ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Երկար տարիներ մեզ թվում էր՝ ազատ Հայաստանի մասին երազանքի իրականանալը չենք տեսնի: Մենք, իհարկե, հասկանում էինք, որ խորհրդային պետությունը վաղուց վերածվել է կավե ոտքերով հսկայի, բայց որ փլուզվելու է մեր աչքերի առաջ՝ չէինք հավատում: Փլուզվեց: Եվ դա կատարվեց ոչ միայն մեր ենթադրածից ավելի վաղ, այլև, ամենակարևորը՝ առանց զոհի, առանց արյան, առանց տառապանքի:
Դա ինձ համար եղավ առաջին՝ հաճելի, ցնցումը: Հայ ժողովուրդը (համենայնդեպս, նրա լավագույն մասը), որ դարերով երազել էր սեփական պետականության մասին, առանձնապես Առաջին հանրապետության կորստից հետո (դավաճանության ու արտաքին ագրեսիայի արդյունքում), դարձավ իր ճակատագրի տերն ու տնօրինողը: Աշխատասեր, գործունյա, տաղանդավոր, քարից հաց քամող ժողովուրդը հնարավորություն ստացավ իր երկիրը դարձնել ուժեղ ու ծաղկուն հայրենիք համայն հայության համար:
Իսկ մենք ինչպե՞ս օգտագործեցինք այդքան երկար սպասված հնարավորությունը: Իմ խորին համոզմամբ՝ ծայրահեղ ապաշնորհ կերպով: Դա ինձ համար դարձավ երկրորդ՝ սարսափելի տհաճ, ցնցումը:
Քառորդ դար այդպես էլ ոչ մի հարցում ու ոչ մի կերպ չկողմնորոշվեցինք: Ինչպիսի՞ երկիր ենք կառուցում: Ինչպիսի՞ տնտեսությամբ: Որո՞նք պիտի լինեն գերակա ոլորտները: Ինչպիսի՞ բանակ ենք ստեղծում: Գիտակրթական ինչպիսի՞ համակարգ: Ինչպե՞ս, ի՞նչ միջոցների ու պաշարների հաշվին ենք մտադիր շարունակել մեր մշակութային ավանդույթները: Ինչպե՞ս ենք Սփյուռքի լավագույն ուժերին, ուրիշ երկրների ու ժողովուրդների բարօրության համար աշխատող մեր հայրենակիցների ստեղծագործական ներուժը ներգրավելու պետականաշինության մեջ: Կարելի՞ է արդյոք ապրել՝ չունենալով և ոչ մի ծրագիր, չտեսնելով որևէ հեռանկար: Հնարավո՞ր է լողալ փոթորկոտ օվկիանոսում առանց կողմնացույցի, անառագաստ ու անղեկ:
Այսօր Հայաստանը կոռուպցիայի մեջ ընկղմված անկենսունակ տարածք է կլանային-օլիգարխիկ կառավարմամբ ու բռնադատող հզոր ապարատով, որտեղ տարեցտարի բացահայտ ու անամոթաբար կեղծվում են ընտրությունների արդյունքները, որտեղ սեփական քաղաքացիներին վերաբերվում են անթաքույց անբարյացակամությամբ, որտեղ ժողովրդագրական աղետը ոչ թե մեր դուռն է թակում, արդեն մտել է մեր տունը…
«Ամոթ է լինել տանտեր տանը, որտեղից փախչում են զավակներդ»,- ասել է Հրանտ Մաթևոսյանը: Սակայն իշխանությունների կողմից իրավիճակը փոխելու չնչին ցանկության դրսևորում անգամ չկա: Իսկ ժամանակն անցնում է անվերադարձ և նրա հետ՝ կորսված հնարավորությունները…
Համահայկական տագնապ հնչեցնելու ժամանակը չէ՞ արդյոք…