ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  25 ՏԱՐԻՆԵՐԸ

imgresԴիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ի՞նչն էր, որ տրվեց, ու չվերցրինք:
Հանապազօր հացի պես որոնելին: Ասում էին՝ մեզ հե՞տ եք. ուրեմն, մեզ հետ եք: Մենք էլ թե՝ մե՛զ հետ ենք: Այսինքն՝ իրե՛նց ուզածն էր, բայց մե՛ր արշինով չափեցինք: Ու մնացինք ձեռնունայն:
Գործարան էր՝ փակեցինք, արտ էր՝ չորացրինք, դպրոց էր՝ մանկուրտարան դարձրինք, բանկ էր՝ թալանեցինք, երկիր էր՝ դռները լայն բացեցինք, որ ելնենք ու չդառնանք, ընկեր էր՝ դավաճանեցինք, հավատ էր՝ բռնաբարեցինք, սեր էր՝ թաղեցինք, տուն էր՝ քանդեցինք ու անշնչացանք փլատակների տակ:
Անունը դրեցինք անկախություն:
Սկզբում բառն էր՝ զրնգաց, արձագանքը հասավ սահմանին: Կռիվ գնացինք ու մեռանք, որ հարություն առնենք: Թողեցինք, որ մեռյալները թաղեն մեռյալներին: Ողջերը կախվեցին: Որը՝ փողից, որը՝ աթոռից, որը՝ փառքից, որը՝ բառից: Ինքը, որ պարականոն էր, մնաց թղթին. կարծես ջուր էր և ջուր դառավ, քաշեցինք գլխներիս ու ծարավեցինք: Մեղրի համը ո՞նց իմանաս, եթե հազար ու մի զիբիլ չես փորձել: Ու փորձեցինք՝ բոլ-բոլ: Փորձը փորձանք դառավ ու նստեց մեր ուսերին: Փայեցինք-փայփայեցինք, մեր ափը բաց՝ ձվածեղ արեցինք ու համեղագույն պատառը դրեցինք բերանը, բայց անկուշտ դուրս եկավ: Մեր միջի լավերին, ճշմարիտներին ու արդարներին զոհաբերեցինք միամիտների զոհասեղանին:
Մեղրն ու թույնը, որպես բալասան, անարատ պահեցինք ու իրարից անբաժան՝ հար և նման մտրակի ու բլիթի խորամանկությանը, քանի որ սերն ու խիղճը պահ տվեցինք քարայրին՝ որպես ժամանակավրեպ ավելորդություններ: Մեր լեղին մեզ քայքայում է, մեր մեղրը շարունակ մի կաթիլի հիշողությամբ է ծորում, դրա համար էլ անվերջորեն անկախացման շեմին ենք: Ուր որ է՝ կլինի: Եվ երբ լինում է, հեքիաթի «չի լինումը» ծանր ու ժանգոտ կողպեքի նման կախում ենք վզից՝ նետում հեղեղատը:
25 տարվա աքսոր է, որ կամավոր ենք քշվել: Երազանք ենք կարծել, իրական է՝ բիրտ: Կոկել-կոկիկացրել ենք, որ պոզերը չերևան, բայց ինքը մեզ վրա թքած ունի: Զորեղների աշխարհում արդարության դեմքը փոփոխվում է ըստ պահանջի:
Անկախությո՜ւն՝ գոռացինք. այդ օրվանից մինչև այսօր ու մինչև մահ-գերեզման պիտի գոռանք, պիտ կրկնենք սխալները մեր:
Լինելու է: Լինելին Հայաստանն է, որ այլոց մարզպանությունից պետություն է դառնալու:

ՆԱնե-280x120ՆԱՆԵ

Քսանհինգ տարի առաջ անկախության մեր դարավոր երազը, թվաց՝ այլևս մեկընդմիշտ մերն է որպես իրականություն: Քսանհինգ տարի անց (նաև այդ տարիների ընթացքում շատ անգամներ) նորից ոտքի ելանք՝ Սասնա Ծռերի, ցավոք, շուտ մեղմացած խենթ ու խելառ պոռթկումով ու… կրկին անկախության տենչով: Որովհետև «անունը կա՝ ամանում …» այդպես էլ չկա ու չկա…
Որովհետև այժմ էլ, ինչպես խորհրդայինի երկաթաբռունցք տարիներին, մեր Տան բոլոր բաց ու ծածուկ անկյունները ոտնատակ արած անցուդարձում են օտարները, իրավունքով հնչեցնում մեր երկրի և՛ առաջին, և՛ ընթացիկ խոսքերը (Աստված վերջինից պահի), ավելի ճիշտ՝ առարկություն չհանդուրժող մի տիրոջ պես, ազդու շշնջում՝ մեր գլխին իրենց տեր կարծողների ականջներին…
Որովհետև եթե առաջ գոնե կախյալ էինք մեկ տիրողի կամքից, հիմա… ո՛րը թվեմ, ո՛րը թողնեմ…
Բայց … ապրելու ենք. քանի երազ ունենք՝ մեզ վերջ չկա…
Էլ չասած, որ՝ հիմա երազից ավելին է մեր ունեցածը. դե գոնե՝ «անունը կա..»: Եվ… ինչքան էլ կիսատ-պռատ, ինչքան էլ կես շունչը միայն բերանում, ինչքան էլ դեռ երազի պես թափանցիկ ու հազիվ շոշափելի, բայց կա…
Ու թանկ է, անչափ թանկ. մենք մեր որքան առյուծ-այրերի արյան գինն ենք վճարել այդ երազելի անկախության համար…
Եվ հետո. Բառն անգամ ուժ ունի, եթե հատկապես հավատով ու վստահությամբ է հնչեցվում…
Այնպես որ… շնորհավոր Անկախության մեր տոնը, սիրելինե՛րս… Շնոր-հա-վոր…

imgres Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

25 տարի առաջ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, որն, իրոք, նշանակալի երևույթ է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ: Քանի որ ես այժմ ավարտում եմ իմ 30 տարիների աշխատանքը` «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը, ապա արցախյան եզերքի հետ հայ ժողովրդի անկախության հասնելու երևույթը դիտարկում եմ նաև V դարի խորքից: Այն ժամանակ հայ նախարարներն ու կաթողիկոս Սահակ Պարթևը նամակով դիմեցին Պարսից արքայից արքային, որ իրենց թագավոր պետք չէ, թող մի կառավարիչ ուղարկի… Իսկ զուգահեռ Արցախ-Ուտիքում գոյություն ուներ հայկական կիսանկախ երկրորդ պետությունը՝ «Աղվանից թագավորություն» անվան տակ: Տրտու գետահովտի իշխանական Վաչականյան տոհմի 11 ներկայացուցիչները շուրջ 260 տարի ժառանգաբար Պարսից արքունիքում ստանում էին թագն ու որպես կին` արքայից արքայի դստերը, վերադառնում հայրենի եզերք, այս կերպ պահպանում հայոց պետականության գաղափարը: Մեր հայրենիքի արցախյան հատվածը, երբ ընդհանուր հայրենիքը վտանգի մեջ էր, կրկին ստեղծում էր իր անկախ կամ կիսանկախ պետականությունը, այդպես պահպանում դարերի խորքից եկող հայոց մշակույթը, հավատը դեպի պետականությունը: Ես համոզված եմ, որ եթե 1991-ին Հայքում ու Արցախում չստեղծվեր պետականություն, ապա անհնար կլիներ դիմագրավել Բաքվի կողմից պարտադրված պատերազմին:
Մենք հաճախ ենք դժգոհում պետության որակից: Ինքս էլ եմ հաճախակի հայտնում իմ բողոքը պետական այրերից, նրանց վարած քաղաքականությունից: Բայց երբեմն էլ մտածում եմ՝ մեր հանրությունը այսքանն է կարողանում անել: Մեր համընդհանուր բարոյական կերպարը ու նրա արդյունք համընդհանուր մտածելակերպը միայն այսքանին են ունակ: Եթե V դարում հանրությունն այն ուժն ու մշակութային կարողությունը չի ունեցել, որ հոգևոր ու աշխարհիկ տերերին թելադրի իր կամքն ու պահպանի պետականությունը, ուրեմն՝ 1500 տարիների ընթացքում այս ուղղությամբ մեր հասարակության մտածելակերպի մեջ զարգացում չի՞ եղել: Եթե այսօր հանրությունը հանդուրժում է օլիգարխների կողմից համատարած կոռուպցիան, բարոյահոգևոր անկումը, որը սպառնում է երկրի անվտանգությանը, ուրեմն և թույլ կտա, որ որևէ տեղից «Մի մարդ ուղարկեն, որ կառավարի իրենց…»:
Ամեն ինչի հիմքը որպես ամբողջական օրգանիզմ հանդես եկող հանրության բարոյահոգևոր վիճակն է: Երբ հանրությունը կտրվում է դարերի ընթացքում ստեղծված իր մշակույթից, մարդիկ արհամարհում են գիրքը, գրականությունը, գրողի խոսքը այլևս արժեք չի ունենում, պետական այրերը իրենք են վերածվում օլիգարխների, պետական շահը տասներորդ պլան է մղվում, քաղաքական վերնախավը սերտաճում է միայն իր սեփական շահերը տեսնող օլիգարխիայի հետ, որին հետևում է բարոյահոգևորի է՛լ ավելի անկումը, պետության թուլացումը, տնտեսական անկումն ու անվտանգության նկատմամբ սպառնալիքները:
Երկրի անկախությունը ամենօրյա խնամք, խելամիտ ներքին ու արտաքին քաղաքականություն, մտավոր մարդկանց ճիշտ գնահատել ու ըստ ունակության տեղաբաշխել է պահանջում:
Սակայն երբ այդ պետական այրերը ճիշտ չեն ընտրվել, նրանք կարո՞ղ են ճիշտ կադրային քաղաքականություն վարել…

imgresԶավեն ԲԵԿՅԱՆ

Մանկությանս տարիներին շատ եմ ափիբերան համրացած հետևել լուսատտիկի հրաշքին, խորհրդավոր՝ մորզեական այբուբենի առկայծումներով մեզ ինչ-որ բան հայտնելու լուսատտիկի հնարավոր ջանքին, երբեմն հաջողվել է որսալ եղինջի մի թփի վրա ու երկյուղած ուսումնասիրել այդ միջատի նեոնային լուսապատ որովայնը…
Բայց ի՞նչ կապ ունի այս պատկերը… մեր անկախության տարեդարձի հետ: Ունի: Նախախնամությամբ մենք աշխարհի լուսակիր, առաքելություն ունեցող ազգերից մեկն ենք և հայոց «դժվար լեռներում» (Հովհ. Թումանյան) խնդիր ունենք մեր լույսը անմար հասցնելու այն քաղաքակրթական հանգրվանին, որն Աստծուն է հայտնի: Մեր պատմությունն ընթանում է լուսատտիկի առկայծումներով: 1828 թ.-ից առաջ մեր լույսը դարերով ծածկված էր իրանաթուրանական գրվանով, այդուհետև՝ նաև ցարականով: Միայն 1918-ին հնարավորություն ստացանք շարունակելու մեր պատմությունն ընդհատված տեղից մինչև 1920 թ., որից հետո էլ մեր լույսը մնաց բոլշևիկյան գրվանի տակ: 25 տարի առաջ նորից առաջ շարժվեցինք ընդհատված տեղից, երբ կողերից մեզ խփում էր խուժդուժ, քաղաքակրթական տեսակետից՝ խլուրդ, թշնամին, իսկ ներքևից… մեզ արդեն խփել էր մեր սեփական հողը, որ ժամանակին անգթորեն դավաճանել էր նաև Փոքր Մհերին՝ թալկանալով նրա ոտքերի տակ (նկատի ունեմ ահավոր երկրաշարժը, որ մենք հաղթահարեցինք):
Այսօր մենք արցախյան հիմնահարցի մաքառումների մեջ ենք: Թուրքական «ալյանսը» խոսում է Արցախից, բայց աչքի տակ ունի առհասարակ հայկական պետության չգոյության իր փայփայած երազը: Մեր դաշնակից պետության պալատական յալանչին (լարախաղացին կապկողն է – Զ.Բ.)` Ժիրինովսկին, վերջերս մեր երեսով տվեց ռուսաց պատմական օգնությունը՝ մեզ փրկելու առումով, երախտամոռաբար չհիշելով, որ միայն Հայրենական մեծ պատերազմում մեր սուղ թվաքանակից 300 հազար զոհ ենք տվել՝ իր բոլշևիկյան կայսրությունը պաշտպանելու համար…
Եվ հիմա, այս իրավիճակում, մենք իրավունք ունե՞նք լինել այսքան թափթփված, անտիրական՝ պետություն կառուցելու գործում, թե՞ արդարացնում ենք թշնամու հին չարախոսությունն առ այն, որ հայերը պետություն կառուցելու ընդունակ չեն… Պատմական իրավիճակը նույն լարվածն է, և յուրաքանչյուրս պիտի մոբիլիզացված ու ձիգ լինենք նժդեհյան զինվորի նման (մի քանի ամիս հետո լիիշխան Ազգային ժողով ենք ընտրելու-ի՞նչ հումքից…): Իրավունք ունե՞նք անտերության մատնելու մշակույթը, մասնավորապես՝ գրական գործը, որ այս վիճակում չի եղել նույնիսկ Պատրիկյանի օրերին:
…Առջևում պիտի տեսնենք մեր, այսպես կոչված, խարիզմատիկ ճերմակ ձիավորին, որին պիտի հավատանք և որին պիտի հետևենք, զի առանց հավատի ամեն ինչ ապարդյուն է: Ո՞ւր է Նա…

imagesՖելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայաստանի անկախության քառորդդարյա հոբելյանի առթիվ ուզում եմ հայտնել իմ ջերմ սերն ու հարգանքը Հայոց սահմանների պահպանության դիրքերում աչալրջորեն ու հաստատուն կանգնած Հայորդիների հանդեպ:
Հիրավի վեհ ու բարձրագույն է հայ զինվորի կոչումը: Նվիրյալ անձինք, որոնց կարիքն ունեցել ենք մշտապես և անհրաժեշտաբար:
Հայոց բնօրրանում իրենց երկիրը պահելու և չծնկած ապրելու պատգամը զավակներին փոխանցող առաջինները Թորգոմյան տան հայերն էին: Բոցաշունչ ելավ հայկական կտակը անցյալի խորքերից, անցավ դարերի հողմերի միջով` դառնալով ուղեկիցը դեպի հավիտենություն գնացող հայության երթի: Այդ երթը շքեղորեն պատկերացնող հայորդին, որ հայոց ոգեղեն աշխարհներում էր փնտրում գոյության գրավականը, զինվոր դարձավ: Հետո` զորավար, սպարապետ: Եվ հնչեց նրա ասելիքը իբրև Թորգոմյան տան շարունակվող պատգամականչ, թե` «…Արթնացե՛ք, ապավինե՛ք ձեր ուժին ու արժանապատվությանը, Ագռավաքարից դուրս գալու ժամանակն է»:
Արթնացան երկիրը պահողները, ովքեր արժանի զավակներն էին նրանց, ում քաջության սահմանը զենքի մեջ էր, նրանց ոգին առաջ էր թռչում մարմնից, և կրակադաշտերը վեր էին ածվում Հայոց ոգեղենությունը կարծրաբար կռող քուրաների: Այդ քուրաների մեջ իրենց մարմինն անվերադարձ լքող հոգիներ եղան, որոնց առջև գլուխ խոնարհելու ժամանակը սահմաններ չի ճանաչում:
Հայոց լուսավոր ապագային ընդառաջ տանող ճանապարհն այսօր էլ անպայմանորեն անցնում է գլուխը վեր, ճակատը` բաց, և հաստատորեն կանգնած հայ քաջորդիների շարքերի միջով: Այն շարքերի, որոնք էլ պատվարը դարձան Հայոց անկախ գոյատևումի: Գոյատևության մասին թեքեյանական չափածոն մղձավանջային փոշեծածկույթից դուրս գալու այսպիսի դեղատոմս է առաջարկում.
Կարենալու համար ապրիլ այսուհետեւ,
Օդի, ջուրի, հացի նման`
Մենք պէտք ունինք հպարտութեան:
Հայոց հպարտության պակասը լրացնող միավորներն են մեր քաջարի զինվորները` երկիրը պահող հայորդիները` օդի, ջրի և հացի նման անհրաժեշտաբար: Դրա վառ ապացույցն էր ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ կրակե քուրայում էր ոգու փորձությունը:
Զինվորի կոչումը ոչ միայն ռազմակոչի, այլև խաղաղ օրերի մեջ ևս ուժի, կորովի, հույսի աղբյուր է: Նրա գոյությունն անգամ արդեն իսկ հաղթանակ է:
Թող հզոր և անպարտելի լինեն երկրի պաշտպանության զինվորագրյալները, որպեսզի լույսի և խաղաղության մեջ արարումների գնա Հայոց գիտական միտքը, հոգևոր շնորհը, ազգային կեցվածքը: Թող ուժը ծաղկի հայոց միասնության մեջ, որ ազգովի դառնանք հզոր և անպարտելի:

photoՄԱՆԱՍԵ

53 թ., Հայաստան: Հայոց արքա Արտավազդ Բ-ն, որ «…նույնիսկ ողբերգություններ էր հորինում, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», և պարթև Որոդես Բ-ն` ընդդեմ հռոմեացիների դաշնակցում էին, հաճախ էին խնջույքներ կազմակերպում ու, ըստ Պլուտարքոսի, խրախճանքների ընթացքում բեմադրում էին հույն թատերագիրներից որևէ երկ: Գինարբուքով ուղեկցվող «Բաքոսուհիների» (Եվրիպիդես) ժամանակ նրանք ականատես են դառնում բացառիկ մի տեսարանի, որ հետագայում ողբերգազավեշտորեն պիտի կրկնվեր համաշխարհային պատմության մեջ, ու դեռևս պարզ չէ ինձ` սա ինչպե՞ս կարելի է անվանել: Սրահ է մտնում պարսիկ մի զորավար ու արքաների ոտքերի առաջ նետում Արևելքում հռոմեական զորքերի գլխավոր հրամանատար Մարկոս Կրասոսի գլուխը: Ներկաները կարծում են` Կրասոսի կտրած գլուխը նույնպես «մտնում» է բեմադրության մեջ ու… ծափահարում են:
1865 թ., ԱՄՆ: Նոր է ավարտվել Հյուսիսի և Հարավի պատերազմը: Զատիկի Մեծ ուրբաթն է: Աբրահամ Լինքոլնը թատրոնում է` «Մեր ամերիկացի զարմուհին» կատակերգությունը դիտելու: Պրեզիդենտը նստած է օթյակում: Մոտենում է նրան դերասան Ջոն Բուտը ու կրակում ուղիղ Լինքոլնի գլխին: Խառնաշփոթի մեջ Բուտը հասցնում է օթյակից ցատկել բեմ, կաղալով անցնում է հանդիսատեսների աչքի առաջ ու լատիներեն բացականչում` սա է բոլոր բռնակալների վերջը: Քչերն են կռահում` ինչ կատարվեց: Աբրահամ Լինքոլնը սպանված է: Թատերասրահում ոմանց համար կատակերգությունը, կարծես թե, շարունակվում է ու… ծափահարում են:
2002 թ., Ռուսաստան: Մովսար Բառաևի գլխավորությամբ՝ չեչեն ահաբեկիչները Մոսկվայի թատերական կենտրոններից մեկում պատանդ են վերցնում «Նորդ օստ» մյուզիքլի հանդիսականներին, որոնց մեջ շատ էին դեռահասներն ու երեխաները: Պահը, իրոք, աղետալի էր, կհիշեք, երևի: Բայց մինչ այդ, երբ չեչեն «մահապարտները» մտնում են բեմ ու սկսում նախազգուշական կրակոցները, կինոթատրոնում գտնվող ժողովուրդը, կարծելով, թե դա ներկայացման մի «մասն» է… ծափահարում է:
«Բաքոսուհիների», «Մեր ամերիկացի զարմուհու», «Նորդ օստի» հանդիսատեսների անխորամտությամբ, համոզված, թե հասկանում ենք` ինչ է կատարվում բեմում, մեր անգիտությունը դարձնելով մեր իսկ ծաղրը, ծափահարո՜ւմ ենք: Ծափահարո՜ւմ ենք մեր անկախությունը, ազատությունը, մեր պետականությունն ու սահմանադրությունը:
Աշխարհում իմ բացակայությունը պատկերացնելով՝ հնարավոր է, որ հուզվեմ ինքնակարեկցումից` չկարողանալով դա արտահայտել: Բայց բավական է տեսնեմ` մեկի ներկայությունը ավելի կարևոր է, քան իմը, հուզմունքս չեմ կարողանում թաքցնել` շտապում եմ նրան հիասթափեցնել, թե իր գերազանցությամբ թող չհրճվի, ինքը նույնքան ոչինչ է այս աշխարհում, ինչքան ես: Այսպես մտածողը, չեմ կարծում՝ հիացմունք կապրի ամենաբարեհարմար գալիքով երաշխավորված որևէ պետությամբ, որ (գեր)գերազանցում է մեզ, էլ չեմ խոսում բարեհարմարությունից հեռու այս թշվառության մասին, որ Հայաստանի երրորդ հանրապետություն է կոչվում՝ իր անկատար անկախությամբ ու ազատությամբ: Ներկան ինձ համար շատ քիչ է, որ ինձ հուսալքություն պատճառի: Գալիքի համար ես եմ շատ քիչ, որ ցանկություն ունենա ինձ կոտրել: Միայն անցյալի փորձն է (հայերի «Բաքոսուհիներից» մինչև ռուսների «Նորդ օստ»), որ ինձ հուսահատեցնում է ներկայի ու ապագայի մեջ: Ով դեռ չի հայհոյել այս պետությանը, իշխողներն իրենք զոռով բացել կտան նրա բերանը, որ հայհոյի իրենց: Ո՛չ փառաբանել, ո՛չ հայհոյել, այլ հասկանալ:
Իսկ հասկանում ենք այնքան, ինչքան 1-ին դարի հայերն էին հասկանում՝ ինչ է կատարվում բեմում, ինչքան ամերիկացիք ու ռուսները, կամ հենց եվրոպացիք են հասկանում` ինչո՞ւ են իրենց պատմության բեմահարթակին հայտնվում «կտրված գլուխներ» (այսօր Իսլամական Պետության «ձեռամբ»)… ու հնչո՜ւմ են սրահներում ծափահարությունները, նույն «ողբերգա-զավեշտական… տեսարան անբաժանելի»:
Պոլոնիո՜ւս, Պոլոնիո՜ւս. «Աշխարհի ամենալավ դերասաններն են, թե՛ ողբերգության համար, թե՛ կատակերգության, թե՛ պատմության, հովվերգության, հովվերգա-զավեշտական, պատմա-հովվերգական, ողբերգա-պատմական, ողբերգա- զավեշտա-պատմա-հովվերգական… քերթված անսահմանափակ: Սենեկան նրանց համար շատ ծանր չի լինի, ոչ էլ Պլավտոսը՝ շատ թեթև: Թե՛ կանոնավորության օրենքի կողմից, թե՛ ազատության տեսակետից սրանց նմանը չկա»:
Երբ զգում եմ` ավելորդ է խոսքս շարունակելը, անցնում են հրամայականի, որ պատշաճության սահմաններում պահեմ նյութը: Այսպիսի մի հրամայական է` մնացածը ինքնե՛րդ խորհեք: