ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  25 ՏԱՐԻՆԵՐԸ

ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  25 ՏԱՐԻՆԵՐԸ

imgresՍուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Քսանհինգամյա անկախության ամենամեծ, նշանավոր վայելքը, նվաճումը Արցախի ազատագրական պայքարի հաղթանակն է, ինքնահաստատումը, որը մեր երկարամյա երազանքն էր, նպատակը:
Քսանհինգամյա ակնառու նվաճումներից է հայկական հզոր, մարտունակ բանակի ստեղծումը և մեր անկախ պետականության ստեղծումը: Անկախության հիմնավոր ձեռքբերումներից է մայրաքաղաք Երևանի, Գյումրու, Վանաձորի, մյուս քաղաքների, Սևանի, Արաքսի, Արագածի, Արարատի, Գառնու, Գեղարդի, բոլոր բնական հարստությունների, նշանավոր տարածքների հավերժական ապահովումը: Վսեմ պատգամի, կախարդանքի պես հնչեց դարերից եկած ու դեպի դարերը գնացող մեր գոյության ամենականգուն սյունը` Մաշտոցյան գիրը: Արժեքավոր է այն վեհ զգացումը, որ ամեն մի անհատ, յուրաքանչյուր հայ ազատ, անկաշկանդ մտածում, արտահայտվում է, քանզի իր երկրի, հայրենիքի զավակն է ու տերը:
Անկախության վայելքներից, նվաճումներից զատ կան բազմաթիվ վրիպումներ, որոնք անհապաղ, արագ վերացնելու կարիքն ունեն: Նշենք մի քանիսը.
Մշակույթին, կրթությանը, գրականությանը վերաբերող շատ հարցեր դուրս են մնացել կառավարության ուշադրությունից: Դժվարացել է գրքերի տպագրությունը, տպաքանակներն էլ դարձել են խիստ սահմանափակ: Գրողների միությունը որքան էլ կամենա, նյութապես չի կարող ապահովել բոլոր շնորհալի, տաղանդավոր գրողների գրքերի տպագրությունը: Խախտվել են գրական երկը գնահատելու չափանիշները, խոտանելի գրքեր են տպագրվում, ինչը բացատրվում է դրամատեր գրականամերձ հեղինակների ակտիվությամբ, որոնք հեղեղում են գրքի շուկան` ապակողմնորոշելով ընթերցողին, դրամի ուժով կարող են բեմ բարձրանալ «աստղ» կոչվածները, երգել, փչացնել ունկնդիրների ճաշակը: Անկախությունը չի նշանակում չափազանց անկախ, ազատ լինել` թողտվության աստիճանի: Ամեն գրող, արվեստագետ պետք է ինքը լինի իր քննադատը, գրաքննիչը, հսկիչը, քանի որ վերացել են նախկին գեղխորհուրդները, «գլավլիտը»:
Ո՞րն է ելքը, ի՞նչ պիտի անել, որ իսպառ վերանա ագահությունը, ընչաքաղցությունը, և հաղթանակի ազնվությունը, արդարությունը, հավասարությունը: Աստվածաշնչի իմաստությունները պետք է դաս ու նշանաբան լինեն բոլորին` հասարակ աշխատողից մինչև պաշտոնյա. «Գողություն մի՛ արեք, սուտ մի՛ խոսեք և իրար մի՛ խաբեք. անունն ավելի ընտիր է հարստությունից, արծաթից ու ոսկուց, շնորհքն է լավ»:
Կյանքում հեշտ ու ազնիվ ապրելու կոնկրետ բանաձևեր չկան, որ անգիր անելով կթեթևանան մարդու հոգսերն ու ցավերը: Ամեն մարդ պիտի ապրի ոչ թե «եսասեր» ուրագի նման` միշտ ձգի դեպի իրեն, այլ «մարդասեր» սղոցի նման` մին ձգի դեպի իրեն, մին` դեպի այլոց:

imagesՍամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արդեն 25 տարի… շա՞տ է, թե՞ քիչ: Մեր բնավորության համաձայն՝ համեմատվենք, բաղդատվենք այլոց հետ ու ասենք՝ թե որ ճապոնացի լինեինք, թե որ հրեա կամ չինացի լինեինք, 25 տարում ինչե՜ր կանեինք: Բայց լինում է, չէ՞, որ երեխան շատ տարիներ, շա՜տ երկար տարիներ մի սիրուն, մի զիզի խաղալիք է երազում ու երբ ունենում է, երբ արդեն իրենն է, վերցնում ու քանդուքարափ է անում, տեսնի՝ մեջն ինչ կա, տեսնի՝ ոնց են սարքել, ինչից է շինված… քանդում ու կանգնում է կողքին: Կանգնում ու էլի երազում է, որ էլի ունենա ու էլի քանդի… Մենք հիմա ազգովի այդ երեխայի վիճակում ենք. կա՛մ քանդեցինք, կա՛մ էլ հրճվանքից, բերկրանքից վեր թռցրինք մեր այնքա՜ն ԵՐԱԶԱԾ խաղալիքն ու մոռացանք նորից բռնել, ու շըրը՜խկ, մենք էլ ջարդուփշուր եղանք խաղալիքի հետ:
Չնայած մեր երազանքի խաղալիքը ահավոր ջարդուփշուր է եղել, բայց ես հանուն մեր հայրենիքի, սրտի չափ պուճուր հայրենիքի, որի համար ուշքս գնում է, ուզում եմ լավատեսություն, հույս ու հավատ ժողովել իմ մեջ (թող լինի բոլորիս մեջ) ու հավատալ մի հրաշագործ վարպետի, որ պիտի, անպայմանորեն նորոգի մեր երազանքի ԷՐԳԻՐ-ԵՐԿԻՐԸ… որ դեռևս ռուբիկ-կուբիկ է:
Էդ հրաշք վարպետի կողքին պետք է բոլորս կանգնենք, խիտ կանգնենք, բռնցքված կանգնենք, գիտակցումով, որ էս ջարդուփշուր եղած երազանքը մեր երկիրն է, մեր հաշմված ծնողն է, հո սայլակին գամված չե՞նք թողնելու. դեղ ու դարման տանք, այստեղ լինենք, կողքին լինենք, ոչ թե գնանք փարիզներում ու ամերիկաներում ապրենք, մի դերասանի նման էլ գրենք. «Այս երկրում ոչ ոք իր տեղում չի, ու ես էլ գալու եմ 70-ամյակս հայրենիքում նշեմ»:
Ուրիշն իր լավ, պուպուշ հայրենիքը մեզ չի տալու, լավ է թե վատ է (մինչդեռ հայրենիքը երբեք վատը չի լինում), սա է մեր ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
…Ես սիրում եմ ինձնից փոքր, իմ 25-ամյա ծնող, իմ 25-ամյա եղբայր, իմ հարազատ Հայաստանը, ես սիրում եմ իմ հայրենիքը՝ իմանալով նրա դժվար երեկը, հասկանալով նրա ծանր այսօրն ու հավատալով նրա կենսական վաղվան: Ամեն երեկո, երբ «գլուխս բարձին եմ դնում քնելու», և ամեն արևագալի, երբ արթնանում եմ, մտածում եմ, թե ինչ եմ տվել ու ինչ եմ տալու իմ երկրին: Իսկ նա ինձ արդեն տվել է, շա՜տ է տվել, ապառիկ է տվել.
– ԻՐ ԶԱՎԱԿԸ ԼԻՆԵԼՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ՏՎԵԼ… ԻՐ ՈՐԴԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՏՎԵԼ…
Ողջունում եմ տոնդ, ՀԱՅՐԵՆԻՔ սիրելի…

imgresԷդուարդ ԽԱՉԻԿՅԱՆ

ՄԵՐ ՔԱՌՈՐԴԴԱՐՅԱ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Ազգովի անցանք 20-րդ դարի, նոր հազարամյակի միջով, ճաշակեցինք ամենակործան երկրաշարժի պտուղները, արյուն տվեցինք-առանք ու… դիմացանք£ Երևի Անկախություն կերտելու ճանապարհին արյունն անխուսափելի է, մանավանդ, երբ դրացին ցեղակից է գորշ գայլերին£ Եվ Հայաստանի, նորանկախ Արցախի դաշտերն ու բլուրները ներկվեցին որդան կարմիրով, քանզի հնչել էր ազգապահպան պատերազմի կոչնակը£ Չէ՛, մահից այլևս վախ չկար, Զարթոնքի շունչն ու Ոգու ուժն էր թևածում Հայոց երկնակամարում£ Իսկ ծառերի բողբոջները պայթում էին հողում թաքնված ականների հետ£ Նվիրյալների շարքում իրենց արժանի տեղը գրավեցին նաև տասնյակ տաղանդավոր գրողներ, որոնք ստեղծարար գրիչը «պատյան» դնելով՝ սուր վերցրին և զինվորագրվեցին Արեգնացայլ Վահագնի անպարտ բանակին£ Դրանց թվում էին երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, արձակագիրներ Լևոն Խեչոյանը, Հովիկ Վարդումյանը և բազում ուրիշներ£ Ոմանք էլ՝ Էդվարդ Միլիտոնյանի, Վրեժ Իսրայելյանի, Ղուկաս Սիրունյանի նման լծվեցին բանակաշինության գործին՝ օր առաջ մոտեցնելով սպասված հաղթանակը:
Իսկ Նպատակը վեհ էր, անանձնական£ 15 թվականի վերքը շարունակաբար մխում էր՝ վառ պահելով անթեղված մորմոքի հիշողությունը£ Ու կամավորների բորբ արյունով ցողվեց արցախյան հողը՝ սնունդ տալով ալ կակաչներին£ 21-րդ դարը դարձավ մեր որձության հավաստումը, և աշխարհին մեկ անգամ ևս հիշեցրինք, որ մեր դարավոր ազգը կաղնու պես երկարակյաց է, երբ նրա մազանոթներով ավշի փոխարեն հոսում է տիգրանյան արյունը£ ՓԱ՜ՌՔ նահատակներին, որոնք կերտեցին մեր փայփայած հաղթանակը՝ հիմք դնելով մեր Ազատ ու Անկախ պետականությանը£ Ճիշտ է՝ ավելին էինք երազում, բայց մութ ու խավար օրերին հաջորդեցին անորոշության տարիները, երբ պատեհապաշտների մի բանակ մորեխի պարսի պես գրավեց տերության կենսական տարածքները՝ սպիտակը սև ներկելով. միայն տառապանքից հետո ես հասկանում երջանկության արժեքը…
Գորշ ամպեր ծանրացան, կարկտահար սարքերն անգամ ի զորու չեղան ցրել խավարը£ Ազգի երկրաշեն եռանդն էլ կարող է կորչել, երբ լցվում է համբերության գավաթը, երբ անտերունչության մատնված գինին քացախ է դառնում:
Առածն ասում է՝ հույսը հիվանդանում է, բայց չի մահանում£
Գիտեմ՝ տողերիս մեջ մելանի թախիծ կա, թեև ուզում եմ հավատալ, որ արհավիրքների միջով անցած ժողովուրդը դեռ տեսնելու է լուսավոր ապագան, երբ ոտքի տակից չի սորա գետինը հանց ավազ, երբ վարկերի խեղդօղակը չի սեղմի մեր երակոտ պարանոցը, երբ սփյուռքահայն արմատներ կգցի իր պապենական, հինավուրց հողում և ոչ թե՝ հակառակը:
Անկախության հասնելը մի պարագա է, այն պահել-պահպանելը՝ ուրիշ:

imgresԱզատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ի՞նչ տվեց մեզ մեր անկախությունը: Պետականության վերահաստատում, միջազգային կապեր, անդամակցություն ՄԱԿ-ում, անկախության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան, դեսպանություններ արտասահմանում, օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ Հայաստանում և այլն: Ստեղծվեց մարտունակ բանակ: Այս ամենը պետք է գնահատել: Ամենից ավելի պետք է գնահատել Արցախի անկախությունը: Դա միանգամայն իրական, շոշափելի նվաճում էր Հայաստանի և հայության համար: Աստված տա՝ այլևս արյուն չթափվի Արցախում և Արցախի համար: Բայց Արցախն այլևս ադրբեջանական հսկողության տակ չի լինի: Խորհրդային տարիներին Արցախում ես շատ սուր եմ զգացել Ադրբեջանի ծանր թաթը մեր հայրենակիցների վրա:
Այս ամենի մասին այսօր չենք կարող մոռանալ: Չենք կարող մոռանալ նաև Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, Հռոմի պապի այցելությունը Հայաստան: Բայց երբ հարց ենք տալիս՝ անկախությունը մեր ժողովրդին տվե՞ց այն, ինչ պիտի տար, պատասխանը շատ է դժվարանում: Առաջինը պետք է լիներ իր երկրի հանդեպ տիրոջ զգացողությունը: Բայց դա չեղավ: Այլապես չէր լինի անտարբերությունը ընտրությունների հանդեպ և չդադարող արտագաղթը: Անմշակ չէին մնա մեր, առանց այն էլ քիչ, հողերը…
Այս ամենը լաց լինելու համար չի ասվում: Հայ ժողովուրդը իր պատմական ճանապարհը շարունակելու համար ունի գլխավոր զենքը՝ պետականությունը: Չի պակասել նաև ժողովրդի ներուժը, ինչն ապացուցեցին ապրիլյան չորս օրերը: Շարքային քաղաքացուց մինչև երկրի նախագահը պետք է մտածեն այդ զենքը և այդ ներուժը հանուն մեր ժողովրդի օգտագործելու մասին:

imagesԱրամ ԱՐՍԵՆՅԱՆ

Դիցուք, անկախության 25 տարիների ընթացքում ունեցել ենք հետևյալ նվաճումները.
– անկախացել է արդյունաբերությունը և անհետացել երկրի երեսից,
– անկախացել են բանվորները, որոնց մեծ մասն արտագաղթել է և ճորտացվել օտար ափերում,
– անկախացել են գյուղացիները և կախյալ դարձել երաշտից, կարկուտից, ջրհեղեղից ու բանկերից,
– անկախացել են գիտնականները՝ չվելով արտերկիր կամ դառնալով որակյալ վարպետ ու վարորդ այնտեղ և այստեղ,
– անկախացել են դասախոսները և կախյալ դարձել կրթական վարձավճարներից,
– անկախացել են ուսուցիչները և հանձնվել աշակերտների գթասրտությանը,
– անկախացել են բժիշկները և մնացել հարուստ հիվանդների գրպանի հույսին,
– անկախացել են արվեստի ծառաները, որոնց ծառայամիտ մասը նոր տեր է գտել, մյուսները մնացել են անտեր,
– անկախացել է բանակը, դարձել անապահով խավի զավակների հավաքական թիմ և սնկի պես աճող գեներալների ու գնդապետների հավաքատեղի,
– անկախացել է ոստիկանությունը՝ քանակով գերազանցելով բանակին և դառնալով իշխանության միակ պահապան հրեշտակը,
– անկախացել է ընտրական համակարգը և դարձել «քանի տոկոս ուզենք՝ կխփենք»,
– անկախացել է իշխանությունը՝ դառնալով «մեր դեմ խաղ չկա»,
– անկախացել են տարրական կրթությամբ ու մտավոր կասկածելի կարողությամբ մականունավորները և դարձել պատգամավոր, գիտությունների թեկնածու ու դոկտոր, նախարար, քաղաքապետ ու թաղապետ և այլն:
Հարց. քանի՞ տարի է հարկավոր այսպիսի անկախությունից անկախանալու համար:

imgresՀակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության տարիները…
Գրեցի ու զգացի, որ այս տողը գրելու բարեբախտությունն է նախ և առաջ որպես վայելում ինձ պարգևել Հայաստանի վերջին քառորդ դարը: Անտարակույս, վերջին 25 տարիներին Հայաստան, հայրենիք, անկախություն բառերը հայ ոգու շարունակականությունը վկայող սրտի զարկեր են, որոնք երդման տեքստ դարձան հայրենյաց զինվոր, դիրքապահ որդուս շուրթերին, ճիշտ և ճիշտ կամավորական Ղազար պապիս պես, երբ նա անսասան կանգնած էր Կիլիկիո լեռներում՝ կուրծքը դեմ տված թշնամյաց հրին:
Հիրավի, իրավունք ու պատիվ ունեմ հինավուրց ազգիս ժառանգը համարվելու: Թեև ներկա աշխարհաքաղաքական, ներքաղաքական, տնտեսական վայրիվերումների մեջ մինչև վերջ չեմ կարող հասկանալ՝ արդյոք ազգիս արժանի՞, թե՞ անարժան ժառանգն եմ:
Իսկ ժամանակը հոսում է… Ավա՜ղ, Հայաստանը շարունակում է մնալ բաց վերք, թեև այն վաղուց պետք է սպիացած լիներ: Ես չգիտեմ՝ որքան կարող եմ սփոփանքի որդի լինել հայրենիքիս վերքին. այս է ապագայի տեսլականիս խռովքը, բայց և չեմ կարող չխորհել, չգրել, որ վերջին տարիները մեջս խմորել են մի տագնապ, տագնապ հայի ինքնության նշան նվիրական արժեքները կորցնելու:
Ամեն դեպքում, հավատում եմ պատմության անարդար ընթացքը փոխող, ազգիս ոգուց ծնված նրա ծուռ զավակների երթին…

300px-Gohar_GalstyanԳոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Իմ սերունդը մի օր, իր ավագների հետ, անկախության համար պայքարի ելավ ու կորուստների գնով ձեռք բերեց Անկախություն£ Պայքարի սկզբում ես ճիշտ և ճիշտ իմ Անկախ Երկրի ներկա տարիքին էի, այսօր՝ այդ թվերի հայելային անդրադարձով՝ 52-ում, ուրեմն՝ մի տեսակ հրաշագործ հայելի անվանեմ անկախության տարիներն ինձ համար, ուր ամեն բան հստակորեն տեսիլվում է՝ դրվագ առ դրվագ պատմելով մեր մասին, օրերի սրընթաց գլխապտույտի հետ վերստին ապրեցնելու համար մեծ ցնցումներից հետո բաղձալի անկախությանը հասնելու մեր անչափելի բերկրանքը՝ թող որ համեմված Արցախյան առաջին պատերազմի վառոդի ու անլույս օրերի կերոսինի հոտով…, թարմացնելու՝ սեփական ճակատագրի տերն ու պատասխանատուն զգալու մեր՝ դեռևս թանկ ինքնավստահությունը, պատերազմը հաղթածի պատիվը՝ գնդակահարված հոկտեմբեր 27-ի դավադիր փամփուշտներով…, հիշեցնելու՝ մեր վերաշտկման ամեն նոր ճիգը՝ նորից ու նորից երկրից արտագաղթող մեր դառնացած եղբայրների ու քույրերի շտապող հրմշտոցով…, վերադարձնելու մեր ամենազոր հավատը՝ մեր սրտերի մեջ փայփայված և ո՛չ այլուրեք, մեր հայրերի տաճարների երեր սյուներին նեցուկ դառնալու փոխարեն՝ Աստծուն զարմացնելու համար տաճարաշեն ու տնաքանդ դարձած մեր արծաթավորի անկասելի թափը կանխելու…, վերստին ճանաչելու համար մեր կամքն ու համառությունը՝ մեր Երկրի վտանգված հոգևոր հարստությանը, մշակույթին, արվեստին, գիտությանը, էկոլոգիային պահապան դառնալու արժանահիշատակ գործերով և՝ համադրելու ավերմունքի ախորժակն ընչաքաղց իշխանավորի՝ անհաղորդ չքավորության կամ հենց իր ձեռքով լլկվածի զրկանքներին…, համեմատելու մեր զավակների վստահ ու համարձակ քայլերը՝ մեր և մեր նախորդների ջանքից առավել, և վաղվա հույսի բողբոջներով սերմնավորելու մեր դժվար երթը…, վերապրելու համար սեփական երկրում վտարվածի ցավը և այդ ցավի բթացումը է՛լ առավել ցավի՝ մարտիմեկյան գիշերվա վերքերի կսկիծով ցավազրկելու…, զգալու մեր Երկրի ուժն ու ձգողականությունը՝ անգամ ցավակենտրոն՝ հարյուրամյա հիշատակի օրերին և հարյուրմեկերորդը «Ավրորա» մրցանակաբաշխության նոր արշալույսի առագաստով, գլուխը բարձր դիմավորելու…, Նարեկացու բարբառի տերը լինելու չափով աղոթելու՝ դառնալու համար տերը Տիեզերական նոր Վարդապետի, Պապին հյուրընկալելու մեր Երկրում՝ լիզելով արդեն անդարմանելի վերքերը Արցախյան երկրորդ պատերազմի…, քսանամյա հերոսների հիշատակի առաջ ամոթահար՝ տագնապելու մեր երկրում արծարծվող դավադիր ծրագրերից…, և նոր մարտիմեկյան գիշերում խոշտանգվելով՝ Սարի թաղում, մեր ազգային Էպոսի նոր ճյուղը գրառելու համար, փողոցներից ու բակերից…, փնտրելու համար մեր նոր վերելքի լույսը, խավարը ճեղքելու՝ դեռ ամեն կողմից կեղծիք գտանելու, բայց Հայրենի հողի սիրով ու՝ հավատով, Սեր մտանելու… Հաց բաժանող ունենալ՝ ահա թե ինչ կա հայելուս մեջ… Իսկ մեր 25 տարվա ընթացքը տիեզերքում՝ պարույրի մեկ կարևոր շրջափուլ է, ավելի կոնկրետ՝ կենդանակերպի երկու շրջադարձ և նորի սկիզբ,- պարույրը պետք է վերև ընթանա՝ Արդարություն, Գթասրտություն, Խաղաղություն և Սեր գտանելու. առաջարկվող մյուս տարբերակները մեզ համար չեն:

imgresՀովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Անկախությունը` մեր դարավոր երազանքը, իրականացվեց հազարավոր նվիրյալների կյանքի գնով: Երբ հրադադարից հետո ոգևորված վերադարձանք` կերտելու մեր երազած երկիրը, ցավոք սրտի, այն գտանք անճանաչելիորեն փոխված: Հարցն այն չէր, որ տնտեսությունը քայքայված էր, գիշերները` մութ, բնակչությունը` քաղցած… Դե՛, պատերազմ էր, շրջափակում, պետական նորաստեղծ համակարգ, անփորձ իշխանություն… Սակայն կար մի հանգամանք, որն ավելի դաժան էր և հետագայում պիտի ունենար իր բացասական հետևանքները: Ամենը մեջ-մեջ էր արված…
Անկախությունը 25 տարեկան է արդեն: Եվ ի՞նչ ունենք: Վերջնականորեն քայքայված տնտեսություն, միլիարդներով պետական պարտք, արտագաղթ, ռազմավարական օբյեկտների կորուստ… Իշխանությունների և բնակչության միջև` թշնամանք: Ոստիկանները պաշտպանում են ոչ թե բնակչությանը, այլ իշխանությանը՝ բնակչությունից:
25 տարում ամեն ինչ վաճառվեց, ինչ հնարավոր էր վաճառել: Մի քանի տասնյակ նախկին «կոմսոմոլներ» ու փողոցի տղերք դարձան միլիարդատեր ու միլիոնատեր: Հարստացան` կողոպտելով սեփական ժողովրդին: Այսօր մեր հանրապետությունը դարձել է համընդհանուր թալանի երկիր: Պետական, ժողովրդական միջոցները թալանում են ամենավերևից մինչև ամենաստորին պաշտոնյան…
Սակայն ամենացավալին ու վտանգավորն այն է, որ մեր ապազգային իշխանությունները վաճառում են նաև հազարավոր նվիրյալների կյանքի ու արյան գնով նվաճված անկախությունը: Հիմա լավ եմ հասկանում, թե ինչպես և ինչու կորցրինք Վանի նորածին հանրապետությունը, ինչպես թուրքերին նվիրեցինք անառիկ ամրոց և զինամթերքի պահեստ Կարս քաղաքը…