանին հանձնեց Վրաստանի գրողների միության Սայաթ – Նովայի անվան մրցանակը հայ-վրացական մշակութային և գրական կապերում ունեցած զգալի ներդրման համար: Հայ գրական օրվա ընթացքում Բաղաթեր Արաբուլին ընթերցեց Անուշ Վարդանյանի բանաստեղծությունների իր թարգմանությունները, հայերեն կարդաց հեղինակը: Ի միջի այլոց, այդ օրերին գրած Անուշ Վարդանյանի «Իբերիա» բանաստեղծությունը հնչեց տարբեր հանդիպումներում՝ Բաղաթեր Արաբուլիի թարգմանությամբ: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Փառատոնի օրերին գրողները ընթերցումներով հանդես եկան տարբեր վայրերում: Հիշարժան էր հատկապես Իլյա Ճավճավաձեի հայրենի Ղվարելի գյուղի տուն-թանգարանի միջոցառումը, որտեղ ելույթ ունեցան նաև Վրաստանի երիտասարդ  և ավագ բանաստեղծները: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ Թբիլիսիի քաղաքապետարանի դահլիճում, ներկա էին քաղաքական, հասարակական և մտավորական գործիչներ: Փառատոնի մասնակիցներին հանձնվեցին Վրաստանի միջազգային գրական փառատոնի դափնեկրի ոսկե մեդալներ: Փառատոնը կազմակերպված էր բարձր մակարդակով և ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձան նրա աշխատանքներին: