Մերօրյա առասպելապատում

Մերօրյա առասպելապատում
Մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ Գոհար Մարկոսյան-Կասպերի հիշատակի ցերեկույթ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ առաջին անգամ հայերեն թարգմանված «Պենելոպե» վեպի (թարգմանիչ՝ Կարինե Խոդիկյան, «Անտարես» հրատարակչություն) շնորհանդեսը:
Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Ռուսլան Սաղաբալյանը, ով հրաշալի գիտեր Գոհար Մարկոսյան-Կասպեր մարդուն, գրողին, նրա ապրած ժամանակը, վստահեցրեց, որ 90-ական թվականների՝ Ղարաբաղի, պատերազմի, շրջափակման և այլ թեմաների մասին ավելի լուրջ, ավելի ճշգրիտ, ավելի զգացմունքային և ավելի հեգնանքով գործ չի եղել: «Հեգնական հայացքով օժտված Գոհարը, գտնվելով հեռվում, տեսնում էր Հայաստանում կատարվող ամեն մի երևույթ և հեգնանքով էր վերաբերվում այդ ամենին»,- ասաց նա՝ գնահատելով Գ. Մարկոսյան-Կասպերին բնորոշ հումորի զգացումը:
Կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանը, փաստելով, որ վերջին քսան տարիների ընթացքում տարբեր լեզվամշակույթներում հայտնվեցին տարբեր հանգամանքների բերումով այլ լեզուներով ստեղծագործող նույն սերնդի հայ գրողներ, ովքեր բերում էին հայ ինքնության, հայկական ճակատագրերի, հայկական կյանքի ու կենցաղի թեման և տարբեր լեզուներով ստեղծում էին հայկականոււթյան նոր տարածություն, նշեց, որ կան մարդիկ, որ կրում են Երևանն իրենց մեջ ու արտահայտում են այդ Երևանը, և Գոհարն այդ մարդկանցից էր: «Գոհարը եվրոպական մի շարք լեզուներով թարգմանված հեղինակ է: Նա կարողացավ պահպանել գրականության գեղարվեստական բարձրությունը, բայց միևնույն ժամանակ լինել մատչելի, ընթերցվող հեղինակ: Տեքստը եթե տաղանդավոր է ու մարդկային, ապահովոմ է քո հաջորդ կյանքը»,- ամփոփեց նա:
Արձակագիր, թարգմանիչ Ռոզա Եղիազարյանը, որը դարձել է «Ելենա» գրքի նախատիպը, խոսեց համաշխարհային գրականության մեջ հայ կին գրողի դերակատարման մասին: Ըստ Ռ. Եղիազարյանի՝ ստեղծագործելով տարբեր ժանրերով, գրականության մեջ Գոհարն իրեն ազատություն էր թույլ տալիս՝ հայ կնոջ կերպարը, հայ կնոջ հեգնանքը ճանաչելի դարձնելով աշխարհին: «Սա երկար տարիների կյանք ունեցող գրականություն է»,- ասաց նա:
Կալլե Կասպերը, շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս գրքի ստեղծման գործում, շեշտեց, որ Գոհարը հիմնականում գրում էր Հայաստանի ու հայերի մասին և հասկանում էր, որ թեև գրել է ռուսերեն, սակայն ընթերցողը գտնըվում է այստեղ: Նրա բոլոր ստեղծագործությունների հերոսները, եթե անգամ ազգություն չի նշվում, դարձյալ հայեր են: Անդրադառնալով վեպին՝ Կ. Կասպերը այն համարեց շատ զարմանալի գործ, որտեղ ամեն ինչ վերածվում է հումորի, և որը պետք է կարդալ դանդաղ և հաճույքով:
Ելույթ ունեցավ Գոհար Մարկոսյան-Կասպերի քույրը՝ Հասմիկ Մարկոսյանը, ով Պենելոպեի նախատիպն է: Նա հուզմունքով խոստովանեց, որ վեպը պահպանել է իր երիտասարդության որոշ պատառիկներ, և ուրախ է, որ գրքում գտնում է հին ընկերներին:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ