ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՆ

Խորենացու ողբի հորդորները մոռանալով` չորս թագավորություններ, ասել է՝ անկախություն կորցնելուց հետո, միջնադարում փարվեցինք Ներսես Մեծի երազին և 200 տարի կաթողիկոսական դիվանագիտության նախաձեռնությամբ պատվիրակություններ ուղարկեցինք եվրոպաներ` վաստակելով անզոր ու խնդրատու ժողովրդի համբավ: Մեծն Իսրայել Օրին ի վերջո պատռեց երազանքների քողը և մեր մտածողություն բերեց քաղաքական շահ հասկացությունը: 19-րդ դարում ազատության պայքարին զինվորագրված նվիրյալները զենք, երկաթե շերեփ գաղափարը հասունացրին և անտեսելով, զգուշանալով Հայկական մարզ, Երևանի նահանգ կազմավորած ծավալապաշտ պետությունից՝ կռում էին մեր ապագա անկախության վեմը: Մայիսյան հերոսամարտերը անպաշտպան ժողովրդի կատարյալ հերոսության արդյունքն էին, և ծնվեց մեր մանուկ ու չորս կողմից շրջափակված Ազատ ու Անկախ պետականությունը:
Համաշխարհային սոցիալիստական հեղափոխության ասպետները, սակայն, արյամբ ձեռք բերված անկախությունը վաճառեցին մեր ոխերիմ թշնամուն և, որպես հուշ փառավոր անցյալի, մի փոքրիկ հողակտորի վրա Հայաստան անունը հռչակեցին: 70 տարի հոգեբանական ու քաղաքական քենոտ իրավիճակը ավարտվեց հոգևոր հենքից զուրկ կայսրության կործանմամբ, և արցախյան ազատագրության ելած ժողովուրդը կերտեց իր նոր անկախությունը:
Թվում էր, թե 1588 տարիների պատմության ոդիսականը կստիպի մեր նորօրյա առաջնորդներին սերտել բաժին հասած ժառանգության դասերը, սակայն նույն քենոտ քաղաքականության հարվածների տարափով քայքայեցինք գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, 15 հանրապետություններից միակն էինք, որ մեզ կեղեքած կայսրության պարտքը վճարեցինք և պարտքի դիմաց նվիրաբերած ձեռնարկությունները հանձնելով` հարյուր հազարավոր մարդկանց կանգնեցրինք սովի առաջ: Մութ ու խավար տարիներին կտրեցինք անտառները, ցամաքեցրինք Սևանը, վայրիվերո կողոպտեցինք ձկնապաշարը, իրար դեմ ոտքի ելանք, «գրավյալ» տարածքները զիջելու գնով անկախությունը պահպանելու տեսակետ մշակեցինք, մոռանալով, որ գրավում են ուրիշի հողը, իսկ մենք Հայրենիք ենք ազատագրել, և անհեռատես քաղաքականության արդյունքում կանգնեցինք փոխզիջում կոչված ընտրանքի առաջ: Քսանհինգ տարի չկարողացանք տեղական արդյունաբերություն ստեղծել, չկարողացանք, որովհետև հեշտ ու շահավետ էր ներմուծումը: Բազմաթիվ այլ «նորամուծությունների» պատճառով իշխանությունը օտարացավ ժողովրդից, օրհացի կարոտ ժողովուրդը սկսեց գաղթական դառնալ, բևեռացումը գնալով խորացավ, և բուրգի գագաթին կանգնածները թալանված երկրում հաստատեցին իրենց իշխանությունը:
Այսօր նոր Խորենացու անհրաժեշտություն չկա: Ողբը խորացել ու տարածվել է: Հիմնավորվել են անպատժելիությունն ու անօրինականությունը: Միակ բանը, որ կատարելագործվում է, ընտրությունները կեղծելու մեխանիզմի հստակեցումն է: Մարդկանց օրհացի պահանջը գնահատվում է որպես ընդվզում, բարեպաշտ մարդկանց, գործիչների ջանքերով մի կերպ պահպանվում է հոգևոր հայրենիքի գաղափարը:
Ինչքան կտևի այս անհավասար պայքարը, հասկանալի է, բայց 10 000 մարդկային կյանքով ձեռք բերված անկախությունը օր օրի նոր վտանգներով է «հարստանում»: Ժամանակն է, որ գիտակցենք` ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ է, նա երբեք չի ների իր օրինական իրավունքը խաթարողներին… սա ապացուցված ճշմարտություն է…
Ծնունդդ շնորհավոր, իմ ժողովրդի բազմադարյա երազանքի առհավատչյա, իմ 25-ամյա անկախություն, թող ԱՄԵՆԱԿԱՐՈՂԸ օգնի իր ընտրյալ ժողովրդին, որ կարողանա հաղթանակով ավարտել այս նոր փորձությունը` անկախությունը պահպանելու փորձությունը…